Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Դեսպանը ողջունում է «հայկական իշխանությունների դրսեւորած զուսպ քաղաքականությունը»

Մարտ 16,2016 15:00

«Առավոտ»-ին տված բացառիկ հարցազրույցում ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն միաժամանակ նշում է. «Հարկ է աչալուրջ լինել այս տարածաշրջանում»

– Պարոն դեսպան, որո՞նք են Հայաստան-Ֆրանսիա փոխհարաբերություններում առաջնահերթությունները, քաղաքական, տնտեսական ծրագրերը:

– Հայաստանն ունի ֆրանսիական ձեռնարկություններին գրավելու տնտեսական զարգացման ներուժ: Ֆրանս-հայկական առեւտրատնտեսական հարաբերությունները դեռեւս չափազանց համեստ են, մանավանդ, երբ դրանք համեմատվում են քաղաքական մեր գերազանց երկխոսության հետ: Ես ուրախ եմ, որ Հայաստանի նախագահը կիսում է այս կարծիքը եւ վերջերս վիճակը փոխելու ցուցումներ է տվել իր վարչակազմին:
Ֆրանսիան լավագույնս է իրեն դրսեւորել ներդրումների տեսանկյունից՝ զբաղեցնելով երկրորդ տեղը Հայաստանում: Ինչպես գիտեք, եվրոպական թվինինգ ծրագրի շրջանակում «Բիզնես Ֆրանս» գործակալությունը Էկոնոմիկայի նախարարության եւ Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ աշխատում է Հայաստանի նկատմամբ օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունն ամրապնդելու ուղղությամբ: Հայաստանը պետք է հոգ տանի ոչ միայն արտասահմանյան նոր ընկերություններ գրավելու, այլեւ առաջին հերթին աշխատի, որ արդեն հաստատված եւ գոհացնող ընկերություններն ունենան երկարաժամկետ հաստատվելու անհրաժեշտ պայմաններ: Կարեւոր է լուծել բոլոր խնդիրները, որոնց վերջիններս կարող են առնչվել տեղում: Այս ներդրումների հաջողությունը դրական ազդակ կծառայի ուրիշ ներդրողների համար:

Ընդգծված է Ֆրանսիական ներկայությունը, հատկապես ջրամատակարարման ոլորտում: Ավելի քան մեկ տասնամյակ ջրամատակարարման կառավարումը Հայաստանում ստանձնել են ֆրանսիական երկու ընկերություններ՝ մայրաքաղաքում «Վեոլիան», ավելի քան 400 համայնքներում՝ «Սորը»: Ի գոհունակություն օգտատերերի՝ զգալի ներդրումներ կատարած այս ձեռնարկությունները շահագրգռված են շարունակելու իրենց գործունեությունը եւ մտադիր են մասնակցելու հայտամրցույթին: Իրենց տեխնիկական կարողություններին համարժեք հաջողություն եմ մաղթում նրանց:

Ֆրանսիական ընկերությունները հետաքրքրված են նաեւ քաղաքային ենթակառուցվածքների եւ դրանք համալրող միավորների ուղղությամբ, հատկապես տրանսպորտի ոլորտում: Նրանք ուշադիր հետեւում են այս ոլորտի հայտամրցույթներին: Այս առումով մարտի 15-ին Ֆրանսիայի դեսպանությունը քաղաքաշինության նախարարության հետ կազմակերպեց «Վերաիմաստավորել քաղաքը՝ միասին ավելի լավ ապրելու համար» խորագրով տնտեսական հանդիպում:

Սրանից զատ, Ֆրանսիան ցանկանում է սատարել Հայաստանի կայուն զարգացման կարեւոր ճյուղերին՝ գյուղատնտեսություն, առողջապահություն, զբոսաշրջություն: Վերջերս Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանի կառավարության հետ ստորագրեց Վեդու ջրամբարի կառուցման ֆինանսավորման 75 միլիոն արժողությամբ պայմանագիր: Այն հնարավորություն կտա լավագույնս կազմակերպել Արարատյան հարթավայրի գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգումը: Այս ոլորտում 2014 թվականի սկզբից երկկողմ համագործակցության նշանակալի զարգացումը նույն թվականի մայիսին նախագահ Օլանդի այցի շրջանակում համալրվեց Հայաստանի եւ Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարությունների միջեւ ստորագրված վարչական համաձայնությամբ: Նպատակն է՝ երկկողմ գործողությունները եվրոպական եւ բազմակողմ շրջանակների մեջ ներառելը եւ փոխլրացվածության ապահովումը: Թիրախային թեմատիկան՝ ինստիտուցիոնալ մակարդակ, գյուղատնտեսական խորհրդատվություն, խաղողագործություն, կաթնամթերք եւ պաշտպանված աշխարհագրական նշումներ:

– Բեռնում դեկտեմբերի 19-ին կայացավ վաղուց սպասված Սարգսյան-Ալիեւ հանդիպումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարության մեջ, մասնավորապես, մտահոգություն հայտնեցին ծանր զինատեսակների կիրառմամբ պայմանավորված զոհերի առնչությամբ եւ փաստեցին, թե նախագահներն իրենց աջակցությունն են հայտնել համանախագահների՝ շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին բռնության ռիսկերի նվազեցմանը, այդ թվում՝ հետաքննությունների մեխանիզմ կիրառելուն միտված առաջարկների մշակման աշխատանքին: Բայց Ադրբեջանը հետեւողականորեն խուսափում է սահմանին հետաքննությունների մեխանիզմ ստեղծելու առաջարկների վերաբերյալ դրական պատասխան տալուց: Ի՞նչ քայլեր պետք է հետեւեն, ըստ Ձեզ, պաշտոնական Բաքվի այս պահվածքին` ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ առհասարակ՝ միջազգային հանրության կողմից:

– Որպես գլոբալ դերակատար՝ Ֆրանսիան միշտ ուշադրություն է դարձրել Հարավային Կովկասի՝ որպես Արեւելքի եւ Արեւմուտքի, Ռուսաստանի եւ Միջին Արեւելքի միջեւ ռազմավարական խաչմերուկի իրավիճակին: Վաղեմի եւ խորն են մեր հարաբերությունները: Մարդկային շփումները հարուստ են՝ շնորհիվ Ֆրանսիայի հայ համայնքի: Հայաստանը հոգեհարազատ է շատ ֆրանսիացիների համար:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, որում Ֆրանսիան առանձնապես ներգրավված է որպես Մինսկի խմբի համանախագահ, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը Ֆրանսիայի կողմից սատարվող առաջնահերթություններից են: Ժամանակի ընթացքում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանների բացվելը կնպաստի տարածաշրջանի կայունացմանը եւ բարօրությանը: Սա է նպատակը, որին բոլորս պետք է համբերատարությամբ եւ վճռականորեն հետամուտ լինենք՝ առանց տեղի տալու:

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում բնականաբար գոհացուցիչ չէ: Մենք ցավում ենք, որ կիրառվում են ծանր զինատեսակներ, թիրախ է դառնում խաղաղ բնակչությունը: Երբեք բավական չի լինի կրկնել, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում: Որպես Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան ներգրավված է հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, ինչպես այդ մասին վկայեց 2014 թվականի աշնանը Փարիզում կազմակերպված նախագահների գագաթնաժողովը: Անհրաժեշտ է, որ կողմերը պահպանեն հրադադարի ռեժիմը եւ որքան հնարավոր է՝ շարունակեն երկխոսությունը: Համանախագահների կողմից առաջարկված շփման գծի միջադեպերի հետաքննության մեխանիզմների հաստատումը կլիներ լարվածությունը մեղմելու վստահության լավագույն միջոցը: Հարկ կլինի նաեւ զուգահեռաբար ստեղծել պայմաններ երկխոսության համար: Միջնորդներն այս ուղղությամբ կանոնավորապես առաջարկներ են անում: Կողմերը պետք է քաղաքական կամք դրսեւորեն Մադրիդյան երեք հիմնարար սկզբունքների վրա հիմնված փոխզիջման հասնելու համար:

– Ռուսաստանի Պետդումայի կոմունիստ պատգամավորները դիմել էին իշխանություններին` պահանջելով չեղարկել 1921թ. մարտի 16-ին Թուրքիայի հետ ստորագրված Մոսկվայի պայմանագիրը: Հետաքրքրական է, որ Հայաստանում այս առաջարկը պաշտպանողներ եղան: ՌԴ Պետդումայի պատգամավորների քայլին Թուրքիան, կարծես, պատասխան քայլ արեց, Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նշեց. «Այժմ կան երեք երկրներ, որոնց տարածքային ամբողջականությունը խախտել է Ռուսաստանը։ Խոսքը Վրաստանի, Ուկրաինայի ու Սիրիայի մասին է։ Այժմ սպառնալիքի տակ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ կապված Հայաստանի գործողությունների հետ, որին օգնում է Ռուսաստանը»: Պաշտոնական Անկարան առաջին անգամ որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության սպառնալիք մատնանշեց Ռուսաստանը: Սա Ձեր կարծիքով՝ չի՞ բարդացնում իրավիճակը ԼՂ կարգավորման գործընթացում:

– Ֆրանսիան անհանգստացած է տարածաշրջանում լարվածության ուժգնացմամբ: Նա Ռուսաստանին եւ Թուրքիային դիմել է հարաբերությունները մեղմելու կոչով: Հարկ է աչալուրջ լինել այս տարածաշրջանում, որպեսզի արդեն իսկ գոյություն ունեցող խնդիրներին նոր լարվածություններ եւս չավելանան: Այս առումով ողջունում եմ հայկական իշխանությունների դրսեւորած զուսպ քաղաքականությունը: Ինչ վերաբերում է ուղղակի ազդեցությանը Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա՝ այս պահին ես նման բան չեմ տեսնում:

