Լրահոս
Օրվա լրահոսը

Հայր եւ որդի նկարիչները բնապահպանական ուղերձով հանդես կգան

Մարտ 17,2016 22:20

ՀՀ ժողովրդական նկարիչ Զուլում Գրիգորյանի եւ նրա որդու Մուշեղ Գրիգորյանի հերթական ցուցահանդեսն այս անգամ բնապահպանական ուղղվածություն ունի:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Մուշեղ Գրիգորյանը, ՄԱԿ-ի գրասենյակում մարտի 18-ին բացվող ցուցահանդեսը, որ նախաձեռնել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը եւ «Հայաստանի ծառատունկ» ծրագիրը (ATP), նվիրված է Անտառների եւ ծառի միջազգային օրվան: Վերջինս նշվում է ամեն տարվա մարտի 21-ին:

Կրտսեր Գրիգորյանը տեղեկացրեց, որ հիմնականում ցուցադրվելու են իրենց նատյուրմորտները, բնանկարները, ծաղիկները, ներկայացված կլինի շուրջ 25 աշխատանք, որից 5-ը հոր՝ Զուլում Գրիգորյանի նկարներն են, մնացածը իրենը:

Ցուցահանդեսը բաց կլինի երեք շաբաթ:

zulum3 zzz3 zzz4 zzz5

Մուշեղ Գրիգորյանը նշեց, որ բնապահպանական ուղերձով ցուցահանդեսի հայր եւ որդի առաջին անգամ են մասնակցում, թեեւ էությամբ բնութենապաշտ են: «Բնանկարները 30 տարվա իմ ստեղծագործական կյանքում մեծ տեղ ունեն, թեեւ ունեմ ինչպես աբստրակտ, այնպես էլ ֆիգուրատիվ աշխատանքներ»,-ասաց մեր զրուցակիցը: Նա հավելեց, որ ցուցահանդես-վաճառքի արդյունքում գոյացած հասույթի մի մասը կտրամադրվի «Հայաստանի ծառատունկ» ծրագրին, որի շնորհիվ քսան տարի է՝ ծառեր են տնկվում Հայաստանում:

Մուշեղ Գրիգորյանը կարծում է, որ բնապահպանական խնդիրները սրությամբ են արտահայտված ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում: «Որքան գիտեմ, մեզ մոտ պաշտոնական տվյալներով անտառային տարածքները կրճատվել են, մինչդեռ ես ավելի շատ կանաչ կուզեի տեսնել: Ճիշտ է, եւ պետությունը, եւ մասնավոր կառույցները եւ հասարակությունը մտահոգ է դրանով, զբաղվում է խնդրով, բայց միեւնույն է այն մնում է չլուծված»,- նշեց նկարիչը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Ֆեյսբուքից եւ naregatsi.org-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031