Լրահոս
Օրվա լրահոսը

Մի անգամ Ամերիկայում. ինչ է ծրագրվում Սարգսյանի ու Ալիեւի համար

Մարտ 10,2016 15:30

Խնդրում են Օբամային ճնշումներ գործադրել Ադրբեջանի նախագահի նկատմամբ

Հունվարի սկզբներին հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հրավիրել է ԱՄՆ՝ մասնակցելու միջուկային անվտանգության հարցերով չորրորդ գագաթնաժողովին, որը կկայանա մարտի 31-ից ապրիլի 1-ը: Իսկ հունվարի 28-ին ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն իր հավատարմագրերն էր հանձնել Բարաք Օբամային: Նորանշանակ դեսպանը հայտնել էր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա կգտնվի Միջուկային անվտանգության գագաթնաժողովին:

Ալիեւի՝ ԱՄՆ կատարելիք այցին ընդառաջ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Էդ Ռոյսը եւ Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Բրեդ Շերմանը նամակով դիմել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Կոնգրեսականները, մասնավորապես, խնդրում են, որ Օբաման իր «հնարավորություններն օգտագործելով՝ անձամբ ճնշումներ գործադրի Ադրբեջանի նախագահի վրա»՝ ԼՂ խնդրի կարգավորմանը միտված երեք պահանջներն ընդունելու նպատակով:

Էդ Ռոյսը եւ դեմոկրատ անդամ Էլիոթ Ինգըլն ավելի վաղ առաջարկել էին խաղաղությանը միտված երեք կոնկրետ քայլեր, որոնք կարճաժամկետ հեռանկարում կփրկեն կյանքեր եւ կօգնեն խուսափել պատերազմից, իսկ երկարատեւ հեռանկարում կնպաստեն համընդգրկուն եւ տեւական խաղաղության հաստատմանը: Այդ քայլերն են՝ շփման գծում դիպուկահարներ չտեղակայելու մասին բոլոր կողմերի համաձայնությունը, հրաձգության տեղորոշման՝ ԵԱՀԿ-ի դիտարկող համակարգի տեղակայումը՝ հրադադարի խախտումներն ավելի լավ դիտարկելու նպատակով, նույն նպատակով ԵԱՀԿ-ի հավելյալ դիտորդների տեղակայում։ «Մենք միանում ենք հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսին եւ կոնգրեսական Բրեդ Շերմանին»,- նշել էր Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ վերահաստատելով Ադրբեջանի նախագահի նկատմամբ ճնշումներ գործադրելու՝ նախագահ Բարաք Օբամայի «բացառիկ հնարավորությունները»: Էդ Ռոյսի եւ Էլիոթ Ինգըլի նախաձեռնությանը միացել էին ավելի քան 80 կոնգրեսականներ, իսկ ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունել էր Էդ Ռոյսի եւ Էլիոթ Ինգըլի եւ նրանց ավելի քան 80 գործընկերների նախաձեռնությունը՝ ուղղված ԼՂ-ի շփման գծում ադրբեջանական կողմի բռնության աճի կասեցմանը:

Կոնգրեսականներն, այսպիսով, առաջարկում են պատերազմի հնարավորությունը բացառելու նպատակով կատարել երեք պայման՝ շփման գծից դիպուկահարների հետքաշում, ԵԱՀԿ-ի դիտորդական գործողությունների ակտիվացում եւ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման գաղափար, որին պաշտոնական Բաքուն ոչ մի կերպ համաձայնություն չի տալիս: Ավելին, կոնգրեսականները, ըստ էության, մատնանշում են պաշտոնական Բաքվին որպես հիմնական պատասխանատու ԼՂ խնդրի շուրջ ստեղծված իրավիճակի համար եւ շփման գծում լարվածության հիմնական մեղավորի:

Հայ դատի գրասենյակը դեռ տարեվերջին հայտնեց, որ իր տրամադրության տակ է Էդ Ռոյսի եւ Էլիոթ Ինգըլի նամակին Պետդեպարտամենտի նոյեմբերի 12-ով թվագրված պատասխանի պատճենը, որում ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջոն Քերիի իրավական հարցերով օգնական Ջուլյա Ֆրայֆիլդը գրել էր. «ԱՄՆ-ը սատարում է դիպուկահարներին հետ քաշելու առաջարկները, ԵԱՀԿ-ի հետաքննությունների մեխանիզմների ընդլայնումը եւ շփման գծում ու Հայաստանի եւ Ադրբեջանի միջազգային սահմանին կրակոցները տեղորոշող զգայուն սարքերի տեղադրումը: Առանց հրադադարի խախտումների վերաբերյալ պնդումները ստուգելու կամ կրակոցների արձակման վայրը որոշող սարքերի համանախագահների համար դժվար է ուժի կիրառման համար կոնկրետ մեղադրանքներ ներկայացնել մի կողմին»:

