Կանանց նկատմամբ բռնությունների մասին ահազանգերը շատացել են

Կանանց նկատմամբ բռնությունների մասին ահազանգերը շատացել են

Միայն 2015 թվականին և միայն Կանանց աջակցման կենտրոն 2023 ահազանգ է ստացվել: Դրանցից 935-ը` առաջին անգամ:

Այս մասին այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կանանց աջակցման կենտրոնի հոգեբան Աիդա Առաքելյանը:

Ըստ վիճակագրական տվյալների` օրական 2-3 կին ահազանգում է ընտանեկան բռնության մասին. «Այս թիվը նախորդ տարիների համեմատությամբ աճել է, բայց դժվար է միանշանակ պնդել, որ Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը շատացել են, որովհետև, հնարավոր է, այդ թվի աճն ընդամենը դիմելիությամբ է պայմանավորված»,- ասաց հոգեբանը:

Նրա փոխանցմամբ` կենտրոն դիմում են հիմնականում 25-35 տարեկան կանայք: Ահազանգերի մեծ մասը հոգեբանական բռնությանն է վերաբերում: Երկրորդ տեղում ֆիզիկական բռնության դեպքերն են (41%), սեռական բռնության մասին ահազանգերը 2% են կազմում:

Կանանց աջակցման կենտրոնի փաստաբան Նոնա Գալստյանը կարևորում է ընտանեկան բռնության մասին օրենքի առկայությունը. «Իհարկե, շատ գնահատելի է, որ գնալով կանանց իրավագիտակցությունը բարձրանում է և անհրաժեշտության դեպքում դիմում են մասնագիտական խորհրդատվության ու պաշտպանության: Բայց մենք չունենք ընտանեկան բռնության մասին օրենք, թեև օրենքի նախագիծը կա: Ես ինքս օրենքի մշակման աշխատանքային խմբի անդամ եմ եղել, սակայն, ցավոք, ՀՀ-ում գործնական քայլեր չեն կատարվում այն կյանքի կոչելու համար: Մինչդեռ, օրենքն այս դաշտում էական փոփոխությունների կհանգեցնի»,- համոզված է փաստաբանը:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք