Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարեւ Երեւանը» դեմ է եւ չի ընդունում քաղաքապետարանի նախորդ տարվա բյուջեով կատարված ծախսերի հաշվետվությունը

Մարտ 18,2016 17:19

«Ինչ էլ անենք, մեկ է, կասկածելու են, պետք է թեթեւ տանենք:

Մարդը գալիս է աշխատանքի, որ կասկածի եւ սեւացնի կատարած աշխատանքը»,-այսօր քաղաքապետարանում տեղի ունեցող Երեւանի ավագանու նիստում ասաց քաղաքապետ Տարոն Մարգարյանը` Երեւան քաղաքի 2015 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ: Տարոն Մարգարյանն այսպես արձագանքեց «Բարեւ Երեւան» խմբակցության ավագանու անդամ Արմեն Մարտիրոսյանի ելույթին, որտեղ պարոն Մարտիրոսյանը հիշեցրել էր, որ դեկտեմբերի 6-ին Սահմանադրության հանրաքվեի օրը կատարած ընտրախախտումները  հիմնականում կատարել են վարչական շրջանների, Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակիցները, որոնք հենց այդ բյուջեից են վարձատրվում:

Պարոն Մարտիրոսյանն ասաց, որ դեմ է այդ բյուջեին. «Ուսումնական հաստատություններ՝ մանկապարտեզներից սկսած մինչեւ բուհեր ներգրավվեցին այդ ընտրախախտումներում, դեմ եմ բյուջեի այս հաշվետվությանը ե՛ւ բովանդակային առումով, ե՛ւ արդյունավետության առումով»:

8273

«Բարեւ Երեւան» խմբակցությունը հայտարարեց, թե չի ընդունում նախորդ տարվա բյուջեով կատարված ծախսերի հաշվետվությունը:

«Բարեւ Երեւան»-ի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը հիշեցրեց, որ ավագանու ստեղծման առաջին իսկ օրվանից հարց է դրված էլեկտրոնային քվեարկության անցնելը, սակայն մինչ օրս հարցն այդպես էլ չի լուծվում: Տիկին Բախշյանն ինքն իր ասածին հավելեց. «Չնայած լավ է, որ ձեռքով ենք քվեարկում, մեկը մյուսի տեղը չի քվեարկի»: Տիկին Բախշյանը նաեւ հետաքրքրվեց, թե ինչու ուղիղ հեռարձակվող Ավագանու նիստերը չեն արխիվացվում, ինչպես Ազգային ժողովում:

Տարոն Մարգարյանը պատասխանեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Թամար Պողոսյանի այն մտահոգություններին, որ մայրաքաղաքում վերելակային տնտեսությունում լուրջ խնդիրներ կան:

Taron-Margaryan Avagani

Քաղաքապետն ասաց, որ հարյուր միլիոն դոլար է անհրաժեշտ վերելակային տնտեսությունը փոխելու համար եւ որ այդ ուղղությամբ բանակցում են միջազգային կազմակերպությունների հետ: Ըստ Տարոն Մարգարյանի, գումարների բացակայությունն է պատճառը, որ մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի համար նախատեսված բարեփոխումներն ուշանում են: Այս հարցով էլ ավագանու նիստում հետաքրքրվեցին «Բարեւ Երեւանի» անդամները:

Անահիտ Բախշյանն արձագանքելով նիստի օրակարգի 6-րդ հարցին, որով ներկայացվում էր Շենգավիթի նետաձգության մարզաակումբի կանոնադրությունը, ասաց, որ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ստեղծվում են հիմնադրամներ, սակայն դրանք հակասում են հիմնադրամների ստեղծման մասին օրենքին: Տիկին Բախշյանն ասաց, որ իրեն ոչ ոք չի կարող համոզել, որ այդ բարեգործական հիմնադրամների միջոցով մեր երկիր ներկրվող մարզագույքը, որն ըստ օրենքի չի մաքսազերծվում, «ատկատներ» չունի:

Տարոն Մարգարյանն ի պատասխան ասաց. «Ձեզ չենք համոզում, չենք էլ փորձում համոզել, ձեր իրավունքն է, թե ոնց կքվեարկեք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031