Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշունցներից իշխանափոխություն չի լինում

Մարտ 05,2016 21:24

Նկատել եմ այսպիսի մի օրինաչափություն: Եթե  որեւէ ծայրահեղ ընդդիմադիր գործչի մոտենում է ընդդիմադիր կամ չեզոք համարում ունեցող լրատվամիջոցի ներկայացուցիչը եւ հարցնում է, ենթադրենք, գարնան մասին, ապա այդ գործիչը պատասխանում է հարցին միանգամայն ադեկվատ` օրերը տաքացել են, ծառերը բողբոջել են, խոտը կանաչել է եւ այլն: Բայց երբ նույն գործչին մոտենում է իշխանամետ համարում ունեցող որեւէ հեռուստաընկերության լրագրող, ապա նա գարնան մասին հարցի կեսը լսելուց, միանգամից փրփրում է` Սերժ Սարգսյանը…, նրա եղբայրը…, նրա ընտանիքը… եւ այլն:

Առաջ ես չէի հասկանում, թե ինչու է այդպես: Բայց հիմա, կարծես թե, սկսեցի կռահել:  Այդ գործիչները մեղավոր չեն: Նրանք մտավախություն ունեն, որ մի քանի շաբաթ կամ ամիս  հնարավորություն չեն ունենա խոսելու այդ  հեռուստատեսության եթերում եւ եթե չհասցնեն ասել այն ամենը, ինչ մտածում են նախագահի մասին, ապա թե՛ իրենք են հետո դրա համար վատ զգալու եւ թե՛ նրանց կուսակցական ընկերներն են կշտամբելու, թե ինչու են նրանք բաց թողել «Սերժին կպնելու» հնարավորությունը: Ահա եւ ստացվում է, որ որոշ հանգամանքներում ընդդիմադիրների մի մասը, անկախ թեմայից եւ լրագրողի հարցից, իրենց հիշողության «գզրոցից» հանում են նախօրոք պատրաստված հիշոցները:

Թե ինչու են անձնական հարձակումները համարվում ընդդիմադիր գործունեության գագաթնակետ, այլ հարց է: Բայց նկարագրված խնդրի լուծումը հետեւյալն է. այդ հեռուստաընկերությունները պետք է ամեն շաբաթ նման գործիչներից հարցազրույցներ վերցնեն: Երկու-երեք ամսից «գզրոցում» գտնվող թունդ արտահայտությունները կսպառվեն, եւ նրանք կսկսեն խոսել ավելի գործնական երանգներով: Իհարկե, այդ «ինկուբացիոն» ժամանակաշրջանում որոշ մարդկանց նյարդեր կարող են տեղի տալ: Իզուր. այդ ուշունցներից իշխանափոխություն հաստատ չի լինի:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. brinjao says:

    Խոտը կանաչել է, ծառերը բողբոջել են, ու բացի այդ ես կարծում եմ, որ Կարթագենը պիտի կործանվի… 🙂

  2. brinjao says:

    “այդ ուշունցներից իշխանափոխություն հաստատ չի լինի”

    Ես նույնիսկ ավելին կասեի. երբեմն այդ ուշունցները իշխանության մեջ խցկվելու քողարկված հայտ են: Դասական օրինակներ՝ Գեղամյան, Դալլաքյան, . . .

  3. Գեւորգ says:

    Իշխանափոխությունը սկսվում է ուշունցներից անշուշտ՝ ըստ ամրագրված միջազգային չափորոշիչների (նայեք ամերիկացիներին – ոնց են իրար հայհոյում, մարդու հավես է գալիս!) Սակայն դա, իհարկե, կաող է եւ բավարար չլինել, հատկապես երբ հասցեատերերը պնդերես են: Իսկ եթե բավարար պնդերես են, նաեւ արտառոց պնդագլուխ, մնում են միայն անցանկանալի տարբերակներ՝արյուն թափել, կամ անարյուն փթել: Ո՜ր տարբերակն է լավ – հարգելի Արամ!

