Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում «Լիր արքայի» տոմսեր չեն ճարվում. դեռ 10 օր առաջ տոմսարկղը  դատարկվել է  (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մարտ 26,2016 22:13

Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ը, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը նշելու է Վիլյամ Շեքսպիրի «Լիր արքայի» պրեմիերայով: Նշենք, որ այս թատրոնում Շեքսպիր բեմադրվել է 20 տարի առաջ: Այսօր տեղի ունեցավ գլխավոր փորձը, որին հրավիրել էին դիտելու լրագրողներին: Ներկայացման բեմադրիչը Արթուր Սահակյանն է, Լիր արքային մարմնավորում է արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը: Լիր արքան այնքան բնական էր խաղում, որ բեմադրիչ Արթուր Սահակյանը, բնութագրելով նրա խաղը, լրագրողների հետ զրույցում կատակով նշեց. «Երբ զանգում եմ Ռաֆայել Գրիգորյանին, ասում եմ՝ բարի լույս, վաշե վելիչեստվո»: Բեմադրիչը նաեւ շեշտեց, որ իր հետ մայրաքաղաքից դերասաններ չի բերել այս ներկայացման մեջ խաղալու, եւ որ բացի իրենից թե՛ դերասանական, թե՛ նկարչական ու երաժշտական անձնակազմը բացառապես  Գյումրու թատրոնից են: Այստեղ պրոֆեսիոնալ դերասանների կողքին խաղում են նաեւ երիտասարդներ, թատերականի ուսանողեր:

 

Ըստ բեմադրիչի, կարելի էր մայրաքաղաքից հրավիրել դերասանների, բայց դա արժեք չէր ունենա, ավելի լավ է գյումրեցի դերասանը օգտվի այդ հնարավորությունից, հարստացնի իր կենսագրությունը: Արթուր Սահակյանը նաեւ ներկայացրեց, որ մի տարի առաջ էին սկսել  պայմանավորվածություններն այս ներկայացման շուրջ, իսկ  այս տարվա հունվարի 14-ին բեմական աշխատանքներն են մեկնարկել ու բավական սեղմ ժամկետում կարողացել են ներկայացնել թատերական ամենածանր գործերից մեկը: Ռաֆայել Գրիգորյանն էլ իր հերթին կատակում է, թե «լավ ենք բեմում, ինչո՞ւ այս մասին չես ասում, ասա, ասա»:скачанные файлы скачанные файлы скачанные файлы

Տեսնելով հագուստները, բեմի զարդարանքը՝ Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ արժե «Լիր արքա» բեմադրելը, որին ի պատասխան թատրոնի տնօրեն Գեւորգ Խաչատրյանը  նշեց, որ գումարի չափ ասել չի կարող, քանի որ թատրոնը մինչ այս պահը դեռ ծախսեր է անում: Նա միեւնույն ժամանակ տեղեկացրեց՝ «Լիր արքայի» տոմսերը սպառվել են: Թատրոնի տնօրենը նշեց նաեւ, որ այս բեմադրությունը  պետությունը չի ֆինանսավորել, այլ թատրոնը բեմադրել է սեփական միջոցների հաշվին: «Սա ավելի լավ է, քան անընդհատ պետության ձեռքին նայես»,- ասաց տնօրեն Գեւորգ Խաչատրյանը: Արթուր Սահակյանն էլ արձագանքեց. «Ուղղակի ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ պետության մտքով այսպիսի բան չէր անցել, այ, էդ ես չեմ հասկանում», որին ի պատասխան թատրոնի տնօրենը նշեց, որ իրենք չեն էլ դիմել ֆինանսավորման համար:

Թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն էլ մանրամասնեց, որ թեեւ կարող էին թեթեւ ծախսեր անել ու  ժամանակակից մոտիվներով «Լիր արքա» բեմադրել, սակայն իրենք ներկայացման մեջ պահպանել են ճշգրիտ ժամանակաշրջանը, մեծ ծախսեր են արված. 70-80 զգեստներ են կարված, ժամանակաշրջանին հարիր դեկորացիա է արված: Ըստ Տիգրան Վիրաբյանի, այս ամենը խոսում է  այն մասին, որը որեւէ ֆինանս չի խնայվել բարձրորակ ներկայացում հանդիսատեսին մատուցելու համար: Ըստ նրա, դեռ տաս օր առաջ սպառված տոմսերն արդեն իսկ խոսում են այն մասին, որ իրենք օգտակարը համադրել են հաճելիի հետ:скачанные файлы скачанные файлы

«Բարձր որակով ներկայացումը նույնպես ունի պահանջարկ, ճիշտ է՝ դրանում մեծապես օգնում են թե՛ լրատվամիջոցների ցուցաբերած աջակցությունը, թե՛ բեմադրիչի հանդեպ մեծ հետաքրքրությունը հանրապետությունում. չէ՞ որ բեմադրությունն անում է Արթուր Սահակյանը, եւ հանդիսատեսի մեծ մասը հետաքրքրված է այդ ներկայացումով: Սա այն ներկայացումն է, որ մարդիկ գալիս են ոչ թե վերնագրի հետեւից, մարդիկ գալիս են ե՛ւ բեմադրիչի հետեւից , ե՛ւ թատրոնի հետեւից, ե՛ւ գլխավոր դերակատարի հետեւից: Այս ներկայացումը հնարավորություն տվեց թատրոնին բեմ վերադարձնել պարոն Ռաֆայել Գրիգորյանին, նա հրաշալի ռեժիսոր է , բայց հնարավորություն տվեց պարոն Ռաֆայել Գրիգորյանին խաղալ որպես դերասան, որը շատ մեծ դպրոց  է թե՛ թատրոնի համար, թե՛ երիտասարդների համար: Ներկայացումը հնարավորություն տվեց երկար տարիների բացակայությունից հետո հետ վերադարձնել արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանինը, որը նույնպես մեծ ձեռքբերում է (վերջինս մարմնավորում է Գլոստերի կերպարը)», -ասում է Տիգրան Վիրաբյանը:

Վարդան  Աճեմյանի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն էլ հավելում է. «Մենք մեր Լիրով հպարտանալու ենք, վստահ կարող եմ ասել ձեզ, Հայաստանում տարբեր թատրոններ բեմադրում են, մեր մեկնաբանությունը թե՛ ռեժիսորի, թե՛դերասանի շատ հետաքրքիր է, շատ ինքնատիպ է, եւ ամենակարեւորը ես ինքս կողմ եմ փորձարկումների ու երիտասարդներին, այս ներկայացումը հնարավորություն տվեց շատ երիտասարդների ստեղծագործել ու առաջ գնալ: Բնական է՝ մենք այդ նշաձողը պիտի կարողանանք պահպանել, այդ նույն երիտասարդների համար սա մի դպրոց էր, որ իրենք անցան»: Ըստ ռեժիսորի, վաղը կզգան, թե ինչքանով է ստացվել իրենց ներկայացումը, թեեւ վստահ է, որ ստացվել է:

Ի դեպ, քիչ առաջ հայտնի դարձավ, որ այսօրվա «Արտավազդ» մրցանակաբաշխությանը «Արտավազդ» է ստացել Գյումրու դրամատիկական թատրոնի դերասան Արսեն Միքայելյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031