Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնաբարված «հարսնացուն հյուսիսիցը» տեղյակ չի, թե կա վերաքննիչ բողոք

Մարտ 26,2016 13:00

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը, որը Տիգրան Ալավերդյանի բողոքի քննության գործով նախագահողն էր, տեսնելով ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի ներկայացուցիչներին դատարանում, հարցրեց, թե արդյոք դա ճնշում չի՞ կարող դիտվել արդարադատություն իրականացնողների վրա:
Մինչդեռ, հանձնաժողովի կողմից ուղարկված բազմափորձ իրավաբանը՝ Մարտին Թադեւոսյանը, դատարանում էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 6 տարվա ազատազրկման դատապարտված ամբաստանյալի դիմումի կապակցությամբ:

Մեղադրողն այս ատյանում փոխվել էր. ներկայացել էր Պերճ Դոլինյանը:
Վերաքննիչ քրեական դատարանի կազմն ամբողջական չէր, քանի որ դատավոր Ա. Դանիելյանը մեկ այլ գործով, այլ կազմով մասնակցում էր դատական նիստի:
Դատավարության կողմերից բացակայում էր տուժողը՝ ՌԴ հեռացած Անաստասիա Շ-ն, որին, ըստ քրեական գործի նյութերի, բռնաբարել էր Տ. Ալավերդյանը: Հայտնի չէր, թե այս տուժողն ընդհանրապես տեղյա՞կ է, որ մարզի առաջին ատյանում դատավաճիռ է կայացվել, որ ամբաստանյալը բողոք է բերել այդ դատավճռի դեմ, որ ամբաստանյալը չի ընդունում իրեն մեղսագրվածը եւ իր պաշտպանի՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նարինե Ռշտունու հետ բողոքելով՝ պահանջում է արդարացնել: Ի դեպ, առաջին ատյանի դատական նիստերը լուսաբանելիս, տեղեկացրել էի, որ պաշտպանը միջնորդել է, որպեսզի դատարանը պարզի տուժողի գտնվելու վայրը, որպեսզի տուժողը լրացուցիչ անգամ գա դատարան: Պաշտպանական կողմն ուներ հասցեն, եւ հավանաբար, եթե դատարանը միջոցներ չձեռնարկի տուժողին գտնելու, ուղարկի իր բողոքն ու իրենց պահանջները:
Դատարանը հետաձգեց բողոքի քննությունը:

Փաստաբան Նարինե Ռշտունու (լուսանկարում) վերաքննիչ բողոքը 18 համակարգչային էջից է բաղկացած: «Առավոտի» հետ զրույցում Ն.Ռշտունին ասաց, թե առաջին ատյանի դատարանի դատավճիռը հիմնված չի եղել բավարար ապացույցների համակցության վրա: «Դատարանը պարզապես շարադրել է մեղադրական եզրակացության մեջ թվարկված ապացույցները, ընդհանրապես չի անդրադարձել պաշտպանական կողմի ներկայացրած ապացույցներին, չի վերլուծել կամ հերքել դրանք:

Դատավճռի հիմքում օրենքի խախտմամբ դրվել են դատարանում չհետազոտված ապացույցները: Մասնավորապես, իրեղեն ապացույց ճանաչված տուժողի ներքնահագուստը՝ վարտիքը, եւ ոսկյա զարդերը»,- ասում է Ն. Ռշտունին: Բողոքում փաստաբանն, ի դեպ, նշել էր, որ դատարանը որպես ապացույց դիտել էր ամբաստանյալի նախաքննության ժամանակ տված ցուցմունքը, վկաներ, տուժողի սկեսրոջ ու սկեսրայրի՝ Հ. Սարգսյանի, Ն.Կարապետյանի ցուցմունքները, տուժողի եւ ամբաստանյալի միջեւ առերեսում կատարելու մասին արձանագրությունը: Սա այն դեպքում, երբ ըստ փաստաբանի, նշված ցուցմունքները չեն հետազոտվել, հետեւաբար, չէր կարող դրվել դատական ակտի հիմքում:

Դատարանում ամբաստանյալն ամբողջությամբ հերքեց տուժողի ցուցմունքը:
Նրանց ծանոթությունը եղել է սոցիալական ցանցի միջոցով: Տուժողը հայտնել էր, թե իրենց ծանոթությունը եղել է ընկերական, մինչդեռ, պաշտպանը սոցիալական ցանցում Տիգրանին ուղարկված նամակներից մեջբերում էր արել, պատճենները ներկայացնելով դատարան, համաձայն որի՝ տուժողը գալով Ռուսաստանից, նամակ էր գրել, հարցնելով. «Պրիվետ, ինձ հիշո՞ւմ ես», ապա՝ «Լովե, համբույրներ, ու՝ սիրահարվել եմ»:
Հեռակա տուժողն ասել էր, թե ամբաստանյալն իրեն տարել է բար, ապա հյուրանոց՝ իր կամքին հակառակ:

Փաստաբանը հղում էր կատարել քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչ Ա.Գրիգորյանի 2015թ. մարտի 25-ի որոշմանը, համաձայն որի՝ Տիգրան Ալավերդյանը առեւանգում չի կատարել: Չկար հանցակազմ:

«Փաստորեն, նախքննությամբ հերքվել էր տուժողի ցուցմունքներն այն մասին, թե Տիգրանը նրան տարել է բար, իր կամքին հակառակ՝ բռնի ուժով հրելով ավտոմեքենա նստեցնելու եղանակով: Մեղմ ասած, ոչ արժանահավատ են հնչում, սույն որոշման ներքո նաեւ տուժողի ցուցմունքները, որ իրեն տարել են հյուրանոցային համալիր՝ «մորթելու» համար»,- գրում է Ն. Ռշտունին:

«Շեկ կինը»՝ տուժողը ցուցմունք էր տվել, թե Տիգրանն այգում ապտակել է իրեն, քթից արյուն է եկել, ինչը հերքվել էր վկաներից մեկի ցուցմունքով:

Հյուրանոցային համալիրի աշխատակից վկաները հայտնել էին, թե ռուս աղջկա մոտ կասկածելի ոչինչ չեն նկատել, աղջիկն ընդհանրապես վախեցած չէր, նաեւ հայտնել էին, թե իրար թեւանցուկ՝ ժպտալով մտել են հյուրանոց: Ի դեպ, պարզվել էր, թե Տիգրանը հյուրանոցում տասնհինգ րոպե լոգանք է ընդունել, եթե տուժողի կամքին հակառակ որեւէ բան լիներ, տուժողը կկարողանար փախչել, կամ որեւէ այլ՝ օգնության քայլ ձեռնարկել:
Ըստ պաշտպանի, առաջին ատյանի դատարանը դատական ակտի նկարագրական մասում հարկ չի համարել անդրադառնալ վկաներից մի քանիսի ցուցմունքներին, բացատրություններին: Հյուրանոցի տերը ի պատասխան փաստաբանի հարցմանը, թե արդյոք հյուրանոցի պատուհանի ցանցը վնասվե՞լ է, հերքել էր՝ ասելով, բացառվում է, քանի որ պատուհանի ցանցը մետաղյա է, այլ ոչ թե կապրոնե, եւ տուժողն այն պատռելու դեպքում ձեռքը կվնասեր: Տուժողը նախաքննության ժամանակ հայտնել էր, որ փորձել է բացել պատուհանը:

Հյուրանոցի աշխատակիցներին դատարան հրավիրելու միջնորդությամբ պաշտպանը հանդես եկավ դեռ առաջին ատյանի դատարանում, սակայն նա մերժվեց:
Նարինե Ռշտունին իր բողոքում հղում է անում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներից մեկին, համաձայն որի՝ ապացուցման բեռը կրում է մեղադրանքի կողմը, եւ ցանկացած կասկած պետք է փարատվի հօգուտ մեղադրյալի: Այս գործում կասկածները բազմաթիվ են:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031