    • Հրանտ Պապիկյան says:

      Չգիտեմ բախտ վիճակվել է արդյոք Ձեզ դիտել մի հիասքանչ ֆիլմ՝ ՛՛Շկիդ հանրապետությունը՛՛: Այնտեղ մի դեպք կա՝ երեխաների ամենասիրած ուսուցիչը նա էր, որը նրանց չեր տանջում գիտելիքներով, այլ նրանց համար ուշունցախառը չաստուշկաներ էր երգում, հետները ծխում և խմում… և նրան հեռացնելու համար մանկատան սաները մեծ բունտ են բարձրացնում, այդ խեղկատակն էլ ստանձնում է հեղափոխության առաջնորդի դերը…իսկ ՛՛պնդերես՛՛ ուսուցիչները չեն ուզուն հասկանալ, որ երեխաներին ավելի հաճելի է դաս չսովորելն ու չաստուշկա երգելը:

      Իշխանափոխությունը, հարգելի Գևորգ, շատ լուրջ բան է, անշուշտ ունի միջազգային չափորոշիչներ, բայց այս վերջին տասնամյակներում իշխանափոխությունները ինչ որ ՛՛հաջող՛՛ չեն ստացվում, կամ աղետի են հասցնում ՀԵՆՑ ԱՅՆ ՊԱՏՃԱՌՈՎ, որ ՈՒՇՈՒՆՑՆ է դարձել հիմնական ասելիքը ամբիոններից: Դա արվում է այն պարզ պատճառով, որ ինչ որ խելոքներ հեղափոխության սցենարներ գծելիս ելնում են այն համոզմունքից, որ թվաքանակի առումով հասարակության մեջ գերակշռում է ցածր ինտելեկտով մասսան, որին գրավելու համար ուշունցները բավարար են:
      Փաստորեն մտածող մարդկանց գրավելու համար ծախսեր և ջանքեր իսկի չեն էլ գործադրվում, մտածում են որ դա առանձնապես քանակ չի: Երկրների անունները չտամ, բայց այդպիսի ուշունցային հեղափոխություններից ՛՛խերի մեջ կորած՛՛ երկրներ այսօր շատ են, և ամենուր էլ եղել են այդ Ձեր հարցադրումից հուզվողներ, որոնք որոշել են որ ճիշտը արյուն թափելն է…

  4. Գեւորգ says:

    Հարգելի Պապիկյան, ֆիլմից շատ առաջ ինձ վրա մեծ տպավորություն է թողել նույնանուն գիրքը: Սակայն կներեք – Ձեր համեմատությունը պրիմիտիվ է եւ բոլորովին ոչ տեղին: Փորձեմ բացատրել դա պարզ դատողություններով: Կարծում եմ պիտի համաձայնեք, որ իրական (ոչ իմիտացիոն) իշխանափոխությունը ինքնանպատակ չէ, այլ պարզապես անհրաժեշտ է՝ բռնատիրությունից, ժառանգական մենաշնորհներից, լճացումից, ճչացող սոց. անարդարություններից, վերջապես՝ արդեն ձանձրացրած սֆաթներից եւ այլն ձերբազատվելու համար: Իսկ ամենակարեւորը՝ բնական սերնդափոխության ու էվոլյուցիոն պահանջներով: Այսինքն, եթե մեկը հղի է, նա պիտի ծննդաբերի, անկախ ով է ուրախ կամ տխուր նորամանուկի հայտնվելու պատճառով: Եթե ելնում ենք այս համընդհանուր ընդունված պոստուլատից, ապա մնացյալը (այդ արդար ընտրությունով կլինի, ցույց ու միտինգներով, հայհոյելով, ծեծ ու ջարդերով, շատ կամ քիչ արյուն թափելով եւ այլն) ինքնին դառնում են տեխնիկական – տեխնոլոգիական հարցեր, որոնք կարող են լինել ա) ակնհայտ ցանկալի (նշված առաջին եղանակը) եւ բ) ոչ այնքան (մյուս եղանակները), սակայն գ) անպայման անհրաժեշտ: Հույս ունեմ որ միտքս հասկանալի է արտահայտված:

    • Հրանտ Պապիկյան says:

