Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր մեղքի բաժինը

Մարտ 19,2016 10:00

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հայտարարել է, որ սկսում է ժողովրդի «երրորդ մոբիլիզացիան»: Առաջին հարցը, որն այս առիթով առաջանում է` իսկ ի՞նչ արդյունքների են բերել առաջին երկու «մոբիլիզացիաները»: Տրամաբանական է, չէ՞, հարցնել` եթե նախորդ «մոբիլիզացիաների» արդյունքում «ռեժիմը» չհեռացավ, իսկ ձեր հանրահավաքներին մասնակցում էր մի քանի տասնյակ մարդ, ապա ինչո՞ւ դուք չեք արձանագրում, որ դա ժողովրդի մոբիլիզացիա չէր, եւ ինչո՞ւ չեք բացատրում հայտարարված ամպագոռգոռ նպատակների՝ իրականություն չդառնալու պատճառները ու հետո միայն հայտարարում նույնքան աշխարհացունց ծրագրերի մասին: Այդ հարցը պետք է տան առաջին հերթին լրագրողները: Բայց մենք դա չենք անում, եւ ես կարող եմ ենթադրել, թե ինչու: Որովհետեւ վախենում ենք, որ կհայտնվեն «սուպերընդդիմադիրներ» եւ կասեն` «տեսա՞ք, ժողովրդի երրորդ մոբիլիզացիայի պատճառով ռեժիմը խուճապի մեջ է եւ դրա համար փորձում է վարկաբեկել հզոր ժողովրդական շարժումը»: Բայց մեր այդ «զգուշավոր» դիրքը նպաստում է նրան, որ 50 հոգանոց հանրահավաքները ներկայացվում են որպես «ընդդիմադիր ճակատ», իսկ իրական ազդեցիկ ընդդիմություն այդպես էլ չի ձեւավորվում:

Բերեմ մեկ այլ օրինակ՝ ինձ թվում է, շատ ավելի կարեւոր ոլորտից: Երբ «հիմնադրվում էր» ավագ դպրոցը, կրթության պատասխանատուները նույնչափ ամպագոռգոռ հայտարարում էին, որ վերջ՝ էլ կրկնուսույցներ չեն լինելու, պատանիները «հոսքերում» այնքան խորն են ուսումնասիրելու իրենց հետաքրքրող առարկաները, որ համարյա պատրաստի ուսանողներ են դառնալու, իսկ բուհական դասախոսները զանգվածաբար գալու են դասավանդելու ավագ դպրոց: Բայց իրականությունն այդ բարձր խոսքերից չափազանց հեռու է. շարքային ավագ դպրոցների պարագայում կրկնուսույցների կարիքն առաջվա պես կա, իսկ բուհերի դասախոսներն այնտեղ չեն դասավանդում: Ավագ դպրոցը պարզապես նախկին դպրոցի 9-10-րդ դասարանների 4 տարով «ձգված» տարբերակն է՝ ուսուցման նույն, եթե ոչ՝ ավելի վատ որակով: Ոլորտն, անշուշտ, պահանջում է լուրջ ներդրումներ, բայց ներդրումներից առաջ՝ վերլուծություն, թե ինչու ամպագոռգոռ խոստումները չեն կատարվել, պետք է նաեւ բարեփոխումների լուրջ, իրատեսական ծրագիր: Լրատվամիջոցներին այդ թեման հետաքրքրո՞ւմ է: Բացարձակապես, որովհետեւ Նիկոլի եւ Շմայսի երկխոսությունը (դե, իհարկե, դատապարտող «վախ-վուխ»-երով) շատ ավելի մեծ լսարան է ապահովում:

