Լրահոս
Օրվա լրահոսը

Ջհանգիրյան. «Մարտի-1-ին պետական կառույցների դերակատարությունը մինչեւ վերջ քննված չէ»

Մարտ 01,2016 12:37

«Մարտի 1-ի գործով մոտ 90 դատապարտվածներ ունենք, որոնց ճնշող մեծամասնությունը բողոքի ակցիայի մասնակիցներ են եղել։ Ոստիկաններից 1-2 հոգի են դատապարտվել: Նրանք որեւէ իրական պատժի չեն արժանացել։ Կան հազարավոր այլ քաղաքացիներ, որոնք տուժել են, բայց չեն կարողացել օգտվել դատական պաշտպանության իրավունքից»,- «Մեդիա կենտրոն»-ում «Մարտի 1-ի իրադարձություններից ութ տարի անց, քաղաքական եւ իրավական դասեր» թեմայով քննարկման ընթացքում ասաց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը։

Ըստ Ջհանգիրյանի՝ ամենակարեւորն այն է, որ մարտի 1-ին սպանված 10 քաղաքացիների համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։ «Անցել է 8 տարի: 6 տարի սպանությունների գործերը քննվում էին մեկ վարույթի շրջանակներում։ Նոր գլխավոր դատախազի նշանակումից հետո դրանք առանձնացվեցին։ Ինչպես եւ սպասվում էր, սայլը տեղից չի շարժվում»։

Գագիկ Ջհանգիրյանի գնահատմամբ՝ մարտի 1-2-ի դեպքերին պետական կառույցների, հանցավոր խմբերի դերակատարությունը մինչեւ վերջ քննված չէ. «Մինչ այժմ մենք չունենք իրավական գնահատական, թե իշխանությունն ինչպես է գնահատում զինված ուժերի մասնակցությունը մարտի 1-2-ի իրադարձություններին։ Դրանից ավելի վաղ պաշտպանության նախարարի հույժ գաղտնի 0038 հրամանի իրավական գնահատականը չունենք։ Մենք տեղեկացված չենք, թե ինչպիսի մասնակցություն են ունեցել ապօրինի զինված խմբավորումները»։

Նա նշեց, որ նույնիսկ դեպքի վայրից առգրավված մի քանի հարյուր գնդակների եւ փամփուշտների նույնականացման վերաբերյալ տվյալներ չկան. «2011 թվականին հրապարակված վերջին հաղորդմամբ Հատուկ քննչական ծառայությունը բարձրացրել էր, թե այդ գնդակները չեն նույնականացվել։ Նույն սպանված 3 անձանց մարմիններից հանված գնդակների նույնականացումը չի արվել»։

ՀԱԿ պատգամավորը հանցագործությունը բացահայտելու կամք եւ ցանկություն չի տեսնում. «Սա մեր իրավապահ համակարգի, օպերատիվ-հետախուզական կառույցների, քննչական կամ դատախազական թույլ հսկողության, անկարողության արդյունք չէ»։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Իսկ բացահայտելու ինչ կա? Կամ բացահայտ գործի ինչը պիտի բացահայտվի? Երեւի նկատի ունեն դետալները, ասենք՝ որ հրացաններից ովքեր են կրակել, նշան բռնելով, թե խառն են ,,գռռացրել,, եւ այլն: Դրանք միջանկյալ հարցեր են սակայն, որովհետեւ գործի թե մոտիվը, ընթացքը եւ թե արդյունքը միանգամայն պարզ ու անժխտելի են: Եթե նույնիսկ անմիջական մարդասպանները անուն առ անուն ներկայացվեն ի վերջո, ապա միթե պարզ չէ ինչ է ասվելու – ,,հրաման ենք կատարել,, ու վերջ! Իսկ թե հրամանները որտեղից էր գալիս, սատկած ոզնին էլ գիտե: Ուրեմն, եթե նույնիսկ 100% ով ամեն ինչը սեղանին դրվի, միեւնույն է, որեւե պատիժ չի հետեւի – կասվի օրինակ՝ ,,որոշ չար ուժեր ցանկանում էին ամբոխի միջոցով մեր ժողովրդի ճշմարիտ ընթացքը փոխել, ուստի ստիպված էինք երկիրը փրկելու համար ..,, հլա կարող է մեդալ էլ ուզեն! Հարկավոր չէ ուրեմն ինքներս մեզ էշի տեղ դնենք:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031