Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորի բառապաշարն ու մեր կարգազանց պատգամավորները

Մարտ 21,2016 14:30

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում բանավիճում են «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը եւ ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը:

Հռիփսիմե Ջեբեջյան– Խորհրդարանում մեծ աղմուկ բարձրացրեց Առաքել Մովսիսյանի եւ Նիկոլ Փաշինյանի հետ կապված միջադեպը: Տիկին Բախշյան, տարիներ առաջ, երբ Դուք պատգամավոր էիք, նման մի միջադեպ եղավ նաեւ Արմեն Մարտիրոսյանի եւ Առաքել Մովսիսյանի միջեւ, երբ վերջինս «հայվան» անվանեց պատգամավորին: Այս առումով ի՞նչ է փոխվել խորհրդարանում այսօր:

Անահիտ Բախշյան- Խորհրդարանը բազմակարծության տեղ է: Անխուսափելի են նման բաները: Եթե այդ նույն Առաքել Մովսիսյանը Նիկոլ Փաշինյանի չափ աշխատեր եւ նրա չափ մեր հասարակությանը հուզող տարբեր խնդիրներ վեր հաներ այդպես փաստացի եւ այդպես դիպուկ, հետո այդ բանն աներ, կասեինք՝ հա, ոչինչ: Եթե մարդն աշխատում է, իր ինտելեկտով համապատասխանում է պատգամավոր լինելուն, կրքերի բորբոքումը ամեն խորհրդարանում էլ տեսնում ենք: Դրան վատ չեմ նայում: Շատ վատ եմ նայում այն փաստին, որ ո՛չ գրագիտությամբ են աչքի ընկնում, ո՛չ ինտելեկտով են աչքի ընկնում, ո՛չ իրենց դիրքով, էդքանի հետ մեկտեղ էլ համարձակվում են հայհոյել, սա արդեն լուրջ մտահոգություն է: Ինձ շատ մտահոգում է նաեւ այն, որ ամեն անգամ այս աղմուկը բարձրանում է, երբ ՀՀ նախագահին ինչ-որ բան է ասվում, եւ իրենք իրենց կոտորելով, ամենաանշնորհք ձեւով ուզում են պաշտպանել: Դրանից նախագահը չի՞ վիրավորվում, ի՞նչ է զգում, իրեն պե՞տք է դա, որ Առաքել Մովսիսյանը վեր կենա հայհոյի Նիկոլին, ինչ է թե՝ Նիկոլը Սերժ Սարգսյանին ինչ-որ բան է ասում: Այդ մարդիկ գնացել են պառլամենտ եւ չեն հասկանում, որ դա կարծիքների բախման տեղ է: Այդ մարդը չի աշխատում, հետն էլ հայհոյում է, այդ մարդու տեղը խորհրդարա՞նն է, թե՞ մի այլ տեղ:

Հ. Ջ.– Ըստ Առաքել Մովսիսյանի՝ Սերժ Սարգսյանը, բացի այն, որ երկրի նախագահն է, սիմվոլ է, նաեւ իր մարտական ընկերն է: Այն ժամանակ, երբ հնչում է Սերժ Սարգսյանի հասցեին վիրավորանք, իր թասիբն է խոսում, չե՞ք գտնում, որ այդտեղ կա որոշակի արդարացում: Խորհրդարանում ինչ-որ մեկը իր նախագահին բան է ասում, եւ բնազդաբար նա ընդդիմանում է:

Ա. Բ.- Այդտեղ բնազդը չպետք է աշխատի, ինտելեկտը պիտի աշխատի, ընտրված բառապաշարը: Անգամ եթե ընկերն է, իրար հետ են կռվել, միեւնույն է՝ այդտեղ ինքը չի պաշտպանում նախագահին, իր վարքով վարկաբեկում է նախագահին:

Հ. Ջ.- Պարոն Բոստանջյան, ԱԺ-ում էթիկայի հանձնաժողով է գործում: Կարո՞ղ է դա ինչ-որ բան փոխել պատգամավորների վարքում, այնպես անել, որ լրագրողներին չասեն նախիր, ծնոտդ կպոկեմ, չհայհոյեն:

Վարդան Բոստանջյան– Իհարկե, հանձնաժողովը չի կարող անել այն, ինչ մենք ակնկալում ենք: Մի մոռացեք, որ մեր ԱԺ-ում եղել է Հոկտեմբերի 27: Համեմատելով՝ կարող ենք ասել՝ ավելի լավ չէ՞ հայհոյանք լիներ, նման վիճակ չլիներ: Անկախ կրթվածության մակարդակից՝ 131 պատգամավորները որոշակի վաստակ ունեն: Օրինակ՝ եթե ես Առաքել Մովսիսյանի հետ, իր կողքին լինեի, ես կասեի՝ Առաքե՛լ ջան, պե՛տք չի: Նա ինձ կլսեր:

Հ. Ջ.– Պարոն Բոստանջյան, բազմաթիվ տեսանյութեր կան, թե ինչպես են ԲՀԿ պատգամավորները բացակա պատգամավորների փոխարեն քվեարկում, որը նույնպես կարգազանցություն է: Հարություն Ղարագյոզյանի՝ Կարամելի Հարութի հետ կապված միջադեպեր են եղել, թե ինչպես է հայհոյել դատական կարգադրիչներին: ԲՀԿ անդամ Հրանտ Դավթյանի հետ կապված դեպքեր են եղել, թե ինչպես է ամենավերջին սեռական բնույթի հայհոյանքներ տվել ոստիկաններին: Բա ինչո՞ւ գոնե ձերոնց չեք աում՝ Հարությո՛ւն, մի՛ արա, կամ՝ Հրա՛նտ, մի՛ արա: Նրանց հետ նույն թիմում եք, մտերիմ կլինեք:

Վ. Բ.- Դա էլ է հարաբերական՝ մտերիմ, մտերիմ: Հո իրար ծոց չե՞նք քնում: Դուք ինքներդ էլ գիտեք, թե ամեն մեկը ինչ ձեւով է դառնում պատգամավոր՝ բացառությամբ 1-2-ի: Մասնավորապես, ինձ պատահական բերեցին, դարձրեցին պատգամավոր, ուզում եք խորանա՞նք էդ բանի մեջ: Պարզ չի՞, թե ով ոնց է դառնում: Ուզում եմ ասել՝ դա դեռեւս չի նշանակում, որ իրար ահավոր մտերիմ ենք ու ընկեր ենք: Ծանոթ ենք: Մենք թիմ ենք, բայց… Խնդրեմ, «Ժառանգությունը» թիմ էր, էդ թիմից բան մնացե՞լ է: Անցած տարվա փետրվարի 12-ին թողեցի՞ն թիմ մնա, է՞դ էիք ուզում ես ասեի:

Հ. Ջ.- Կարո՞ղ է Սերժ Սարգսյանը կարգազանց պատգամավորներին, այդ տեսակի մարդկանց ցուցակում չընդգրկել, թե՞ շղթայով կապված են: Դուք ունե՞ք որեւէ լուծում:

Վ. Բ.- Շղթան միշտ գոյություն ունի, մենք հասկանում ենք, որ իշխանության համար պայքարն ահավոր մի բան է: Բացառված է, որ էմոցիոնալ սթրեսներ ու պայթյուններ չլինեն: Պարզապես սա առավելապես մեղմելու համար քաղաքական գործիչը հեգնական մոտեցում պետք է չունենա: Դա մեր հասարակությունն է, ո՞ւմ ես դու հեգնում: Քո երկրի նախագահն է, դու ո՞նց կարող ես քո երկրի նախագահի վերաբերյալ նման ձեւով արտահայտվել: Կարծում եք՝ սխալը միակողմանի՞ է: Մեկն ասում է՝ մի կողմի վրա ես աշխատում, ուզում եմ հասկանալ՝ ո՞վ ես դու:


ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031