Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Յոլյանը գտնում է, որ ՀՀԿ-ի «Այո» շտաբում նախագահին մատուցած ծառայության համար չէ իրեն տրվել նախարարի պաշտոնը (Տեսանյութ)

Մարտ 03,2016 16:19

Այսօր առաջին անգամ կառավարության նիստին որպես էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար մասնակցող Լեւոն Յոլյանը, որը մինչ այս զբաղեցնում էր Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի պաշտոնը, պատասխանելով հարցին, թե վերջին ընտրություններում որպես ՀՀԿ-ի «Այո» շտաբում նախագահ, Սերժ Սարգսյանին մատուցած ծառայությունների դիմա՞ց է որպես շնորհակալություն ստացել նախարարի պաշտոնն՝ ասաց, որ ինքը 2011 թվականից եղել է ՀՀԿ-ի շտաբում, եւ, եթե նման հարց լիներ, ապա ինքն արդեն 2012-ին բարձր պաշտոն կունենար:

Հարցին` եթե դուք չեք տիրապետում, ոլորտին, ինչպես որ նշում եք, ինչո՞ւ են հատկապես ձեզ ընտրել, պարոն Յոլյանն ասաց. «Այդ գնահատականը դուք կտաք միառժամանակ հետո: Ցանկացած նոր մարդ, որը գալիս է, հսկայական լուրջ խնդիրներով զբաղվում է, եթե նա մի քիչ լրջություն ունի, պետք է խորանա նոր իր տեսակետը ներկայացնի»:

Դիտարկմանը, թե, ամեն դեպքում ոլորտում կան լուրջ խնդիրներ, Լեւոն Յոլյանն ասաց, որ էներգետիկան մեր երկրի համար կարեւորագույն ռազմավարական ոլորտ է եւ որ խնդիրները, բնականաբար, լուրջ են, շատ են:

Այն հարցին էլ, թե նրան պաշտոն տալը քաղաքակա՞ն որոշում էր, թե՞ տնտեսական, նորանշանակ նախարարն ասաց, որ չգիտի: ՀՀԿ-ի անդամ չլինելն էլ բացատրեց համապատասխան մոտեցումներով`ասելով, որ երիտասարդ տարիներին եղել է կոմունիստական կուսակցության անդամ եւ որ հետո որեւէ մի կուսակցության անդամ չի ցանկացել լինել:

Արդյոք հոսանքի գները չեն անհանգստացնում որպես նախարար եւ քաղաքացի Լեւոն Յոլյանին, այս հարցին էլ էներգետիկայի եւ բնական պաշարների նորանշանակ նախարարը պատասխանեց, որ պետք է խորանալ, ուսումնասիրել եւ համապատասխան օպտիմալ լուծումները գտնել. «Ես էլ որպես քաղաքացի Հայաստանի, որպես նախարար, շատ կցանկանամ, որ հոսանքը լինի շատ մատչելի»:
Մանրամասները` տեսանյութում

Անդրադառնալով պարոն Յոլյանի այն հայտարարությանը, թե ինքն այս պահի դրությամբ որեւէ բիզնես չունի, լրագրողները հետաքրքրվեցին` ի՞նչ է նշանակում` բիզնես չունի:

Ի պատասխան, Լեւոն Յոլյանն ասաց՝ բացատրեմ. «1994-98 թվականներին բնակվել եմ Մոսկվայում, հենց առաջին հաջողությունների դեպքում ընտանիքով ներդրումներ ենք արել Հայաստանում: 1996 թվականին լավ վերանորոգված «Սամսունգ» ֆիրմային խանութը բացվեց Ամիրյան հասցեում, որը մինչեւ վերջերս գործում էր….: Խանութը բազմիցս եղել է խոշոր հարկատուների ցանկում: Խնդիրներ առաջացան, Գյումրիում կար խանութ, Մաշտոցի պողոտայի վրա կար խանութ, դրանք փակվել են, այս է ձեր հարցի պատասխանը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031