Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է, որ կարող է առաջնորդել երկրում համակարգային փոփոխությունները

Մարտ 11,2016 16:05

Քաղաքական կուսակցությունների հեռանկարը Հայաստանում պայմանավորվում է երկու կարեւորագույն իրողություններով.

1. Անցումը խորհրդարանական հանրապետության կառավարման մոդելին քաղաքական դաշտում բացառիկ դերակատար է դարձնում քաղաքական կուսակցություններին՝ ճեղքելով նորագույն պատմության ընթացքում չափից ավելի անհատականացված քաղաքական համակարգերի ավանդույթը` մասնավորապես Հայաստանի Հանրապետության երկու նախկին եւ մեկ գործող նախագահների առեղծվածային եռանկյունին: Այս ռազմավարական իրողությունը գիծ է քաշում նման քաղաքագիտական զարգացումների տակ՝ նոր մարտահրավերներ եւ հնարավորություններ բացելով քաղաքական դաշտում: «Իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է» կոնցեպտը այլեւս չի կարող կիրառելի լինել քաղաքական կյանքում, երբ նորացված Սահմանադրությամբ հստակ տարանջատվում են կուսակցությունը, որպես դերակատար, ժողովրդից՝ որպես «երկրպագու»:

2. Երկրորդ մարտավարական գործոնը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն են, որոնք առաջին անգամ մեր պատմության մեջ դառնալու են իրականում երկրի ապագայի համար վճռորոշ ընտրություններ խորհրդարանին վերապահված քաղաքական ղեկավարման եւ որոշումներ կայացնելու տեսակետից: Եթե վերհիշենք Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը, ապա ակնհայտ կդառնա, որ երկրի կառավարման նոր մոդելի դեմ կատաղի պայքար են մղել հենց այն քաղաքական շրջանակները, որոնց կուսակցական ինստիտուցիոնալ կարողությունները կամ այլեւս բացակայում են (նախկին Նախագահ Ռ. Քոչարյան), կամ գտնվում են ակնհայտ ազատ անկման փուլում (ՀԱԿ, «Ժառանգություն»): Ստեղծված իրավիճակում մրցակցային առավելություն են ստանում ինչպես կուսակցական գործունեության ամուր մեխանիզմներ եւ ավանդույթներ ձեւավորած քաղաքական ուժերը (ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ, մասամբ՝ ՕԵԿ), այնպես էլ քաղաքական նոր լիդերության ամբիցիաներ դրսեւորող գործիչների շուրջ տարբեր աստիճանի հաջողությամբ բյուրեղացող նորաստեղծ կուսակցությունները («Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» եւ այլն):

Հայաստանի Հանրապետական կուսակցության համար այս երկու գործոններին գումարվում է եւս մեկը՝ ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ծրագրային ուղերձը, որը խարսխված լինելով նորացված Սահմանադրության քաղաքական եւ քաղաքագիտական իրողությունների վրա` պարունակում էր նաեւ ներիշխանական, իմա՝ ներկուսակցական բարեշրջումների համար հստակ ուղենիշներ՝ անհատականից մինչեւ ինստիտուցիոնալ մակարդակ: Նախագահի ուղերձի այդ հատվածը երկաթյա տրամաբանություն ունի՝

