Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ոստիկանապետեր՝ գեներալ Սեյրան Սարոյանի ու Թեւոսիկի շնորհիվ

Մարտ 03,2016 23:00

ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն, այսօր գալով Գյումրի, ոստիկանության անձնակազմին է ներկայացրել Շիրակի նորանշանակ ոստիկանապետ, գնդապետ Սարգիս Մարտիրոսյանին: Նշենք, որ վերջինիս իրականում ներկայացնելու կարիք էլ չկար, նա նոր մարդ չէ Շիրակի մարզում. 1,5 տարի առաջ այդ անձը զբաղեցնում էր Գյումրու «Մուշ» բաժնի ոստիկանապետի պաշտոնը ու քաջածանոթ է իր բոլոր կոլեգաներին:

Ամենայն հավանականությամբ սա էր պատճառը, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Գյումրի գալու փոխարեն այսօր գնաց Կոտայք՝ աշխատանքային խորհրդակցություն անցկացնելու ու անձնակազմին վարչության նորանշանակ պետ Լաերտ Գրիգորյանին ներկայացնելու:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանը երեկ պաշտոնազրկել էր միանգամից չորս ոստիկանապետերի՝ Շիրակի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանին, Կոտայքի ոստիկանապետ Սերոբ Հարությունյանին, Արագածոտնի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանին և Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետ Ավետիք Աբրահամյանին: Պատճառը եղել էր պատգամավորներից մեկի ծննդյան արարողությանը մասնակցելը, որին ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հետ հյուընկալվել էր նաեւ քրեական աշխարհից Թեւոսիկը: Իսկ նրանք շատ մոտ հարաբերություների մեջ են. քավոր-սանիկ են, իրավապահները Թեւոսիկին բազմիցս հայտնաբերել են հենց գեներալի մեքենայի մեջ: Վլադիմիր Գասպարյանը խնջույքի արարողությունից մեկ ամիս անց անակնկալի էր բերել ոստիկանապետերին՝ նրանց պաշտոնազուրկ անելով:

Շիրակի մարզի ոստիկանության պաշտոնաթող պաշտոնյաներից մեկը, որի անուն-ազգանունը չենք հրապարկում իր խնդրանքով, Վլադիմիր Գասպարյանի այս քայլը քմահաճ որոշում որակեց: Ըստ նրա, թեեւ իդեալական է, որ Վլադիմիր Գասպարյանը խիստ է իր կադրերի նկատմամբ, չի հանդուրժում նրանց շփումները գողական աշխարհի ներկայացուցիչների հետ, սակայն այս դեպքում ճիշտ կաներ ծառայողական քննություն անցկացներ ու պարզեր իր աշխատակիցների մեղքի բաժինը: Այլ կերպ ասած՝ հնարավորություն տար նրանց արդարանալու. ծառայողական քննությունը գոնե կպատասխաներ այն հարցին, թե ոստիկանապետերը ծննդյան արարողության ժամանակ ժամադրվա՞ծ էին Թեւոսիկի հետ, թե՞ վերջինիս այցը անակնկալ է եղել իրենց համար: «Եթե ոստիկանապետերը, տեսնելով Թեւոսիկին, դուրս են եկել խնջույքից, այստեղ նրանց մեղքի բաժինը ո՞րն է, հո ուրիշի ծնունդը հարամ չէի՞ն անի, ծննդի սեղանի շուրջ բոլորը հավասար կարգավիճակում են. ոստիկանապետերն էլ են հյուր, նա էլ հյուր, հյուրընկալողն այդպես է որոշել: Կամ պատգամավորները հարգում, պատվում են Թեւոսիկին, հո ոստիկանապետերը ուրիշի հրավերքին կռիվ չէի՞ն սարքելու:

Հետաքրքիր է, եթե Վլադիմիր Գասպարյանը նույն վիճակում հայտնվեր, ի՞նչ կաներ…Եթե տվյալ մարզերում հանցագործության բացահայտման տոկոսը քիչ է, աշխատանքի որակն ընկել է, բարոյահոգեբանական մթոնլորտն այն չէ, դա այլ հարց է, թող միանգամից պաշտոնազրկեր, հիմքերը կան, իսկ այս դեպքում արդարացի կլինի՝ եթե նա ծառայողական քննության արդյունքում պաշտոնյայի մեղքը հաստատեր: Սա՛ է ճիշտ, այլապես կստացվի, որ չհիմնավորված փաստարկներով են պաշտոնազրկում, բա ծառայողական քննության իմաստը ո՞րն է», ասաց մեր զրուցակիցը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն Կարապետյան says:

    շատ էլ ճիշտ է անում, այդպես պիտի արվեն Հայաստանի բոլոր «յուղոտ» գործերը: անցած 1,5 -2 տարվա մեջ լավ փող են աշխատել, հիմա մի քիչ էլ թող ուրիշները աշխատեն: Բացի դրանից, մի քիչ Կոտայքում գռփեն, մի քիչ Շիրակում հետո մի քանի տարի ուրիշ տեղ, աչքի չի ընկնի, ժողովրդի ատելության դոզան էլ ցածր կլինի:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031