Լրահոս
Օրվա լրահոսը

«Գունավոր» ընտրություն, հայերենին տիրապետող պատգամավորներ՝ Ընտրական նոր օրենսգրքի նախագծով

Մարտ 02,2016 23:50

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր հրապարակվել է Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը: Հիշեցնենք, որ իշխանությունները խոստացել էին Ընտրական օրենսգրքով այնպիսի երաշխիքներ սահմանել ազատ, արդար ընտրությունների անցկացման, որ հանրության վստահությունը վերականգնվի:

Ընտրական օրենսգրքի այս նախագծով նորություններից մեկն այն է, որ ներմուծվում է գույնզգույն քվեաթերթիկների գաղափարը: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության համար տպագրվելու է առանձին քվեաթերթիկ: Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության քվեաթերթիկն իր գույնով պետք է ակնհայտորեն տարբերվի ընտրություններին մասնակցող մյուս կուսակցությունների քվեաթերթիկներից: Իսկ քվեաթերթիկների գույները ընտրություններին մասնակցող կուսակցությունների միջեւ բաշխվում են վիճակահանությամբ` ԿԸՀ-ի սահմանած կարգով:

Ընտրողը չի կարող ենթադրենք ՀՀԿ-ի վարդագույն քվեաթերթիկը միայն վերցնել՝ հրաժարվելով մյուսներից: Պարտավոր է յուրաքանչյուր կուսակցության գույնով մեկական քվեաթերթիկ եւ քվեարկության ծրար ստանալ, չօգտագործված քվեաթերթիկները դնելու է մեկ ծրարի մեջ, օգտագործածը՝ մեկ այլ: Ընդ որում, նշված է, որ քվեաթերթիկը ծրարի մեջ պետք է դնեն առանց ծալելու: Բայց չի ասվում, որ եթե հանկարծ մարդը մեխանիկորեն ծալեց, ծալելու համար իր քվեաթերթիկն անվավե՞ր է համարվելու, թե՞ ոչ:

ԱԺ-ի կազմը հատվածում նշվում է, որ ԱԺ պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Ընդ որում, ուշագրավ է, որ եթե ընդամենը դպրոց ես ավարտել, միջնակարգ կրթություն ունես՝ արդեն համարվում է, որ հայերենին տիրապետում ես:

Կուսակցություններն ու դաշինքները առաջարկելու են թեկնածուների մեկ համապետական ընտրական ցուցակ եւ մեկական տարածքային ընտրական ցուցակ՝ յուրաքանչյուր տարածքի համար: Նաեւ ցուցակի երկրորդ մասում պետք է ընդգրկեն վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնության ներկայացուցիչների, այն, ինչ նոր Սահմանադրությամբ է ամրագրվել: Յուրաքանչյուր ազգային փոքրամասնությունից կուսակցությունների համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասում պետք է ընդգրկված լինի ոչ պակաս, քան 2 և ոչ ավելի, քան 4 ներկայացուցիչ:

Ինչ վերաբերում է քարոզչությանը, նախընտրական քարոզչության ժամանակ, քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ:

Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել (ասոցացվել) ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումներին, թեկնածուների անուններին, նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարող իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ, որոնց մասնակցում են այդ թեկնածուները, կուսակցությունները կամ նրանց առաջադրած թեկնածուները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031