– Հունվարի 16-ը` Գործարկման օրը, «պատմական» օր է համարվում Իրանի համար, ՄԱԿ-ի ԱԽ բոլոր պատժամիջոցներն ու ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների մի մասը չեղարկվեցին։ ՀՀ իշխանությունները, գործարար հանրությունը, փորձագետները արտահայտվում են հայ-իրանական տնտեսական, քաղաքական, ռազմական կապերի խորացման օգտին: Ի՞նչ դիրքորոշում ունի Ֆրանսիայի կառավարությունը Հայաստան-Իրան տնտեսական, քաղաքական, ռազմական կապերի խորացման վերաբերյալ, էներգետիկ ոլորտում հայ-իրանական համագործակցության ընդլայնման հնարավորությունների առիթով:

– Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը գերազանց նորություն է Հայաստանի համար: Տնտեսական տեսանկյունից սա նպաստավոր առիթներ է ընձեռում Հայաստանի, ինչպես նաեւ Ֆրանսիայի համար: Որպես տարանցիկ երկիր Իրանի, արեւմտյան եւ ԵՏՄ անդամ երկրների միջեւ՝ Հայաստանը լավ խաղաքարտ ունի: Դրա համար կարեւոր է զարգացնել երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքները: Միջնաժամկետ տեսանկյունից մեծ ներուժ ունի էներգետիկ ոլորտի համագործակցությունը: Անշուշտ, տնտեսական գործընկերների դիվերսիֆիկացումը բխում է Հայաստանի շահերից: Այն ամենը, ինչը միտված է տարածաշրջանային ինտեգրման ամրապնդմանը՝ լինի դա քաղաքական համակարգ, առեւտուր կամ համագործակցություն, ճիշտ ուղու վրա է:

– Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է: Ֆրանսիայի կառավարությունը ինչպե՞ս է գնահատում մեր տարածաշրջանում Ռուսաստանի քայլերը: Հայ-ռուսական հարաբերությունները, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը չե՞ն խանգարի Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ արդյունավետ փոխհարաբերությունների հաստատմանը: Հայաստան-ԵՄ իրավական նոր փաստաթուղթը, որի շուրջ բանակցում են, ի՞նչ նշանակություն ունի Հայաստանի համար:

– Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը թույլ չտվեց ստորագրել Եվրամիության հետ բանակցված Ասոցացման համաձայնագիրը: Սա Հայաստանի ինքնիշխան որոշումն է, որը մենք հարգում ենք: Հայաստանի այդ որոշումը հայտարարելու պահից Ֆրանսիան հանդես եկավ ԵՄ երկխոսությունը Երեւանի հետ վերսկսելու օգտին: Մենք ուրախ ենք, որ 2015-ի վերջին մեկնարկեցին Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները, եւ ուրախ ենք վերջիններիս հաջող ընթացքի համար: Տիկին Մոգերինիի այցը հաստատեց երկու կողմերի շահագրգռվածությունը՝ կնքելու որքան հնարավոր է հավակնոտ մի համաձայնագիր: Օգտակար է կանոնավորապես հիշեցնել, որ 28 անդամ ունեցող ԵՄ-ն Հայաստանի առեւտրային թիվ մեկ գործընկերն է, ներդրողը եւ վարկեր տրամադրող կառույցը: Մենք ցանկանում ենք, որ այս գործընկերությունը խորանա, եւ որ Հայաստանը կառավարման առումով շարունակի մոտենալ եվրոպական չափորոշիչներին: Կարեւոր է շարունակել գործարար մթնոլորտը բարելավելու, արդարադատության անկախությունն ուժեղացնելու եւ ընտրական գործընթացների նկատմամբ քաղաքացիների վստահությունը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկված բարեփոխումները: Մենք հուսով ենք, որ ապագա ընտրական բարեփոխումը հավուր պատշաճի հաշվի կառնի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի դիտարկումները:

– Պարոն դեսպան, ինչպե՞ս եք վերաբերվում հայաստանյան քաղաքական դաշտից Ռուսաստանին եւ ՀԱՊԿ-ին անվերապահ, նույնիսկ ռազմական աջակցություն ցուցաբերելու հայտարարություններին՝ հնարավոր ռուս-թուրքական բախման պարագայում:

– Դրան չենք հասել, եւ հուսով եմ, որ երբեք չենք առճակատվի նման իրավիճակի հետ: Արդեն ասացի՝ Հայաստանի իշխանությունները որդեգրել են, ըստ իս, իրենց շահերից բխող զսպվածության քաղաքականություն: Ֆրանսիան ցանկանում է հիշեցնել բոլոր կողմերին, որ մենք ունենք մի ընդհանուր թշնամի՝ ահաբեկչությունը: Ռուսաստանը, Թուրքիան, Ֆրանսիան, բազմաթիվ այլ երկրներ ԴԱԻՇ-ի եւ նրա հետեւորդների թիրախում են: Գերակայություն է թույլ չտալ ջիհադիստական ահաբեկչությանը վնասներ պատճառել Սիրիայում, Իրաքում, Լիբիայում եւ ողջ աշխարհում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031