– Հնարավոր է փոխել երկիրը, եթե մենք ինքներս ենթարկվենք դինամիկ ու տրամաբանված փոփոխությունների,
– Հնարավոր է մնալ իշխանություն, եթե մենք ինքներս փոխվենք, եւ այդ փոփոխությունները համարժեք լինեն հասարակության հիմնական հատվածի ակնկալիքներին ու սպասումներին,
-Հնարավոր է լինել այդ թիմի մաս, եթե անհատական մակարդակով փոփոխությունների հրամայականը ոչ այնքան քաղաքական հրահանգ է, որքան ներքին համոզմունք:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը քաղաքական ունիկալ դերակատար է: Փորձեմ հակիրճ թվարկել ՀՀԿ հիմնական մրցակցային առավելությունները.
-Քաղաքական պայքարի ակունք ԽՍՀՄ-ում ընդհատակյա գործող Ազգային Միացյալ կուսակցությունից (ԱՄԿ),
-Ուժեղ գաղափարական հենք՝ ազգային-պահպանողական արժեհամակարգի շրջանակներում, որին կացութաձեւային իմաստով հարում է մեր հասարակության ճնշող մեծամասնությունը,
– Համաչափ քաղաքական կառուցվածք, երբ ուժեղ է ոչ միայն կուսակցության «գլուխը», այլ նաեւ «մարմինը»: Այս հատկության շնորհիվ է, որ կուսակցությունն իր պատմության ընթացքում վերապրել է իր նախկին լիդերների ՝ երջանկահիշատակ Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի եւ Անդրանիկ Մարգարյանի կորուստները` ամեն անգամ առաջնագիծ բերելով նոր խարիզմատիկ ղեկավարի,
– Լայն հասարակական ներկայանալիություն՝ շնորհիվ բազմաշերտ եւ բազմախավ անդամության,
-Շնորհիվ վառ արտահայտված միջազգային կապերի՝ համաշխարհային լավագույն կուսակցական փորձի տեղայնացում,
– Ձեւավորված կուսակցական ենթակառուցվածքներ Հայաստանի գրեթե յուրաքանչյուր բնակավայրում,
– Հանրապետությունում դեռեւս առկա առանձին խնդիրներով հանդերձ` Հանրապետականի ընկալում որպես «երկրի անվտանգության կուսակցություն»:

Ի մի բերելով նշվածը, միաժամանակ չանտեսելով նաեւ գոյություն ունեցող խնդիրներն եւ խոչընդոտները՝ կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է, որ կարող է առաջնորդել երկրում համակարգային փոփոխությունները` միաժամանակ ինքը կրելով այդ փոփոխությունների գաղափարաբանական եւ խորքային ազդեցությունը:
«Mobilis in mobile»` շարժունակը շարժուն միջավայրում՝ այս կարգախոսն է բնական միջավայրում գիտատեխնիկական առաջընթացի եւ մրցունակության բանաձեւը, որն ամբողջությամբ կիրառելի է նաեւ Հանրապետական կուսակցության համար:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ

 

«Առավոտ» օրաթերթ
11.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Գեղեցիկ է կազմված-գրված-շարադրված: Բայց ինչպես ամեն փայլող բան ոսկի չէ, այնպես էլ ամեն գեղեցիկ տեքստ իրականություն չէ:

    Ահա թե ինչու.
    1, Եթե Աշոտյանը կարծում է, որ Հնարավոր է փոխել երկիրը, եթե մենք ինքներս ենթարկվենք դինամիկ ու տրամաբանված փոփոխությունների, ապա ինչու ՀՀԿ-ն չի փոխվում: Մարդ կա ՀՀԿ իշխանության մեջ 6 պաշտոն է փոխել ու մնացել անփոփոխ: Կամ ինչու չեն փոխում քրեական պաշտոնյաներին` Լիսկա, եւ այլն:Ուրեմն չեն ուզում փոխել երկիրը, ուրեմն դատարկվող եւ թալանվող Հայաստանը իրենց սրտով է:
    2. Աշոտյանն ասում է. ուժեղ է ոչ միայն կուսակցության «գլուխը», այլ նաեւ «մարմինը»: ՀՀԿ «մարմինը» ամեն տեսակ ՇՄԱՅՍ, ԹՈԽՄԱԽ, գեներալներ ՍԵՅՐԱՆ-ՄԱՆՎԵԼՆԵՐԸ չեն??? Սա ուժ է միայն մարդ ծեծել-սպանելուց եւ ընտրություն կեղծելուց: Սա մտավոր, ինտելեկտուալ ուժ չէ: Ուրեմն Աշոտյանն ընդունում, է, որ ՀՀԿ-ն ֆիզիկական ուժի կուսակցությունն է եւ ոչ խելքի, մտքի, գաղափարի:
    3, Հանրապետությունում դեռեւս առկա առանձին խնդիրներով հանդերձ` Հանրապետականի ընկալում որպես «երկրի անվտանգության կուսակցություն»: ՀՀԿ իշխանության օրոք, նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, Հայաստանը դարձավ Ֆորպոստ ու հիմա` նախագահը Սերժ Սարգսյանն է, ֆորպոստատերը դրա մասին հիշեցնում է: Սա ազգային անվտանգություն է???? Ուրեմն ՀՀԿ-ի համար ազգային անվտանգությունը Ռուսաստանի ֆորպոստ լինելն է:

  2. Ռշտուն Մարտիրոսյան says:

    Բանից պարզվում է պրն Աշոտյանը նաև ստախոս է: Գրում է այն կուսակցությւոնների մասին որոնք դեմ են եղել Սահմանադրական փոփոխություններին և խոսում է միայն ՀԱԿ-ի և Ժառանգության մասին: ՕԷԿ-ին Բարգավաճին դնում է այլ հարթության վրա և ակնառու ստում է, որ նրանք կող են եղել Սահմանադրական փոփոխություններին: ԵՎ դա այն դեպքում, երբ այդ երկու կուսակցություններն էլ հայտարերլ են, որ դեմ են սահմանադրական փոփոխություններին և քարոզել են ՈՉ-ի համար:
    Իսկ այն, որ հանրապետական կուսակցությունն ուժեղ է, ապա բոլորս գիտենք թե ինչի արդյունք է այդ ուժը: Հովանավորչություն, համատարած օլիգարխիկ հանրապետական տնտեսություն, հայրենիքում հաջողությանհասնելու համար հանրապետականացում (այդ մասին հայտարարեց անև Շարմազանովը՝ ասելով, որ առաջիկա տասնամյակում ցանկացած մեկը, որ կուզենա երկրի կառավարման հարցում մասնակից լինել, պետք է անցնի Մելիք Ադամյան փողոցով),
    Ժողովրդի իրական վերաբերմունքը Հանրապետականին և պրն Աշոտյանին արտահայտվել է Էլեկտրիկ Երևանի ժամանակ, երբ Աշոտյանն ու ևս մեկ հանրապետական հայտնվեցին Բաղրամյան փողոցում:

  3. Da Ajdpes Chi says:

    Թե ինչպես է անցել հանրաքվեն, դուք մեզանից շատ լավ գիտեք, բայց անգամ այդ դեպքում էլի չեք կատարում պառլամենտական կառավարման խնդիրը, ասում եք իբր այլևս վերացրել եք մեծամասնական ընտրակարգը, ուրեմն պնդում եք որ տարածքային ցուցակներով քվեարկելը, որտեղ նշվաշ են լինելու կոնկրետ մարդկանց անուններ և կուսակցության քվեներով այդ մարդիք են անցնելու պառլամենտ դա մեծամասնական չէ: Լավ ենթադրենք քեզ մի կերպ հասկացանք: Կարող եք ասել պառլամենտում ինչպես կարելի է հավասարացնել իրար ձայները այն պատգամավորների որոնք ընտրվել են ամբողջ հանրապետությունից և նրա 1/13-րդ մասից: Գուցե տարածքից ընտրված պատգամավորի ձայնն էլ հաշվենք 1\13-րդ ձայն և ասենք քվեարկության ժամանակ եթե 13 տարածքային պատգամավոր քվեարկեն կողմ նոր համարենք դա 1 ձայն: Այ միայն սա արդեն ապացուցում է, որ հանրապետականի խնդիրը միայն իշխանությունը պահել է, այլ ոչ թե կուսակցությունների մասին մտածելը որ կայանան: ԵՎ դա ինչպես եք, արել շատ պարզ 13 անգամ փչացրել եք պառլամենտական կառավարումը: Պետական կառավարման ձևը դուք էլ եք հասկանում, որ կապ չունի լավ երկիր ունենալու համար, կապ ունի լավ կառավարելը, որը դուք չեք կարողանում ու չեք էլ կարող: Դե որ քո կարծիքով անկում է ապրում ՀԱԿ-ը դա պարզ է, քանի որ դու մի քանի անգամ հասկացրել ես, թե ում ես համարում ընդիմադիր կուսակցություն: Եթե հիշում ես մի հարցազրույցի ժամանակ դու ասացիր, որ չի կարելի քաղաքական հակառակորդին պատահած դզբախտության ժամանակ ուրախանալ(կապված քո ոտքի հետ), այ օրնակ դուք շուտափույթ առողջություն եք ցանկանում Լևոն Տեր-Պետրսյանին:

  4. Շարքային Քղաքացի says:

    Աշոտյան եղեք էլի: (Հո դեմ չեք?)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031