      Ձեր միտքը ոչ միայն հասկանալի, այլև կանխատեսելի էր: Այդպիսի մտքի թռիչքներ շատ եմ հանդիպում, բայց իհարկե առավելապես համացանցում, որտեղ հեղափոխականների, Մանդելաների և Չեգեվարաների խտությունը անհամեմատ ավելի մեծ է, քան իրական կյանքում, և ընդհանրապես՝ բնության մեջ:
      Դե լավ, իմ բերած օրինակը պրիմիտիվ էր, եկեք Ձեր բերած համեմատությունը քննարկենք՝
      Չկա այդպիսի «համընդհանուր ընդունված պոստուլատ», որ հղին ամեն գնով պիտի ծննդաբերի: Նախ շատ հաճախ հղիությունները բժշկի ցուցումով ընդհատվում են, քանի որ պտուղը հիվանդ կամ արատավոր է լինում, և նրա աշխարհ գալը անցանկալի է: իսկ նույնիսկ լիովին նորմալ պտղի դեպքում, ԵԹԵ ծննդաբերությունը սպառնում է ԾՆՈՂԻ կյանքին, առաջնայնությունը միշտ տրվում է մորը, և պտուղը վերացնում են…. Այ սա իրոք համընդհանուր ընդունված է:

      Բայց այս տխուր թեմաներից անցնենք մի փոքր զավեշտալի օրինակի: Գոյություն ունի, այսպես կոչված, կեղծ հղիություն կամ, ինչպես բնորոշ է բժշկական պրակտիկայում ասել, երևակայական հղիություն: Մեծանում են փորը, կրծքագեղձերը, լինում է դաշտանադադար և, իհարկե, սրտխառնոց: Իսկ որոշ դեպքերում անգամ հղիության թեստը ցույց է տալիս դրական արդյունք:
      Ըստ փորձագետների` սրա պատճառը հիմնականում հոգեբանական խնդիրներն են, երբ կինը շատ է ցանկանում մայրանալ, կամ «մահու չափ» վախենում է հղիանալուց, նաև հորմոնալ խանգարումների, էստրոգեն, պրոլակտի հորմոնների բարձրացման արդյունք է:

      Իսկ մեր «հեղափոխականների» պարագայում կարծում եմ նույնիսկ ամեն ինչ ավելի պարզ է, ոմանք փորում գազերի առատությունը շփոթել են հղիության հետ հերիք չէ, մի բան էլ հիվանդագին ուշադրություն են պահանջում…
      P.S. Վստահ եմ, որ միտքս հասկանալի է շարադրված

      • Գեւորգ says:

        Ինչպես հասկացա, դուք ,,աբորտի,, կողմնակից եք, ելնելով այն տրամաբանությունից, որ ,,ծննդաբերությունը ռիսկային գործ է, մենք էլ լավ գիտենք որ պտուղն արատավոր է լինելու:,, Ինչ արած, դա էլ է պարադիգմա …

        • Հրանտ Պապիկյան says:

          Ընդամենը առողջ ծննդի կողմնակից եմ, որի նախանշաններ արդի Հայաստանյան քաղաքական դաշտում ՉԵՄ ԴԻՏԱՐԿՈՒՄ: Կարծում եմ բանը աբորտի էլ չի հասնի, քանի որ ավելի հակված եմ այս հեղափոխական խլրտոցը որակել որպես գազերի կուտակում, կամ լավագույն դեպքում՝ երևակայական հղիություն, ինչը ավարտվում է ինքնապարպումով…
          Գևորգ ջան, շատ են հանդիպում ստատուսներ, կամ մեկնաբանություններ, որոնք շատ ավելի ծայրահեղական կոչեր են կրում իրենց մեջ, բայց նաև միաժամանակ ի ցույց են դնում հեղինակի պրիմիտիվիզմն ու մարգինալ հակումները, դատարկ ներքնաշխարհը… այդպիսի մտագարություններին պատասխանելը անշնորհակալ, անիմաստ և ինչու ոչ՝ արժանապատվությունիցս ցածր զբաղմունք եմ համարում: Ամենաշատը կարող է ռեպլիկի ձևաչափով լինի:
          Ձեր գրառմանը անդրադարձա, քանի որ կա գրագետ շարադրված միտք, որի հետ ես իհարկե համաձայն չեմ: Խոսքը լավ երկրի տեսլականի մասին չէ, որում հուսով եմ բոլորս ենք համակարծիք: Խոսքը Ձեր նշած ճանապարհների և միջոցների մասին է:
          Ընդունեք բարեկամական խորհուրդս և այլևս երբեք այդպես հեշտ ու հանգիստ մի արտահայտվեք արյուն թափելու մասին: Դա ընդամենը փաստում է այն մասին, որ Դուք չգիտեք թե ինչի մասին եք խոսում, կամ էլ որ ավելի վատ է՝ Ձեզ հանդիսատեսի դերն եք նախատեսել այդ թատերաբեմին…
          Ես արյուն թափել եմ, իմն ու ընկերներինս էլ է թափվել: Մի անգամ մինչև ուղղաթիռով հասցրեցին հոսպիտալ և ուզում էին երակիցս արյուն քաշել, որ արյան խումբս որոշեն՝ ներարկիչի մեջ փրփուր էր գալիս, այնքան էի արյուն կորցրել…
          Ոչ մի իմ մարտական ընկեր, հանգիստ չի խոսում արյունահեղության մասին: Նույնիսկ թշնամու արյունը հրճվանքով չենք թափել, այլ պարտադրված՝ պահի ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով, և այդ ԲԵՌԸ մինչև մահ կրելու ենք մեր հոգու վրա: Ես պատրաստ եմ հենց հիմա նորից գնալ սահման, միայն թե իմ զինվոր որդին նույն բեռի տակ չընկնի, բայց ավաղ՝ հիմա հայրենիքին ծառայելու նրա հերթն է…
          Իսկ Դուք այդ ու՞մ արյան մասին էիք ասում, ո՞ր տան ճրագի: Ձեզ թվում է արյունահեղությունը ընդամենը անվանել ՛՛անցանկալի՛՛, կամ թեկուզ ասենք՝ ստիպված ճանապարհ, դա բավարար բացատրությու՞ն է: Ո՞րն է այդ ծայրահեղ անհրաժեշտությունը, որ կյանքեր արժե, Ո՞վ, կամ ովքե՞ր են այն լուսավոր անձերը, ում այդ արյան վրայով ուզում եք իշխանության բերել, ու՞մ գալուստն է այնքան հրատապ, որ թեկուզ մեկ հատիկ ջահելի կյանք արժե: Մեկի անունը կտա՞ք, այնպես որ Ձեր ծիծաղը չգա: Այդ ո՞ր քաղաքական ուժն է այնքան համակիրներ ձեռք բերել, որ գոնե ամեն ընտրատուփի կողքը մի հատիկ անկաշառ ու չընկրկող վստահված անձ նստեցնի, և չի՞ կարողանում սահմանադրական ճանապարհով իր ՛՛հարյուր հազարավոր քվեներին՛՛ տիրություն անել: ՛՛Եթե մենք չընտրվենք, ուեմն կեղծված էր…՛՛ ասողները իշխանության գալու միայն մի ճանապարհ ունեն՝ ազգային երկունքի իմիտացիա և արյուն թափելու կոչեր՝ նախատեսված ռոմանտիկ երիտասարդության որոշակի խավի համար:
          Սա ասում եմ ընդամենը համացանցում տիրող այդ հեղափոխական թրենդի վտանգավորության առումով, քանի որ ինքնաոգևորումը կարող է հետագայում հանգեցնել խորը հիասթափության և ընկճախտի, ինչը մեր հասարակությանը նույնպես չեմ ցանկանում:
          Շատերը ինքնախաբեության գիրկը կընկնեն, իբր ՎԱՀԱԳՆԸ ուր որ է պիտի ծնվեր… ընդ եղագան փող ծուխ ելաներ… բայց ԱԲՈՐՏ արեցին… բայց շատերի համար էլ պարզ կդառնա դառը իրականությունը, որ դա ընդամենը հերթական գազերի կուտակում էր. որով պարբերաբար ինչ որ ուժեր փուչիկներ են լիցքավորում…

  5. Գեւորգ says:

    Հրանտ ջան իսկապես հուզվեցի Ձեզ համար, սակայն երեւի ինձ մի քիչ սխալ եք հասկացել – ես բոլորովին արյուն թափելու կողմնակիցը չեմ (երեւի մի քիչ ուշադիր պիտի կարդայիք), եւ ավելին՝ ,,դեմոկռասի,, կոչվող բալագյանին էլ դեմ եմ: Թող մի ժառանգական մենատեր ունենանայինք բայց հասկանալի կարգ լիներ: Նկատի ունեմ, կա մի բան որը նորմալ մարդը չի կարող մարսել: Կարճ դժվար է բացատրել – պատկերացրեք ասենք, որ խիարին խնձոր են ասում Ձեզնից էլ պահանջում են դրա ծառը բարձրանալ! Իհարկե, նազարներ պատահել են տարբեր վայրերում ու ժամանակներում, սակայն ոչ մի վայր նազարստան չի դարձել, ինչու՞ փորձել – ասածս այդ էր:

  6. Հրանտ Պապիկյան says:

    Ահա, եթե այդ բալագանին դեմ ես, ուրեմն մենք մի կարծիքի ենք եղբայր: Այն, որ մեր հայրենիքում արմատական փոփոխություններ են անհրաժեշտ, դա միանշանակ է: Տնտեսական, սոցիալական ոլորտները անմխիթար վիճակում են: Ազնիվ լինելու համար ասենք, որ արտաքին և միջազգային գործոնները նույնպես վատ ազդեցություն թողնում են, բայց ես այդ թերությունների առյուծի բաժինը վերագրում եմ կոռուպցիային, հովանավորչությանը և խայտառակ կադրային քաղաքականությանը՝ խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքով:
    Սա անշուշտ բերելու է նրան, որ իշխանությունը կամ փոխվելու է, կամ խելքի է գալու և անհրաժեշտ հետևություններ անի: Բայց այս իրավիճակը և ժողովրդի արդարացի զայրույթը օգտագործել ցանկացող որոշ պարբերաբար հայտնվող խմբակներ իմ համար շատ ավելի վատն են, քան մեր շատ իշխանավորներ: Մի այլ տիպի նազարներ էլ դրանք են, ու բախտի բերմամբ աստված չանի գան իշխանության՝ հիմիկվաններին երանի ենք տալու, հավատա: Էլ չեմ ասում, որ իրենց ապաշնորհ , կամ հնարավոր է նաև դրսից ուղղորդվող ԱՐՏԱՔԻՆ քաղաքականությամբ էլ շատ հնարավոր է մի Ուկրաինա կամ Սիրիա էլ մեր երկիրը սարքեն:
    Ինչ ճիշտն է՝ ճիշտ, գոնե մեր երկրի արտաքին քաղաքականության ուղղվածությունից ես գոհ եմ: Իսկ դա ավելի կարևոր է այս խառը ժամանակահատվածում և տարածաշրջանում, քան ներքին խնդիրները: Ես հասկանում եմ է, որ իշխանությունն էլ է դրա վրա շահարկում, բայց այդպես երկար չի կարող տևել: Նազարները անցողիկ երևույթ են, իսկ ՀԱՅՐԵՆԻՔԸ հավերժ է: Պետք չէ ջուր լցնել մայդանուտիների ու բալագանչիների ջրաղացին, Այս երկրում այլևս չպետք է լինի իշխանության բռնի զավթում: Իսկ օրինական ճանապարհով փոփոխություններին շատ և շատ ուրախ կլինեմ:
    Ես մտածում եմ, արդյոք մի օր տեսնելու՞ եմ ընդիմադիր դաշտում մի լուսավոր ուժ կամ դեմք Այդ պահից երևի ես էլ ընդիմադիր դառնամ, իսկ առայժմ՝ ես հակաընդիմադիր եմ…

  7. Գեւորգ says:

    Ուրախ եմ մեծ չափով համաձայնության գալու համար, հատկապես եզրափակման համար –
    // Այն, որ մեր հայրենիքում արմատական փոփոխություններ են անհրաժեշտ, դա միանշանակ է: //
    Աստված օգնի ուղեղներին շուտ հասնի!
    Հարգանքներով

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031