Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր խնդիրը երիտասարդներ բացահայտելն ու նրանց բացահայտվելու հնարավորություն տալն է». Դավիթ Հակոբյան

Մարտ 11,2016 23:00

Այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տեղի ունեցավ ԱՐՏ ՖԵՍՏ երիտասարդական բաց փառատոնի կայքի շնորհանդեսը, մեկնարկեց նաև  2016թ-ի մասնակիցների հայտագրումը։

Կայքի բացման և փառատոնի մասին խոսեց ԱՐՏ ՖԵՍՏ-ի նախագահ Էրիկ Բարսեղյանը. «Կայքում կարող եք գտնել տեղեկատվություն փառատոնի , նրա պատմության, աշխատակազմի, մասնագիտական հանձնախմբի, հայտագրման հետ կապված հարցերի, կանոնակարգի և փառատոնի ծրագրերի մասին: Փառատոնի նպատակը երիտասարդ նոր անունների բացահայտումն է: ԱՐՏ ՖԵՍՏ-ն իրենով բացառիկ է, քանի որ այն բազմապրոֆիլ է.ընդգրկում է արվեստի մի քանի ճյուղեր՝ թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ: Անցյալ տարի ընդգրկվեց  նաև նորաձևությունը:  Այս տարի ևս ունենք նորություն. Պահանջարկից ելնելով՝ փառատոնը դառնում է միջազգային՝ ԱՐՏ ՖԵՍՏ միջազգային երիտասարդական բաց փառատոն»:

Էրիկը ներկայացրեց փառատոնի ժյուրիի կազմը, որն ունի 25 անդամ՝ՀՀ վաստակավոր արտիստուհի, դերասանուհի Լալա Մնացականյան, ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ, դերասան Դավիթ Հակոբյան, ԵԹԿՊԻ թատրոնի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, ռեժիսոր Աննա Հեքեքյան, բեմադրիչ Գարեգին Գրիգորյան:

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հակոբյանը նշեց, որ այս տարի հայտեր եղել են նաև արտասահմանից,որը շատ ուրախալի և անսպասելի էր իրենց համար. «Ուրախ եմ, որ երիտասարդական փառատոն է՝ ես էլ մի փոքր տխրում եմ, որ երիտասարդ չեմ, բայց ուզում եմ ձեզ հետ երիտասարդանալ: Փառատոնն ունի շատ հետաքրքիր ձևաչափ: Ինձ նրա ազատությունն է դուր գալիս և հետաքրքրում: Մեր խնդիրը երիտասարդներ բացահայտելն ու նրանց բացահայտվելու հնարավորություն տալն է: Ժյուրիի կազմում բոլոր ոլորտներից շատ լուրջ մասնագետներ են հավաքված:  Հուսամ՝ նոր ու հետաքրքիր անուններ կտեսնենք այս տարի»:

Պարոն Գրիգորյանն էլ խոսեց փառատոնի մասին. «Այս փառատոնի գաղափարը, ստեղծել նման ուսանողական  ստեղծագործական մրցակցության բաց դաշտ, տվել է մեր ընկերը՝ վաղամեռիկ, շատ սիրելի Արմեն Մազմանյանը: Ուրախ եմ, որ արվեստում լավ գործեր թողնելու ավանդույթ կա . թեև հիմա  պարոն Մազմանյանը մեզ հետ չէ, բայց մենք ուրախ ենք, որ մեր ընկերոջ ստեղծած ծաղիկը պետք է ջրենք, աճեցնենք, փոխանցենք ձեզ: Սա քննություն չէ թվանշան ստանալու համար, այլ քննություն՝ հասարակության հետ առերեսվելու և ներկայացնելու իսկապես ինքնուրույն աշխատանք»:

Փառատոնն այս տարի անցկացվելու է մայիս 20-27-ը:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031