ՏՏ ոլորտը 55.9% անկում է գրանցել

ՏՏ ոլորտը 55.9% անկում է գրանցել

Ազգային վիճակագրական ծառայությունն (ԱՎԾ) այսօր հրապարակել է ՀՀ Սոցիալ-տնտեսական վիճակը 2016-ի հունվարի ցուցանիշները, որոնք համեմատվում են նախորդ տարվա  հունվարի ցուցանիշների հետ: Ըստ այդմ, այս  տարվա հունվար ամսվա տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա հունվարի համեմատ 5.5%-ով աճել է:

Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ աճել են 5.2%-ով, որից ՋԷԿ-երինը՝ 1.4%-ով, ՀԷԿ-երինը՝ 23.7%, ՀԱԷԿ-ը 0.4%: Հանքագործական արդյունաբերության եւ բացահանքերի շահագործման արտադրության ծավալներն աճել են 75.9%-ով: Իսկ ահա տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրության ոլորտը, որով կառավարության անդամները ամեն առիթով հպարտությամբ են խոսում, այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ անկում է գրանցել 55.9%-ով:  Արտահանումը 5.6%-ով աճել է, իսկ ներմուծումը՝  22.2%-ով նվազել է, իսկ առեւտրաշրջանառությունն էլ նվազել է 13.8%-ով:

Aravot.am-ի հետ զրույցում տնտեսագետ Արտակ Մանուկյանն անդրադառնալով ԱՎԾ-ի ցուցանիշներին եւ 5.5%  տնտեսական ակտիվությանը, նշեց, որ այս աճն այնքան էլ էական ազդեցություն չունի տնտեսության վրա, քանի որ որակական աճ իրականում չկա: Մանուկյանի խոսքերով՝  տնտեսական ակտիվության աճում էականն այն է, թե որքանով է այն երկարաժամկետ եւ կայուն. «Իսկ երբ ուսումնասիրում ենք՝ որակական աճի մասին խոսելն ավելորդ է: Հիմնականում հանքարդյունաբերության ոլորտի ցուցանիշների վրա է հիմնված այդ աճը, բայց բնակչության կենսամակարդակի բարձրացման կամ գնողունակության վրա չի ազդել: Ժողովրդի բարեկեցության բոլոր ցուցանիշներն անկում են գրանցել: Պղնձի միջազգային գներն անկում են գրանցել, ուստի հանքարդյունաբերության աճը պայմանավորված է ավելի մեծ ծավալի հանքաքարի արդյունահանմամբ»:

Ինչ վերաբերում է ներմուծման ծավալների զգալի կրճատմանը, ապա Մանուկյանը նշեց, որ այլ երկրներում ներմուծումը նվազում է փոխարինման շնորհիվ, այսինքն` ներմուծվող ապրանքները փոխարինվում են տեղական արտադրությամբ, ինչը մեր երկրում, մեղմ ասած, չի նկատվում:

Անդրադառնալով էլեկտրաէներգիայի արտադրության աճի ծավալներին, տնտեսագետ Արտակ Մանուկյանն ասաց, որ դիտարկելով սակագնային տարին, ՋԷԿ-երն ավելի քիչ արտադրություն են տվել, քան ՀԷԿ-երն ու Մեծամորի ատոմակայանը, ինչը փաստում է այն մասին, որ ձեռքբերվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքի նվազման հիմքեր կան: Բացի այս, տնտեսագետը նաեւ կարծիք հայտնեց, որ էլեկտրաէներգիայի ծավալների աճը պայմանավորված չէ մեծ քանակով նոր արտադրությունների ստեղծմամբ, այլ՝ պարզապես հանքարդյունաբերության արտադրության ծավալներով, այդ թվում՝ Թեղուտի հանքավայրի շահագործմամբ:

«Հայաստանի էլեկտրական ցանցերի» պարտքերի մասին էլ տնտեսագետը նկատեց, որ ՀԷՑ-ը էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերություններին  պարտք է կուտակել, իսկ ՀԷՑ-ի հետ փոխկապակցված ընկերության պարտքերը մարել է. «Օրինակ` պետական ՋԷԿ-երի, ատոմակայանի, ՀԷԿ-երի գումարները չի տվել, պարտք է կուտակել, իսկ  ՀԷՑ-ի հետ փոխկապակցված ՀրազՋԷԿ-ի գումարները վճարել է: Սա խոսում է այն մասին, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը անգործության մատնվել է, կամ անտեսել է այս խնդիրը: Ուստի, հանձնաժողովի նկատմամբ հանրության անվստահությունն ավելի է խորացնում»:

Ինչ վերաբերում է ՏՏ ոլորտին, տնտեսագետն ասաց. «Մենք պետբյուջեից մեծ գումարներ ենք հատկացնում Գյումրու տեխնոպարկի համար, որը ենթադրում է, որ նմանատիպ ընկերությունները պետք է աշխատեն, աճ ապահովեն, սակայն այս ֆոնին 55.9% անկում է գրանցվում: Այսինքն` այն ոլորտները, որոնք հայտարարվել են գերակա ճյուղ, մեծ հաշվով, չունեն մրցունակություն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք