Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե բոլորս Համասյանի պատասխանատվության զգացումն ունենայինք

Մարտ 13,2016 18:46

Մոտ երկու շաբաթ առաջ էր՝ Գյումրիի 13 ընտանիքներին բնակարան գնելու համար աշխարհահռչակ երաժիշտ Տիգրան Համասյանը համերգ տվեց այնտեղի տնակներից մեկի բակում: Թե ինչպիսի նախաձեռնություն էր անօթեւան գյումրեցիներին  օգնելու մի խումբ երիտասարդների այդ քայլը, եւ թե ինչ արդյունք տվեց այս հարցում Համասյանի «օգնության ձեռքը», ես չէ, որ պետք է ասեմ, ամբողջ աշխարհը խոսեց այդ մասին:

Ուրիշ մի բան ինձ այդ օրվանից հանգիստ չի տալիս. Տիգրան Համասյանը տնակից դուրս գալուց  հետո խոսեց լրագրողների հետ, նրանցից մեկի հարցին՝ թե ինչ զգացիք տնակում, երաժիշտը մի քանի բառից հետո, համարյա կիսաձայն ասաց՝ ամաչեցի ու աչքերը կախեց՝ զսպված դառը ժպիտով… այնքան անկեղծություն ու պատասխանատվություն կար այդ խոսքի մեջ, որ համակարգչիս առաջ ուղղակի   սառեցի ու եթե ավելի անկեղծ ասեմ՝  ես իմ անկարողությունից ինձ այնքա՜ն ոչնչացված զգացի. մարդ, որ միայն իր ծնունդով, իր արվեստով այնքան բան է անում երկրի անունը բարձր պահելու, մշակույթը ներկայացնելու գործում, երբեք չի խորշում հայտնել իր դիրքորոշումը հասարակական խնդիրների մասին (հիշենք թեկուզ Աֆրիկյանների շենքի մոտ իր համերգի մասին)՝ ուշադիր՝ երբեք որեւէ մեկին չմեղադրելով, ամաչում է մի բանից, որի մեջ իր մեղավորությունը համարյա չկա: Կասկած անգամ լինել չի կարող, որ երիտասարդ երաժիշտը դեռ շատ լուսալի նախաձեռնություններում հանդես կգա, իսկ ես, մենք ի՞նչ պատասխանատվություն ունենք մեր շուրջը կատարվողի մեջ, բացի բողոքելուց ու մեղադրելուց ի՞նչ ենք անում մենք…

Դեռ Համասյանի դեմքն աչքերիս առաջ էր, խոսքը՝ ականջներիս մեջ, երբ այդ համերգից որոշ ժամանակ հետո ընկերներիցս մեկի հետ հանդիպեցինք նրան երեւանյան սրճարաններից մեկում: Կնոջ հետ էր, գլուխները կախ՝ երեւի նախաճաշում էին, երեւում էր՝ ուշադրություն չէին ցանկանում գրավել: Երբ նրանք պատրաստվում էին դուրս գալ, ես որոշեցի այնուամենայնիվ մոտենալ: «Բարեւ ձեզ, ուզում ենք ձեր հետ լուսանկարվել- ասացի ես ու բառերն անկախ ինձնից արտասանվեցին,- ու ձեզ շնորհակալություն հայտնել»: «Ինչի՞ համար»,- շատ կարճ ասաց նա, ես էլ  դե ինչ պետք է ասեի՝ «ամեն ինչի»:

….  Երբ արդեն դուրս էինք եկել սրճարանից, քայլում էինք փողոցով ու դեռ Համասյանի հետ փոխանակած մի քանի բառերի ազդեցության տակ էինք, նկատեցինք՝ մեր մայրաքաղաքի ամենաէլիտար հյուրանոցներից մեկից երկու պատգամավոր դուրս եկան՝ գլուխները բարձր՝ առանց իրենց շուրջը նայելու: Տեսանք, թե ինչպես նրանց դիմաց դուրս եկավ մի քաղաքացի՝ ձեռքը ինչ-որ թղթեր, դիմում էր ինչ-որ հարցով: Պատգամավորներից մեկը՝ դեմքի շատ լուրջ արտահայտությամբ միայն ասաց՝ շտապում ենք, հիմա չենք կարող խոսել…. Գիտեմ՝ բոլորին առավել շատ հիմա կհետաքրքրի այդ պատգամավորների անունները, կուսակցությունը, որ մեղադրանքներն անվանական լինեն, որ մեկնաբանություններում մենք նրանց իրենց համապատասխան «տեղը դնենք»: Բայց եկեք փորձենք հասկանալ՝ որտե՞ղ է մեր սեփական մեղավորությունը, մեր պատասխանատվությունը, ե՞րբ սխալվեցինք, որ այդ էլիտար հյուրանոցներից, այդքան հպարտ դեմքերով «մեր կողմից ընտրված» մարդկանցով մեզ շրջապատեցինք:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031