Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մեհրաբյան. «ՆԱՏՕ-ն, որպես անվտանգության համակարգ, այլընտրանք չունի»

Մարտ 03,2016 16:53

«Հայաստանի վրա հագցրած է եռակի զսպաշապիկ` ՀԱՊԿ-ն, ԵՏՄ-ն եւ ռուսական պետական ընկերությունների՝ կասկածելի պայմանագրերով օրինականացված մենաշնորհները երկրում: Այդ զսպաշապիկները, փաստորեն, թույլ չեն տալիս դիվերսիֆիկացնելու ո՛չ բուն անվտանգությունը, ո՛չ էներգետիկ քաղաքականությունը, ո՛չ տնտեսական, ո՛չ արտաքին քաղաքական կապերի համակարգը: Ավելին, այսօր Հայաստանը կանգնած է նոր «երկաթե վարագույրի» հետեւում մնալու սպառնալիքի առջեւ: Այս ամենն, անշուշտ, իրենից ներկայացնում է ուղղակի սպառնալիք մեր պետականությանը, զարգացմանը ու մեր ապագային: Փաստացի, Հայաստանի ինքնիշխանությունն այսօր սահմանափակված է մեկ պետության կողմից, եւ այդ պետությունը Ռուսաստանն է»,- այսօր «Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններ. Հեռանկարներն ու մարտահրավերները ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթաժողովին ընդառաջ» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Ավելին, ըստ փորձագետի, Ռուսաստանը ենթարկվում է պատժամիջոցների ի պատասխան իր իսկ վարած ագրեսիվ քաղաքականության, Հայաստանն էլ մտնում է այդ նույն բեռի տակ միայն նրա համար, որ չպատժվի այնպես, ինչպես, ասենք, Ուկրաինան եւ Վրաստանը. «Իսկ Հայաստանի համար պատժվելու այդ սպառնալիքն ուղղակի էկզիստենցիալ աստիճանի է»:

Փորձագետը միանգամայն կիսում է ՆԱՏՕ-ի եվրոպական ուժերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավի ԱՄՆ Կոնգրեսում օրերս արած այն հայտարարությունները, որ Ռուսաստանը վտանգավոր է, այն վտանգ է ներկայացնում Եվրամիության եւ ԱՄՆ գոյությանը: Ռուսաստանն ապակայունացնում է Հարավային Կովկասի տարածաշրջանը, մի կողմից զինելով Ադրբեջանին, մյուս կողմից՝ պահպանելով իր ներկայությունը Հայաստանում: «Այո՛, Ռուսաստանը՝ ո՛չ պակաս, եթե ո՛չ ավելի վտանգավոր է մե՛ր տարածաշրջանի համար: Այդ իմաստով, այսօր տարածաշրջանում առկա է անվտանգության դեֆիցիտ եւ ապակայունացման մեծ ներուժ: Եվ ՆԱՏՕ-ի գործոնը տարածաշրջանի կայունացման գործում չափազանց կարեւոր է»,- ասաց փորձագետը`հավելելով, որ Արեւելյան Գործընկերության ամենագլխավոր բացը՝ անվտանգության հարցն էր, եւ այն այդպես էլ մնաց չլուծված`Ռուսաստանի գործոնի՝ ուղղակի սխալ գնահատականի բերումով:

«Ցավոք պետք է փաստենք, որ Հայաստանում ՆԱՏՕ-ի մասին պատկերացումները ռուսական պրոպագանդայի եւ մանիպուլյացիաների արդյունքում ձեւախեղված են զգալի չափով: Եվ ուղղակիորեն կարիքը կա այս իրավիճակը փոփոխելու: Իհարկե, ողջունելի է, որ պաշտոնական մակարդակում կա համագործակցություն ՀՀ-ի եւ ՆԱՏՕ միջեւ: Սակայն, ներկայիս մարտահրավերների եւ իրական սպառնալիքների մակարդակի համար այն բավարար չէ: Անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի՝ էապե՛ս ավելի մեծ ներկայություն տարածաշրջանում, ներկայություն լրատվական դաշտում, հանրային եւ քաղաքական դիսկուրսներում»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը`հավելելով. «Ի վերջո, ոչ մի երաշխիք չկա, ավելին, գնալով մեծանում է հավանականությունը, որ Ռուսաստանը մի օր կանի այն, ինչ վերջին հարյուր տարվա ընթացքում արել է արդեն երկու անգամ. դուրս է եկել տարածաշրջանից, թողնելով այն անվտանգության վակուումի եւ հակամարտությունների անդունդի մեջ: Արդեն այսօր է պետք պատկերացումներում դուրս գալ հետխորհրդային պարադիգմայից եւ մտածել հետռուսական ժամանակաշրջանի մասին: Եվ փաստի առաջ չկանգնելու համար անհրաժեշտ է, որ անվտանգության հարցերի, մոդելների, ճարտարապետության հետ կապված հարցերին պատասխանները պատրաստ լինեն վաղօրոք: Դրա բացակայության պտուղները մեզ, ցավոք, քաջ ծանոթ են:

Տարածաշրջանի անվտանգության հիմնախնդիրն այսօրվա առկա գործիքներով եւ մեխանիզմներով, ինչպես տեսնում ենք, ոչ միայն լուծում չունի, այլեւ կարող է հանգեցնել տարածաշրջանային աղետի: Հետեւաբար, գործուն քայլերն անհրաժեշտ են արդեն այսօր: Մեկ անվտանգության համակարգում տարածաշրջանի ինտեգրումն այլընտրանք չունի: Եվ ժամանակն է տեսնել այն պարզ իրողությունը, որ այդ իմաստով ՆԱՏՕ-ն որպես անվտանգության համակարգ՝ ուղղակի այլընտրանք չունի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031