Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Կարեն Վարդանյանի, ՏՏ ոլորտում եւ գիտելիքի համար ներդրում անողը չի փոշմանի

Մարտ 01,2016 22:55

Aravot.am-ն անդրադառնալով երեկ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տնտեսական ակտիվության հունվար ամսվա ցուցանիշներին, նշել էր՝ այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում 55.9% անկում է գրանցել: Այս ցուցանիշն ամբողջ ՏՏ  ոլորտի պատկերը չի արտացոլում, այլ միայն մի ենթաճյուղի՝ համակարգիչների, էլեկտրոնային եւ օպտիկական սարքավորանքի արտադրություն:

ԱՎԾ-ից Aravot.am-ին փոխանցեցին, որ ՏՏ ոլորտի այս տարվա ցուցանիշները դեռ չեն հրապարակվել, եւ այն միայն մեկ ամսվա կտրվածքով չեն հրապարակում, այլ՝ եռամսյակային, որը միայն ապրիլին կհրապարակվի: Ըստ ԱՎԾ-ի, 2015 թվականին 2014-ի համեմատ, տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ տեղեկատվական ծառայություններ ոլորտում 14.5% աճ է գրանցել:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Կարեն Վարդանյանն Aravot.am-ի զրույցում նշեց, որ  ՏՏ ոլորտը մեր երկրում այն ոլորտն է, որ մշտապես աճ է գրանցում, քանի որ այս ոլորտի արտադրանքը միշտ պահանջարկ ունի:  Կարեն Վարդանյանի խոսքերով՝ ներկայումս Եվրոպական Միությունում եւ ԱՄՆ-ում ՏՏ ոլորտում 2 միլիոն թափուր աշխատատեղ կա. «Ինչը նշանակում է` որքան գրագետ աշխատակից ունենանք այդ ոլորտում, այնքան աշխատանք կունենանք: Այս թիվը 2018-ն դառնալու է մոտ 3 միլիոն, 2023-ին՝ 5-6 միլիոն: Այսինքն, որքան մտավոր կարողություններում ներդրում անենք, այդքանով աճելու ենք»:

Վարդանյանն ասաց, որ ոլորտի աճը նաեւ պայմանավորված է դրսի պահանջարկով, եւ ըստ նրա, գիտելիքի եւ կրթության մեջ ներդրում անելով, ոչ ոք չի փոշմանի. «Այս ոլորտում , եթե մասնագետներ պատրաստելու մեջ գումար ներդրվի՝ արագ հետ է գալու»:

ԻՏՁՄ նախագահի խոսքերով՝ կան  որոշ խնդիրներ՝ երբ մենք ունենք բավարար մասնագետներ, որոնք կամ դրսից են սնվում կամ իրենց արտադրանքը դրսում են վաճառում, այստեղ գալիս է երկրի բրենդ հասկացողությունը, այսինքն՝ մեր երկիրն ինչպես է ընկալվում աշխարհում. «Մենք ՏՏ ոլորտի նոր բրենդինգ ենք մշակել՝ «surprizing engineering»՝ հաճելիորեն  զարմացնող ինժեներական լուծումներ,  որոնք հիմնված են թե՛ ստեղծագործական, թե՛ որակի, թե հատկապես հայ մասնագետների ադապտացիայի վրա: Արդեն կա մի ընկերություն, որը դրսում հանդես է գալիս այդ բրենդինգով եւ այս տարի 4 անգամ աճել է»:

Պարոն Վարդանյանն ասաց, որ մյուս խնդիրը այս ոլորտում ձեռներեցությամբ զբաղվելն է: Վարդանյանը հորդորեց այս ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողները ձեռքերը շուտ վայր չդնեն, եթե սկզբում որոշ անհաջողություններ են լինում. «Պետք է անհաջողության ընկալման մշակույթը փոխենք, որ հասկանան՝ ՏՏ ոլորտում ամեն ինչ այնքան արագ է զարգանում, փոփոխվում, որ մի քանի անհաջողություններ կլինեն, բայց դա ընդամենը հետադարձ կապն է, հաջողությունն անպայման լինելու է»:

ԻՏՁՄ նախագահի խոսքերով՝ մյուս կարեւոր գործոնն այս ոլորտի զարգացման՝ պետության մասնակցությունն է. «Մասնավորապես, գրեթե բոլոր պետական համակարգերը հիմնականում արվում են վարկային ռեսուրսներով՝ այլ կազմակերպությունների կողմից:  Այսինքն, բացի այն, որ պարտքի տակ ենք ընկնում, նաեւ չենք աճում: Մյուսը՝ ռազմարդյունաբերությունն է, որը չի կիրառում տեխնոլոգիական գիտելիքները, որոնք մենք ուղարկել ենք նրանց: Դրանք բուն ռազմական չեն, բայց կարող են ռազմական կիրառություն ունենալ, դրանք զինվորների կյանքեր կփրկեն, ծախսերը կքչացնեն, լրացուցիչ մուտքեր կապահովեն: Սա ռազմական ոլորտի հետ կոմունիկացիայի բացակայության պատճառ է, ցանկություն չունեն հայկական բաներ օգտագործել: Իրենց մտածելակերպն է՝ ռուսները մեզ կօգնեն: Սա էլ խոչընդոտներից մեկն է, որ զարգացումն ավելի արագ չի գնում»:

Նշենք, որ այս խնդրին Aravot.am-ն անդրադարձել է, ինչին ի պատասխան պաշտոնական պարզաբանում է եղել՝ «Համագործակցում ենք ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների հետ, եւ նրանց կատարած լուրջ գործին նախարարությունն իր բավարար հնարավորություններին եւ իրավիճակին համահունչ արձագանքում է»:

Պաշտպանության նախարարն էլ նշված խնդրի վերաբերյալ ասել է՝ «Այն մարդիկ, որոնք դա շահարկում են, երբեւիցե գործուն առաջարկություններ չեն արել: Այն առաջարկությունները, որոնք գործնական են եղել, իսկ այդպիսի առաջարկությունները բազմաթիվ են, համապատասխան որոշումներ ընդունվել են»:

Անդրադառնալով Գյումրու տեխնոլոգիական պարկին եւ Վանաձորում տեխնոպարկ ստեղծելուն, Վարդանյանն ասաց, որ Գյումրիում արդեն մի քանի ընկերություններ աշխատում են. «Իսկ Վանաձորինը մեծ ազդեցություն կունենա, որովհետեւ մեծ պոտենցիալ ունի: Կարծում եմ հետագա զարգացումները հաճելիորեն կզարմացնեն: Տեխնոպարկերի տիպի տարածքներ մեզ շատ են պետք, որպեսզի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկություն հիմնադրողին, ինժեներին օգնենք, նրանց գործը հեշտացվի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031