Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ մութ ու խառը պատմություն՝ Ժիրայր Սեֆիլյանի հետ կապված

Մարտ 05,2016 20:03

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանն այսօր հարցաքննվել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին ծեծի ենթարկելու գործի քննության շրջանակում:  Նրա հետ Կենտրոնի ոստիկանության բաժին են գնացել երկու փաստաբաններ` Արա Զաքարյանն ու Վարուժան Ավետիսյանը:

Պարզվում է` Սուրեն Սուրենյանցը հաղորդում է տվել, որ 2015թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 2-ի սահմաններում, իրեն ծանոթ անձնավորությունը գլխավոր դատախազության մոտակայքում իրեն խնդրել է ավտոմեքենան նստել, իսկ մեքենայի մեջ իրեն հարվածել են` «Ժիրոյի դեմ բաներ գրելու համար»:

Ըստ քաղաքագետի ցուցմունքի, հետո իրեն տարել են Հրազդանի կիրճ, ծեծել ու  հետ բերել: Հիշեցնենք, որ Սուրենյանցի «հակամարտությունը» Ժիրայր Սեֆիլյանի հետ սկսել էր «Փակ շուկայի» պայքարից:

«Անհեթեթ մի բան էր, իհարկե, պարոն Սեֆիլյանն ասաց, որ դրա հետ որեւէ կապ չի կարող ունենալ, քննիչն էլ հասցրեց, թե ինչ կարող ես ասել Սուրենյանցի ասածների վերաբերյալ, պարոն Սեֆիլյանն էլ ասաց` ոչ մի բան էլ չեմ կարող ասել, ինչ ասեմ, եթե առնչություն չունեմ»,- մեզ հետ զրույցում պատմեց Սեֆիլյանի փաստաբան Վարուժան Ավետիսյանը:

Ըստ նրա, «Հաշվի առնելով, որ պարբերաբար Սուրենյանցը Սեֆիլյանի հասցեին, մեր շարժման հասցեին «Փակ շուկայի» դեպքերից սկսած տարբեր կերպ շինծու տեղեկություններ էր հրապարակում, ամենահավանականն այն է, որ պատվեր են տվել, որ այդպիսի ցուցմունք տա, ինքն էլ կատարել է  պատվերը»:

Մեր հարցին, թե Սուրենյանցը ազատության մե՞ջ է արդեն, ասաց` քննիչի հետ խոսելիս սկզբում հասկացան, որ նա ազատ է արձակվել, բայց հետո կարծես թե լրացուցիչ տեղեկություն եղավ, որ անազատության մեջ է, պարզապես այլ քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել. «Սուրենյանցի ցուցմունքում որեւէ փաստ չկար. մեքենայի համարանիշը  չէր հիշում, իրեն, տարել, բերել ու իջեցրել են, իսկ ինքը մի անգամ գոնե չի նայել մեքենայի մակնիշին, գույնն է ասում, համարանիշն էլ չի հիշում: Շատ մշուշոտ է տեղեկատվությունը, նրա համար է  մշուշոտ, որ հնարավոր չլինի որեւէ մեկին բացահայտել: Թերեւս դեպքը` ծեծը, իրոք տեղի է ունեցել, բայց լրիվ այլ հանգամանքների հետ է  կապված, նա ուզում է կապել պարոն Սեֆիլյանի հետ: Շատ մութ ու խառը պատմություն է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Եթէ Վարուժան Ավետիսյանը «փաստաբան» է, ես ալ Միաւորված Ազգերի Կազմակերպութեան Գլխաւոր Քարտուղարն եմ:

    ( Մնացեալ պատնութեան մասին բան չունիմ ասելիք: Թեկուզ չեմ կարծեր թէ Ժիրայրը այդ աստիճան անխելք կրնայ եղած ըլլալ: )

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031