Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է Գյումրիում նորածին տղա երեխայի մահվան պատճառը. Շիրակի գլխավոր գինեկոլոգի ու առողջապահության պետի պարզաբանումները

Մարտ 12,2016 16:04

Այսօր Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցում նորածին երեխա է մահացել: Aravot.am-ը Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է երեխայի մահվան պատճառը, կա՞ նախնական բժշկական վարկած:

Ի պատասխան մեր հարցի՝ պաշտոնյան ասաց, որ դիահերձումից հետո պարզ կլինի ՝ո՞րն է մահվան պատճառը: «Մինչ դիահերձումը ոչ մի ձեւ, անգամ ամենաուժեղ մտավոր ունակություններ ունեցող մասնագետները չեն կարող ասել ինչից կարող է մահացած լինի, կլինի դիահերձումը, մեր սեղանին դրված կլինի դատական բժշկի եզրակացությունը, որից հետո մենք կարող ենք խոսել մահվան մասին: Հիմա ո՛չ ես, ո՛չ էլ մեկ ուրիշը ոչինչ չենք կարող ասել, պետք է սպասենք դիահերձմանը, որից հետո, ինչպես ասում են՝ ամեն ինչ ջրի երես դուրս կգա, կպարզաբանվի, իսկ մինչ այդ ոչ մեկը ոչինչ չի կարող ասել՝ անկախ իր զբաղեցրած պաշտոնից»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:Hovhannes-Hovhannisyan1

Շիրակի մարզ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանն էլ ասաց. «Թող դատական բժիշկը հերձի, տեսնենք իրականում ինչ է եղել, գուցե եւ բնածին արատ է, գուցե եւ բժշկական սխալ կա, գուցե եւ անհարիր միջամտություն է եղել, բոլոր դեպքերում դա կպարզի դատաբժշկական փորձաքննությունը: Գյումրու ծննդատունը նորածինների համար նախատեսված արհեստական շնչառական ապարատ չունի, դրա համար էլ ծննդատնից տեղափոխել են ավստրիական մանկական հիվանդանոց, որտեղ երկու ժամ անց մահացել է: Երեխան առաջնեկը չէ, մայրը կրկնակի կեսարյան հատման է ենթարկվել. առաջին կեսարյան հատումը 7, թե 8 տարի առաջ ես եմ արել, հիմա էլ երկրորդն են արել, էն էլ այսպես եղավ: Մայրը երեւի թե 30 տարեկան է, ոչ ավել: Այս երեխան տղան էր՝ 2 կիլոգրամ 800 գրամ քաշով»,-ասաց Ֆելիքս Գրիգորյանը:գինեկոլոգ

Նշենք, որ  փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդված, որը կոչվում է «Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը », նախատեսում է.

  1. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով, եթե բուժվող հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով:

  1. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031