Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Պետական կառույցները գերադասում են կոռուպցիոն ռիսկերով լի մեկ անձից պետգնումները

Մարտ 25,2016 14:00

Մեր երկրի պետական բյուջեի, մեղմ ասած, անարդյունավետ ծախսերի մասին պարբերաբար բարձրաձայնում են մասնագետները. այս խնդրի մասին Վերահսկիչ պալատը մեկ անգամ չէ, որ իր հաշվետվություններում անդրադարձել է, սակայն, ինչպես արձանագրում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, պետական բյուջեի փողերը շարունակվում են մսխվել:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը մշտապես խոշորացույցի տակ է պահում պետական գնումների ոլորտը: Կենտրոնը երեկ հրապարակել է պետական գնումներում կատարած իրենց ուսումնասիրության հաշվետվությունը: Պետական գնումներում բոլոր տեսակի գնումների մեջ, ըստ գնումների աջակցման կենտրոնի 9 ամիսների տվյալների, 70%-ը կատարվել է մեկ անձից գնման ընթացակարգով: Իսկ ըստ կառավարության մեկ անձից գնումների կայքէջի՝ 2015-ին 183 միլիարդ դրամի մեկ անձից գնումներ են կատարվել: Մեկ անձից գնումն, իրականում, վատ բան չէ, եթե այն, ինչպես փաստում են փորձագետները, չլիներ Հայաստանի մենաշնորհային տնտեսությունում, եւ եթե այն չկատարվեր պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված ընկերություններից:
Հակակոռուպցիոն կենտրոնը ներկայացրել է այնպիսի գնումների օրինակներ, որոնք, ըստ կենտրոնի, շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի, բյուջետային անարդյունավետության, անբավարար թափանցիկության մասին են խոսում:

Օրինակ՝ Ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ) պարբերաբար մեկ անձի հիմքով կանոնավոր օդային փոխադրման ծառայություններ է ձեռք բերում «Ինվենտ Սերվիս» ՍՊԸ-ից, որը, համաձայն իրենց կայքում զետեղված տեղեկությունների, զբաղվում է անշարժ գույքի կադաստրային չափագրումով եւ գեոդեզիայով: Պակաս կասկածելի չէ նաեւ այն, որ ԱԱԽ-ն մեկ անձի հիմքով աշխատակիցների վերապատրաստման ծառայություններ է ձեռք բերում միայն Երեւանի պետական համալսարան հիմնադրամից:
Հակակոռուպցիոն կենտրոնի գնահատմամբ՝ կոռուպցիոն ռիսկեր պարունակող մեկ անձից մի քանի տասնյակ միլիոնի, որոշ դեպքերում նաեւ 100 միլիոնից ավելի դրամի գնումներ են կատարել Շիրակի, Արմավիրի, Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Կոտայքի, Լոռու եւ Տավուշի մարզպետարանները:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հաշվետվությունում տեղ են գտել նաեւ այլ պետական գերատեսչություններ՝ Ազգային ժողովի համակարգչային ծառայությունները մեկ անձի հիմքով կնքվում են Աննա Հարությունյանի հետ՝ 3 մեկ անձից գնում` 2.5 միլիոն դրամի:

Առողջապահության նախարարությունն էլ «ԿՈՍՄՈՖԱՐՄ»-ի հետ 47 միլիոն դրամի պայմանագիր է կնքել, կրկին մեկ անձից: Նույն ընթացակարգով նախարարությունը «Մ.Լ.Ն. ՖԱՐՄ»-ի հետ ինսուլինի պայմանագիր է կնքել 225 միլիոն դրամի, «Նատալի Ֆարմ»-ի հետ էլ 151.8 միլիոն դրամի պայմանագիր է կնքել: Գյուղատնտեսության նախարարությունը «Եղվարդշին» ԲԲԸ-ի հետ 56.4 միլիոն դրամի պայմանագիր է կնքել:
Կառավարությունը 140 միլիոն դրամի ավիափոխադրման 20 ծառայություն է ձեռք բերել, «Վեկս» ՍՊԸ-ի հետ էլ՝ 53 միլիոն դրամի: ՀՀ ոստիկանության ծախսերում կենտրոնն առանձնացրել է մեկ անձից մի քանի գնումներ՝ խմածությունը չափող սարքերի պահեստամասերի 43 միլիոն դրամի գնում «Գվարդիա» ՍՊԸ-ի հետ, «ԱՐՄՍՏՐՈՅ»-ի հետ նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատման համար 24 միլիոն դրամի պայմանագրեր, «ԳՈՀԱՐԻԿ» ՍՊԸ-ի հետ 272 միլիոն դրամի շինարարական աշխատանքների իրականացում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համակարգչային սպասարկումը իրականացնում է բացառապես «Վարդան Մխիթարյան» ԱՁ-ի հետ: Ընդ որում, դրանք բոլորը իրականացվել են ընտրություններից հետո: Ուշագրավ է, որ «Բալենո սասթենիբլ գլոբալ դեւելոփմենթ» LTD-ի հետ 19.2 միլիոն դրամի թանաք` անհետացող, թանաքի բարձիկների պայմանագրի առարկայով մատակարարման վերջնաժամկետ է սահմանվել դեկտեմբերի 25-ը, այնինչ դրանք նախատեսված էին դեկտեմբերի 7-ի սահմանադրական հանրաքվեի համար:

Հակակոռուպցիոն կենտրոնն իր հաշվետվությունում նշել է, որ կրթության եւ գիտության նախարարության կողմից լրացուցիչ պարզաբանում է պահանջում «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ 74.2 միլիոն դրամի պարբերական հրապարակումների պայմանագիրը, «Մանմար» ՓԲԸ-ի հետ՝ 362 միլիոն դրամի, «Արեւիկ հրատարակչություն» ՓԲԸ-ի հետ՝ 41 միլիոն դրամի, «Էդիտ Պրինտ» ՍՊԸ-ի հետ՝ 63 միլիոն դրամի, «Զանգակ-97» ՍՊԸ-ի հետ՝ 308 միլիոն դրամի, այլ պոլիգրաֆիական արտադրանքի տպագրման ծառայությունները: Կրթական օբյեկտների հիմնանորոգումն իրականացվել է «Ագաթ 777» ՍՊԸ-ի հետ՝ 35.8 միլիոն դրամի, որի նկատմամբ պայմանագրի կնքման ընթացքում գործ էր հարուցված:
Քաղաքաշինության նախարարության մեկ անձից կասկածելի գնումներում էլ հակակոռուպցիոն կենտրոնը նշել է «Երեւանշին» ՍՊԸ-ի հետ այլ շենքերի, շինությունների հիմնանորոգման գնումը՝ 264 միլիոն դրամ գումարով, «Բաղրամյանշին» ԲԲԸ-ի հետ Սարյանի տուն-թանգարանի վերակառուցումը՝ 51 միլիոն դրամով: «ՎԱԱՄ» ՍՊԸ՝ 34 միլիոն դրամ. վերանորոգել է Հայաստանի գրողների միության 300 տեղանոց մեծ դահլիճը: Նույն ընկերության հետ 62 միլիոն դրամի պայմանագիր է կնքվել կրկին մեկ անձից գնումներով՝ Երեւանի թիվ 22 հիմնական դպրոցի հիմնանորոգման համար: Կենտրոնի կասկածի տակ է հայտնվել նաեւ այն, որ քաղաքաշինության նախարարությանը 606 միլիոն դրամի գույք է մատակարարել «Գոլդեն Փելիս» հյուրանոցը, 145 միլիոն դրամի էլ՝ «Վալենսիա ՀՁ» ՍՊԸ-ն: Ընդ որում, ինչպես նկատել է կենտրոնը, դրանք կնքվել են 2015-ի սեպտեմբերի 16-ից դեկտեմբերի 25-ի համար: Այսինքն՝ 3 ամսվա համար օրական մոտ 9 մլն դրամ է վճարվել, ինչը առնվազն տարօրինակ է: Ըստ կենտրոնի՝ քննչական կոմիտեի կողմից լրացուցիչ պարզաբանում է ենթադրում «Ագաթ 777» ՍՊԸ-ի հետ վերակառուցման աշխատանքների վրա 332.7 միլիոն դրամի ծախսը:

Հակակոռուպցիոն կենտրոնի գնահատականով՝ ընդհանուր առմամբ մոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս, որ շարունակվում են անբավարար մնալ համապատասխան պետական կառավարման մարմինների հաշվետվողականության եւ թափանցիկության մակարդակները, ինչպես նաեւ բավական մեծ ծավալ են կազմում ռիսկային ձեռքբերումները` հիմնականում մեկ անձի հիմքով: Հակակոռուպցիոն կենտրոնի մասնագետները նշում են, որ պետական գերատեսչություններն ինչ-որ ՓԲԸ-ներ եւ այլ տեսակի ընկերություններ են ստեղծում, որոնց միջոցով էլ հաճախ կատարում են մեկ անձից պետական գնումները:

 
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031