Ինչպես ծնվեց հայ-ադրբեջանական պատերազմը կանխելու ԱՄՆ կոնգրեսականների ծրագիրը

Անցյալ տարի սեպտեմբերին ամերիկացի կոնգրեսականները երեք կետից բաղկացած ծրագիր առաջ քաշեցին, որը, նրանց համոզմամբ, հնարավորություն կտա կանխել հայ-ադրբեջանական պատերազմի հնարավոր վերսկսումը: Կալիֆոռնիայից ընտրված հանրապետական Էդ Ռոյսը եւ Ներկայացուցիչների տանը Նյու Յորքը ներկայացնող դեմոկրատ Էլիոթ Ինգըլը նախ նամակով դիմել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին` ներկայացնելով իրենց հեղինակած ծրագրի մանրամասները: Նրանք առաջին հերթին առաջարկել էին հակամարտության կողմերին շփման գծից հետ քաշել բոլոր դիպուկահարներին: Բացի այդ, Ռոյսն ու Ինգըլը կոչ էին արել ավելացնել շփման գծում իրադրությանը հետեւող ԵԱՀԿ դիտորդների քանակը, ինչպես նաեւ նույն կազմակերպության հովանու ներքո ճակատային գծում հատուկ տեխնիկական միջոցներ տեղադրել, որոնք կտեսագրեն եւ կձայնագրեն տեղի ունեցող ողջ տեղաշարժը. «Այդ համակարգի ներդրումը հնարավորություն կտա ֆիքսել շփման գծի երկայնքով իրականացված բոլոր հարձակումների աղբյուրները»:

Այնուհետեւ նրանք Կապիտոլիումում ստորագրահավաք նախաձեռնեցին` կոչ անելով գործընկերներին եւս միանալ Ջեյմս Ուորլիքին ուղղված այս նամակին: Ամերիկացի կոնգրեսականները կոչ են անում ԵԱՀԿ-ին, ԱՄՆ-ի պետքարտուղարությանն ու անձամբ Ուորլիքին զերծ մնալ հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում կողմերի միջեւ արհեստականորեն հավասարության նշան դնելու լայնորեն տարածված պրակտիկայից. «Կոչ ենք անում ձեզ հրապարակավ դատապարտել շփման գծի երկայնքով արձանագրված բռնության ցանկացած դեպք: Բացի այդ, ԵԱՀԿ-ի եւ ԱՄՆ-ի վաղեմի գործելաոճը` կողմերին բռնությունից զերծ մնալուն ուղղված ընդհանուր կոչերը այդպես էլ չնպաստեցին լարվածության թուլացմանը: Ավելին՝ արհեստական այդ անաչառությունն է՛լ ավելի թեժացրեց կրքերը: Առանց պատասխանատվության խաղաղություն չի լինում»:
Ռոյսի եւ Ինգըլի նամակին զուգահեռ` Ուորլիքին ուղերձով էր դիմել նաեւ Կալիֆոռնիայից ընտրված եւս մեկ կոնգրեսական` դեմոկրատ Ադամ Շիֆը: Նրա նամակի տոնայնությունն ավելի կոշտ էր:

«Ինձ մտահոգում է այն իրողությունը, որ ձեր հայտարարություններում հայերի եւ ադրբեջանցիների պահվածքում հավասարության կեղծ նշան դնելու միտում կա: Դա առավել ցայտուն կերպով նկատելի դարձավ սեպտեմբերի 4-ի ձեր թվիթերյան գրառման մեջ, որում դուք զետեղել էիք ԼՂ-ի ուղղությամբ արձակված, բայց չպայթած ականի լուսանկարը` չնշելով, սակայն, որ այն կիրառվել է ադրբեջանական կողմից»,- նշել էր Շիֆը: Դիմելով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահին՝ Ադամ Շիֆը նաեւ նշել էր. «Ես չեմ հավատում, որ հնարավոր է նպաստել խաղաղության հաստատմանը` անտեսելով Ադրբեջանի ռազմատենչության աճը եւ շարունակ պնդելով, թե կողմերը հավասարապես են մեղավոր շփման գծի երկայնքով ծագող բռնության դեպքերի համար, ինչն, ի դեպ, չի համապատասխանում իրականությանը: Հակառակը՝ ագրեսորի մասին բացահայտորեն խոսելու ցանկության բացակայությունն ուղերձ է Ադրբեջանին, որ նա կարող է անպատիժ գործել»:

Այնուհետեւ հոկտեմբերին արդեն հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 83 անդամներ միացել են Էդ Ռոյսի եւ Էլիոթ Ինգըլի նամակին: «Բռնությունը ԼՂ-ի շփման գծում դրամատիկորեն աճել է, իսկ բռնությունների անհասցե դատապարտման՝ վարչակազմի քաղաքականությունը չի աշխատում: Այն պետք է փոխվի»,- նշել է Էդ Ռոյսը՝ շարունակելով. «Մեր նամակում մենք առաջարկում ենք մի քանի ողջամիտ քայլ, որ պետք է ձեռնարկեն ԱՄՆ-ը ու ԵԱՀԿ ՄԽ-ն՝ կանխելու հետագա բռնությունը»: Կոնգրեսականն ընդգծել է, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը պետք է սատարի այդ առաջարկները եւ հետամուտ լինի դրանց ընդունմանը մյուս համանախագահների կողմից:

