Իրինա Ռոդնինա. «Հայաստանում բոլորը չմուշկների վրա կանգնել պետք է սովորեն»

Իրինա Ռոդնինա. «Հայաստանում բոլորը չմուշկների վրա կանգնել պետք է սովորեն»

Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի տասնակի, Եվրոպայի տասնմեկակի, ԽՍՀՄ վեցակի չեմպիոն, գեղասահորդուհի Իրինա Ռոդնինան կրկին Երեւանում է:

Այսօր նա «Sputnik» միջազգային մամուլի կենտրոնում հանդիպեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: «Ես որոշակիորեն ցնցված եմ: Վերջին շրջանում հաճախ եմ գալիս Հայաստան: Նախորդ անգամներն ավելի լուրջ գործերով էի եկել ու երբեք այսքան լրագրողների չէի հանդիպել: Սա ինձ հաճելի է: Ինչպես գիտեք,, անցած տարի Երեւանում բացվեց գեղասահքի մարզակառույց, որին շնորհվեց իմ անունը: Դա հաճելի է եւ պարտավորեցնող: Հասկանալի է, որ ամեն անգամ այստեղ գալիս ես իմ ուղեւորությունը պետք է համաձայնեցնեմ այստեղ չմուշկների վրա աշխատանքի հետ», -ասաց լեգենդար մարզուհին, որին Հայաստանում հիշում, ճանաչում եւ սիրում են:

Հարցին, թե նորակառույց գեղասահքի դպրոցում վարպետության դասեր նախատեսվո՞ւմ են, Ռոդնինան պատասխանեց. «Ես այսօր եղել եմ մարզադպրոցում, տեսել, թե երեխաներն ինչպես են սահում, ծանոթացել եմ խնդիրների հետ: Վարպետության դասերի խնդիր  այս պահին դրված չէ, դա երկրորդական հարց է: Ես խոսել եմ ճանաչված մարզիչ Ելենա Չայկովսկայայի հետ, որի մոտ ժամանակին մարզվել են հայ գեղասահորդները: Նա ցանկանում, երազում է գալ այստեղ, աշխատել, օգնել: Միայն վարպետության դասերով դուք ոչ մի բանի չեք հասնի: Դա գեղեցիկ է մամուլի, երեխաների համար, բայց ոչ լուրջ աշխատանքի: Այստեղ խոսել ենք սեմինարների կազմակերպման անհրաժեշտության մասին՝ մարզիչների, աշխատանքների կազմակերպման: Խորհրդային Միությունում մի անարդար սկզբունք կար, երբ գեղասահք երեխաներին ընդունում էին ընտրությամբ՝ համապատասխանո՞ւմ է, կամ՝ ոչ: Մենք մեկ այլ սկզբունք ենք կիրառելու. չմուշկների վրա կանգնեն բոլոր երեխաները, նույնիսկ մեծահասակները, որպեսզի գեղասահքի որոշակի հմտություններ ձեռք բերեն»:

Հարցին, թե ի՞նչ կասի Եվրոպայի առաջնությունում մրցավարության մասին, որոնցից Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան  եւ նշանավոր մասնագետ Տատյանա Տարասովան դժգոհում էին Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Անաստասիա Գալուստյանին անարդար գնահատականներ տալու համար, Իրինա Ռոդնինան պատասխանեց. «Սկսենք նրանից, որ մենք երբեք չենք քննադատում մրցավարներին եւ չենք քննարկում նրանց: Մենք կարող ենք դժգոհ լինել: Բայց մեզ սովորեցրել են, որ մենք երբեք մրցավարների աշխատանքը չենք քննադատում: Հիմա մրցավարների աշխատանքը բավականին բարդացել է ու այն  ամբողջությամբ համակարգչավորված է: Այլ հարց է, թե անձամբ ես որքանով եմ համաձայն դրան: Առաջ, եթե մրցավարը կարող էր իր գնահատականը տալ եւ որոշիչ կարող էր լինել, հիմա դա անում է համակարգիչը: Դրա համար էլ ժամանակները, երբ մենք էինք հանդես գալիս եւ գեղասահորդը մի քանի անգամ կարող էր չեմպիոն դառնալ, անցել են»:

Մեկ այլ հարցի, թե նա Հայաստանի մանուկների մեջ տեսնո՞ւմ է ապագա չեմպիոնների, Իրինա Կոնստանտինովնան պատասխանեց. «Այդ հարցն ինձ մի հինգ անգամ տվել են այստեղ ու դա ինձ զարմացնում է: Ես կարող եմ տեսնել տաղանդը փոքրիկ մարդու, որ նրան տվել են բնությունը, ծնողները: Մնացածը կախված է իրադրությունից: Մենք տաղանդավոր շատ երեխաներ ունենք, սակայն չեմպիոն դառնում է մեկը կամ մյուսը: Սա ասում եմ ռուսաստանցիների մասին, որոնց մշտապես տեսնում եմ: Իսկ Հայաստանում ես հաճախ չեմ լինում, գալիս եմ մի քանի օրով կամ ժամով: Այդ պատճառով չեմ կարող ասել, թե չեմ տեսնում, բայց չեմ էլ կարող ասել, որ երաշխավորում եմ: Գեղասահքը դպրոցի նման է. երեխան գալիս ընդունվում, տասը տարի սովորում է եւ միայն ավարտական քննությունների ժամանակ կարող ես ասել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք