Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական նոր օրենսգրքի նախագիծ. ընդդիմության առաջարկները հիմնականում մերժվել են

Մարտ 02,2016 23:03

Այսօր հրապարակվել է նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը, որը կարող է միայն մասամբ բավարարել ընդդիմադիր այն ուժերին, որոնք արդեն ներկայացրել էին իրենց մոտեցումները ԸՕ-ի վերաբերյալ:

Ընտրական օրենսգրքի, ազատ, արդար ընտրություն անցկացնելու մասին խոսելիս մշտապես ընդդիմությունը բարձրացնում է առաջին հերթին ընտրացուցակների հարցը՝ պահանջելով հրապարակել կամ գոնե ընտրության մասնակիցների համար հասանելի դարձնել ստորագրված ընտրացուցակները: Այս հարցում նախագիծը որեւէ նոր բան չի առաջարկում. «Քվեարկության մասնակցության վերաբերյալ տեղեկություններ պարունակող ընտրողների ցուցակները (այդ թվում` էլեկտրոնային ցուցակները) հրապարակման ենթակա չեն, արգելվում է դրանցից լուսապատճեններ հանել, որեւէ եղանակով արտատպել, լուսանկարել եւ տեսանկարահանել:

Միայն 50-րդ  հոդվածով սահմանվում է, որ ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ թեկնածուն, վստահված անձը և վերահաշվարկի դիմում ներկայացնողը այլ փաստաթղթերի հետ իրավունք ունեն ծանոթանալու ընտրողների ստորագրած ցուցակներին, ինքնուրույն կատարելու քաղվածքներ` առանց դրանք լուսապատճենահանելու, լուսանկարահանելու եւ տեսանկարահանելու իրավունքի:

ՀԱԿ-ն առաջարկել էր, որ քվեարկության օրը տեղամասային կենտրոնները եւ տեղամասային կենտրոնին հարող տարածքը տեսանկարահանվեն ինտերնետային տեսախցիկներով, ինչը բոլոր ցանկացողներին հնարավորություն կտա հատուկ ստեղծված կայքի միջոցով ուղիղ հեռարձակմամբ հետեւել տեղամասերում ընթացող քվեարկությանն ու հաշվարկին: Ընտրական նոր օրենսգրքում այդ մասին խոսք չկա: Միայն սահմանված է, որ վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են լուսանկարահանել, տեսանկարահանել քվեարկության ընթացքը, արդյունքների ամփոփման գործընթացը, վերահաշվարկը: Այսինքն, այն, ինչ կար նաեւ գործող օրենսգրքով:

«Լուսավոր Հայաստանը», ՀԱԿ-ը առաջարկել էին բազմակի քվեարկությունները, կարուսելները բացառելու համար կիրառել Ղրղըզստանի փորձը: ՀԱԿ-ն առաջարկել էր մատների թանաքոտման կամ մատնահետքով էլեկտրոնային քվեարկության ժամանակակից համակարգ ներդնել: «Լուսավոր Հայաստանն» էլ էլեկտրոնային քվեատուփ ունենալու առաջարկ էր արել, որը հետո ավտոմատ հաշվում ու ամփոփում է քվեարկության արդյունքները: Նաեւ առաջարկել էր կենսաչափական քարտերի տրամադրում, առանց որոնց անհնար է մասնակցել ընտրությունների:

Մինչդեռ նոր օրենսգրքի նախագծով սահմանվում է, որ ընտրատեղամասում տեղադրելու են ընտրողների ինքնությունը ստուգող տեխնիկական սարք. «Եթե ընտրողը որպես անձը հաստատող փաստաթուղթ ներկայացրել է նույնականացման քարտը կամ կենսաչափական անձնագիրը, գրանցված է տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում և առ այդ պահն անձը հաստատող որևէ փաստաթղթով չի մասնակցել քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում է տվյալ ընտրողի նկարը, և էկրանի վրա վառվում է կանաչ լույս: Եթե ընտրողը որպես անձը հաստատող փաստաթուղթ ներկայացրել է ոչ կենսաչափական անձնագիրը, գրանցված է տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում և առ այդ պահն անձը հաստատող որևէ փաստաթղթով չի մասնակցել քվեարկությանը, ապա էկրանին չի հայտնվում տվյալ ընտրողի նկարը, սակայն էկրանի վրա վառվում է կանաչ լույս: Եթե ընտրողը գրանցված չէ տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում, ապա վառվում է թարթող կարմիր լույսը: Այդ դեպքում ընտրողը դուրս է հրավիրվում քվեարկության սենյակից»:

Իսկ եթե ընտրողը իր անձը հաստատող որեւէ փաստաթղթով արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը, էկրանի վրա վառվում է կարմիր գույնի ազդանշանը եւ նրանով արդեն զբաղվում են ոստիկանները:

Սա իր առաջարկների մեջ ներառել էր «Լուսավոր Հայաստանը»:

Հիմնական խոցելի տեղը՝ ընտրացուցակների խնդրի լուծումը, այս նախագծով ընդդիմության պահանջներին չի համապատասխանում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031