Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնարամիտ վարորդնե՞ր են հայտնվել, որ հարբածությունը թանկարժեք ալկոտեստերով պիտի ստուգեն»

Մարտ 28,2016 14:00

Մարտի 23-ին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի մասնագետները ներկայացնելով պետական գնումների իրենց ուսումնասիրությունը՝ նշել էին, որ ՀՀ ոստիկանությունը 2015 թվականին գնել է հատը 1 միլիոն 98 հազար դրամանոց 45 հատ ալկոտեստեր: Բացի այս, անցյալ տարի ոստիկանությունը ձեռք է բերել Ճանապարհային երթեւեկության հսկման սարքեր՝ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների նկարահանման եւ արձանագրման, պարեկային ավտոմոբիլների համար համակարգով նախատեսված համապատասխան տեխնիկական միջոցներ. պայմանագիրը կնքվել է առավելագույն գին առաջարկած ընկերության հետ:

ՀՀ ոստիկանությունը մեր հարցմանն ի պատասխան՝ պարզաբանել էր, որ «Alcovisor yupiter» մոդելի պրոֆեսիոնալ ալկոտեստերի գինն իսկապես 1 միլիոն 98 հազար դրամ է:
Մրցույթի հաղթող «Լեգիոն 9» ընկերության տեղեկատվության համաձայն՝ այդ գնի մեջ մտնում է նաեւ սարքի հայաֆիկացումը, ՀՀ ստանդարտներին համապատասխան՝ վերածրագրավորումը պատվիրատուի պահանջով (ինչը անհնար է դարձնում միջամտությունը տվյալների բազային եւ բացառում կոռուպցիոն ռիսկերը), ինչպես եւ հարկերը, տուրքերը եւ այլ պարտադիր վճարները: Ի դեպ, փորձագետը սխալ է նշել նաեւ սարքի գինը ռուսաստանյան շուկայում: Սարքը ՌԴ-ում հանդես է գալիս Алкотектор Юпитер անվանումով եւ արժե ոչ թե 4-8 հազար, այլ 70 հազար ռուբլի (առանց վերածրագրավորման, հայաֆիկացման եւ համապատասխան հարկերի, տուրքերի եւ պարտադիր այլ վճարների): Ինչ վերաբերում է ճանապարհային երթեւեկության հսկման սարքերի գնմանը, ապա ավելի ցածր գնային առաջարկ (ի դեպ, ընդամենը 20 հազար դրամ) ներկայացրած մասնակցի հայտը մերժվել է, քանի որ սարքի չափորոշիչները չեն համապատասխանել տեխնիկական բնութագրով պահանջվող չափորոշիչներին, եւ այն չէր կարող լիարժեք ու որակով իրականացնել նախատեսված բոլոր գործառույթները:

Ոստիկանության այս պարզաբանումը, ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, «հիացրել է»:

Պարոն Հոկտանյանն ասաց, որ ինքն ավելի լուրջ եւ մասնագիտական պարզաբանում էր սպասում ոստիկանությունից: «Ինձ հիացրեց նրանց այն խոսքերը, որ «Alcovisor yupiter» մոդելի պրոֆեսիոնալ, ներկառուցված տպիչով 45 հատ լրակազմ, ալկոտեստերի գինն իսկապես 1 միլիոն 98 հազար դրամ է: Խնդիրն այն է, որ մենք ոչ Ավստրիա ենք, ոչ Գերմանիա, ոչ էլ Շվեյցարիա եւ չունենք այնպիսի բյուջե, որ կարողանանք այսպիսի գնով ալկոտեստեր գնել: Ես գտնում եմ, որ սա բյուջեի անիմաստ ծախս է: Ասում են՝ իսկապես 1 միլիոն 98 հազար դրամ արժե: Իսկ, կներեք, հնարավոր չէ՞ր սովորական ալկոտեստեր գնել՝ 4000-8000 ռուբլիանոց»,- ասաց Հոկտանյանը:

Անդրադառնալով ոստիկանության այն հիմնավորմանը, որ նշված ալկոտեստերը 70 հազար ռուբլի արժե, Վարուժան Հոկտանյանն ասաց, որ իրենք չեն էլ նշել, որ այդ գնի ալկոտեստեր չկա, պարզապես կենտրոնը հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ 4 հազար ռուբլիանոցը ձեռք չի բերվել.
«Ես սպասում էի, որ իրենք ինձ, որպես հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն, պատասխանեին՝ ինչո՞ւ պիտի թանկ բան գնեին, ի՞նչ օգուտ է տալու, վարորդների հարբածությունը որոշելն ինչո՞վ ավելի կլավանա, ի՞նչն էր խանգարում, որ մինչեւ հիմա սովորական սարքով ստուգում էին, ու ի՞նչ խնդիր էր առաջացել, որ հնարավոր չէր պրիմիտիվ, էժան սարքերով շարունակել ստուգել, որ պիտի անպայման 1 միլիոն 98 հազար դրամանոց սարք լինի»:

Հոկտանյանի խոսքերով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկրում ճանապարհային երթեւեկության կանոնների, հարբած մեքենա վարելու դեպքերում մեծ տուգանքներ են, շատ վարորդներ աշխատում են ղեկին հարբած չնստել: Պարոն Հոկտանյանը դիմելով ոստիկանությանը՝ հարց է բարձրացնում՝ ի՞նչն էր ստիպում նրանց հրաժարվել պարզ ու մատչելի սարքեր գնելուց. «Ասում են՝ գնի մեջ մտել են հայաֆիկացումը, վերածրագրավորումը, հարկերը, տուրքերը: Լավ, բայց արժե՞ր 70 հազար ռուբլիանոցը գնել, 4-8 հազարանոցի դեպքում վերածրագրավորելու, հայաֆիկացնելու կարիք չէր լինելու եւ 10 անգամ ավելի էժան կնստեր բյուջեի վրա: 70 հազար ռուբլին մոտ 450 հազար դրամ է, իսկ 8000 ռուբլին՝ 56 հազար դրամ, լավ, առանց դրա հնարավոր չէ՞ր: Մեզ մոտ սուպերխելոք, հնարամիտ վարորդնե՞ր են հայտնվել, որ սովորական ալկոտեստերով չէին կարող ստուգել հարբածությունը: Այս հարցն է ինձ հետաքրքրում, ոչ թե՝ որքանո՞վ է այդ ամենը օրինական կամ ոչ, մնացածը լիրիկա է»:

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի պետական գնումների քաղաքականության գծով փորձագետ Արտակ Մանուկյանն էլ անդրադառնալով ոստիկանության այն հիմնավորմանը, թե ճանապարհային երթեւեկության հսկման սարքերի գնման մրցույթում ավելի ցածր գնային առաջարկ (ի դեպ, ընդամենը 20 հազար դրամ) ներկայացրած մասնակցի հայտը մերժվել է՝ պահանջներին չբավարարելու պատճառով, նշեց. «Ես ուսումնասիրել եմ առաջարկների ցանկը. մեկը եղել է 2.6 միլիոն դրամ, մյուսը՝ 2.4 միլիոն դրամ: Տարբերությունը մի միավորի կտրվածքով 200 հազար դրամ է եղել, ոչ թե 20 հազար դրամ: Եթե հաշվի առնենք, որ գնել են 22 հատ, ապա մոտ 4.4 միլիոն դրամի տարբերություն է լինում: Ոստիկանությունում կամ հաշվարկ անել չգիտեն, կամ էլ գուցե հասարակությանը թյուրիմացության մեջ են գցում»:

Ինչ վերաբերում է ալկոտեստերին, ապա Մանուկյանն ասաց. «Փաստաթուղթը, որը տեղադրված է եղել, որեւէ լրացուցիչ տեղեկատվություն չի պարունակել: Եվ բացի այս, գնումների տեսանկյունից եթե խոսենք, դեռ չկա հիմնավորվածություն, թե ինչո՞ւ չենք կարող 4-8 հազար ռուբլիանոցը գնել, հարմար չե՞ն: Մեր բյուջեի դեպքում այս հարցերը խորքային հիմնավորումների կարիք ունեն: Մենք անում ենք չհիմնավորված ծախսեր: Սա նման է ֆիննախի՝ Դիլիջանի ուսումնական կենտրոնի ծախսերին: Ասում են՝ ավելի որակով ու թանկարժեքն է պետք, իսկ թանկարժեքն ի՞նչ լրացուցիչ գործառույթներ է լուծում: Մենք այդպես էլ այս հարցի պատասխանը չենք ստանում»:

 
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031