Ադրբեջանը գործի է անցել

Ալիեւի` ԱՄՆ կատարելիք այցից առաջ կարելի էր ենթադրել, որ Ադրբեջանի իշխանությունները կփորձեն մեղմել ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում առկա լարվածությունը: Օրերս ադրբեջանական minval.az լրատվական կայքը հայտնեց, թե Վաշինգտոնի եւ Բաքվի միջեւ ընթանում են գաղտնի բանակցություններ, եւ արդեն մի քանի շաբաթ է՝ Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները Վաշինգտոնում գաղտնի հանդիպումներ են անցկացնում, քննարկում են լարված հարաբերությունները կարգավորելու երկու երկրների ցանկությունները:

Minval.az-ը` հղում անելով արեւմտյան դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էր, որ կողմերը ցանկանում են քննարկվող հարցերը համաձայնեցնել մինչեւ միջուկային գագաթնաժողովի անցկացումը: Ըստ կայքի` ԱՄՆ կողմից պատրաստված փաթեթով Վաշինգտոնը ցանկանում է, որպեսզի Ադրբեջանում ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները եւ վերականգնվի Բաքվում ԱՄՆ-ի ազգային ժողովրդավարական ինստիտուտի եւ հանրապետականների ինստիտուտի գործունեությունը: Բացի այդ, ԱՄՆ-ը մտադիր է հավասար աստիճանով անվտանգություն ապահովել Կասպից ծովում եւ մեծացնել Աֆղանստան ռազմական նշանակության բեռներ հասցնելու համար աջակցությունը: Քննարկվում է նաեւ Ադրբեջանում ԱՄՆ-ի զորակազմից սահմանափակ թվով քաղաքացիական անձանց տեղակայելու հարցը: Կայքը նաեւ գրել էր, որ իր հերթին Ադրբեջանը Վաշինգտոնի առաջ որոշ պայմաններ է դնում` սկսած ԼՂ-ի ֆինանսավորման դադարեցումից մինչեւ ԱՄՆ-ում որոշ հակաադրբեջանական շրջանակների գործունեությունը վերահսկողության տակ վերցնելը:

Բացի այդ, պարզվում է՝ Ադրբեջանը լոբբիստական ընկերություն է վարձել՝ արգելափակելու ամերիկյան պատժամիջոցներ նախատեսող օրինագիծը: Ըստ 168.am-ի` Ադրբեջանի կառավարությունը միջոցառումներ է ձեռնարկում, որպեսզի թույլ չտա ԱՄՆ Կոնգրեսի կողմից «Ադրբեջանի ժողովրդավարության մասին ակտ» (HR 4264) անվանումով օրինագծի ընդունումը, որը փետրվարի սկզբին առաջադրվել է Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Քրիս Սմիթի կողմից. այս տեղեկությունը հայտնել էր օրեր առաջ Turan-ը: Այս նպատակով պայմանագիր է կնքվել ամերիկյան Podesta Group կազմակերպության հետ, որը պետք է օգնի խուսափել օրենքի ընդունումից, որը պատժամիջոցներ է նախատեսում Ադրբեջանի մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ, որով կոչ է արվում մուտքի արտոնագիր չտրամադրել Ադրբեջանի ղեկավարներին, նրանց բիզնես գործընկերներին, ինչպես նաեւ ադրբեջանական անվտանգության եւ իրավապահ մարմիններին: «Ակտը» պահանջում է կրճատել Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի տնտեսական եւ էներգետիկ նախագծերը: «Ադրբեջանի ժողովրդավարության մասին ակտը» Քրիս Սմիթի կողմից ներկայացվել է 2015թ. դեկտեմբերի 16-ին: Պատժամիջոցները նախատեսում են նաեւ սահմանափակումներ մտցնել ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորման, վարկավորման ու ապահովագրական ոլորտներում Ադրբեջանին բազմակողմ ֆինանսական օգնության տրամադրման հարցում: Օրինագիծը նախատեսում է նաեւ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարների ու նրանց ընտանիքի անդամների՝ ԱՄՆ-ում գտնվող ակտիվների արգելափակում:

Սմիթի օրինագիծը սկսեց շրջանառվել այն բանից հետո, երբ Բաքուն հրաժարվեց ազատ արձակել մոտ 100 քաղբանտարկյալի՝ հերքելով նման կատեգորիայի գոյությունն ընդհանրապես: Սմիթի օրինագծի մասին հայտնի դառնալուց հետո Ադրբեջանի իշխանությունները փաստորեն պայմանագիր են կնքել Podesta Group-ի հետ, որին, ըստ մամուլում հայտնված տեղեկությունների, ամսական վճարելու են նվազագույնը 50 հազար դոլար՝ Ադրբեջանի կառավարության իմիջը բարելավելու եւ Կոնգրեսում օրինագծի արգելափակման նպատակով կատարվելիք աշխատանքների համար: Համաձայն ԱՄՆ արդարադատության նախարարության տեղեկության՝ համապատասխան որոշումը ստորագրվել է փետրվարի 1-ին ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի ու Podesta Group-ի միջեւ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031