…Երեկ փաստաբան Հայկ Ալումյանն «Ա1+»-ում ինձ տված հարցազրույցում ասաց, որ բոլորն իրավունք ունեն բողոքելու դատարաններից եւ քննչական մարմիններից: Ըստ նրա՝ բոլորը, բացի փաստաբաններից, որովհետեւ այդ երկու համակարգերի աշխատանքի բարելավումը ուղղակիորեն կախված է փաստաբանների հետեւողականությունից եւ պրոֆեսիոնալիզմից: Գուցե նման բան կարելի է ասել նաեւ մեր՝ լրագրողներիս մասին:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Յարգելի Խմբագրապետ, խնդիրը այն չէ որ լրագրողները տեղեկութիւններ են հրատարակում այս կամ այն նիւթի մասին: Անշուշտ թէ իրենց չի մնար «զտումներ» կատարել այդ ուղղութեամբ:

    Խնդիրը՝ չափին, չափաստիճանին, «դեղաչափութեան» մէջ է: Նիւթին համեմատ, լրատվութեան քանակին կը վերաբերի, եւ ոչ թէ անոր անհետացման: Եւ այդ մէկը հնարաւոր է ճշդել, ըստ նիւթի տարողութեան: Կամ գոնէ ասենք՝ այդ ուղղութեամբ, համեմատական խոշոր անհաւասարակշռութիւնը հեշտ է նկատել, յաճախ բացայայտ է:

    Ոչ թէ որպէս պատկեր, այլ բառացիօրէն, պատահում է որ աննշան ցոյցի մը կամ մամլոյ ասուլիսի մը մասին լրատվական հաղորդումների թիւը գրեթէ նոյնքան ըլլայ որքան անոր մասնակցողների իսկական թիւը…

    Յօդվածների երկարապատո՜ւն շարքերի կը հանդիպինք, օրեր շարունակ, «դէպքերի» մասին ուր լրագրողների թիւը աւելի մեծ է քան անոնց մասնակիցներինը:

    Երկարատեւ վիդեոներ կը հրատարակվին իբրեւ թէ հանրահաւաքի մը մասին, ուր ֆոտոխցիկը հարթակին վրայէն չի շարժիր, եւ երբեք չենք տեսնէր հաւաքված քաղաքացիների թիւը – եթէ կան -:

    Երբեմն, մի հատիկ դէպքի մասին – օրինակի համար, մամլոյ ասուլիս մը, կամ տասը հոգինոց ցոյցիկ մը -, այս ե-թերթին մէջ իսկ, միեւնոյն լրագրողը բազմաթիւ անջատ, փոքրիկ-փոքրիկ, ետեւ-ետեւի յօդվածներ կը հրատարակէ, պատից-պատ գորքի նման անոնցմով կը լեցնէ ամբողջ էջ մը: Մինչ, շատ հեշտօրէն կարելի է այդ մէկ լուրի բազմաթիւ բեկորները միացնել մէկ յօդվածի մէջ: Եւ անցնիլ այլ նիւթերի…

    Մնացեալը, թէ՝ ինչո՞ւ այդպէս է կացութիւնը, արդէն «միտումների դատավարութիւն» է, բան մը՝ որմէ նախընտրելի է ընդհանրապէս խուսափիլ: Սակայն վերեւ պարզված անհերքելի իրականութիւնների լոյսին տակ, կարելի չէ այպանել որ ոմանք յետին – եւ այլազան բնոյթի – նպատակներ, ընդյատակեայ միտումներ, բազմատեսակ հաշիւներ վերագրեն այս երեւոյթներին:

    Ամէն դէպքում, այսպիսի մօտեցումների պատճառով է որ հանրային կարծիքը, համայն աշխարհի մէջ, շատ ել դրական չէ լրագրողների նկատմամբ: Մինչ պէտք է որ լինէր հակառակը, նկատի ունենալով որ լրագրութիւնը, սկզբունքով, կը միտի կարեւոր ճշմարտութիւններ քողազերծելու:

    (Սակայն կարող էք մխիթարվիլ, յիշեալ համաշխարհային հանրային կարծիքը դեռ աւելի բացասական է՝ փաստաբանների նկատմամբ: Այդ մէկն ալ յաճախ իրաւացիօրէն, ափսոս) :

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031