Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ դպրոցում հնարավոր է ուսանեն Առաքել Մովսիսյանը, Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը

Մարտ 28,2016 20:45

Երբ ՀՀԿ-ն հայտարարեց, որ քաղաքական դպրոց է հիմնելու, հետեւեցին կարծիքներ, որ նախաձեռնությունը հիշեցնում է Կոմկուսի բարձրագույն դպրոցը՝ Высшая партийная школа: Անգամ հանրապետական Աշոտ Աղաբաբյանն է նման կարծիքի: Նա ասել է ՝ «Իմ տրամաբանությունը թույլ է տալիս ասել, որ կուսակցությունները չեն կարող ունենալ դպրոցներ, դա դիկտատուրա է, սա կոմունիստական հասարակությունը չէ»:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը Aravot.am-ի հետ զրույցում, երբ մեզանից լսեց, որ ՀՀԿ-ի քաղաքական դպրոցը Կոմկուսի «պարտիական» դպրոցի հետ են համեմատում՝ ծիծաղեց: Պատգամավորը Կոմկուսի դպրոցի հետ համեմատելու մասին ասաց, որ ամեն ինչի հետ էլ կարելի է համեմատել, ու ավելացրեց. «Իհարկե, կոմունիստական դպրոց եղել է, բայց մենք հստակ ասել ենք, ցանկացած հզոր կուսակցություն պիտի մի կառույց ունենա, որն ավելի խորը եւ հեռանկարային կադրեր պատրաստի, որոնք քաղաքական կուսակցության առումով խորը գիտելիքներ կունենան, եւ ավելի օգտակար կլինեն»:

Սուքիաս Ավետիսյանի ներկայացմամբ՝ մեծ քաղաքական ուժերը տարբեր երկրներում նման դպրոցներ հիմնում են: «Բացի այդ, գալիս է մի շրջան, որ քաղաքական ուժին շատ ավելի կարեւոր է որակը, որը նաեւ, իրապես, ազդեցություն կունենա քաղաքացիական հասարակության վրա: Եվ այս պարագայում, իհարկե, մենք պարբերաբար ունեցել ենք վերապատրաստումներ, հանդիպումներ, սեմինարներ, բայց սա այն տեղն է, որտեղ արդեն ավելի կոնկրետ ծրագրով, հստակ պարբերականությամբ, ցանկություն հայտնողները` կուսակցության մեջ ներգրավվողները կամ անդամները, փորձել նրանց ավելի մանրամասն ծանոթացնել մեր կուսակցության ծրագրերին, որովհետեւ փաստ է, որ ոչ բոլոր անդամներն են, որ հստակ կարողանում են կուսակցության գաղափարախոսությանը, ծրագրերին ծանոթանալ: Դրա համար սա հնարավորություն է կուսակցության մեջ ընտրել մարդկանց, որոնց ավելի մանրամասն կծանոթացնեն այդ բոլոր խնդիրներին: Այսինքն, քաղաքականապես ավելի հասուն քաղաքացիներ եւ կուսակցության անդամներ ունենալ»:

Մեր այն հարցին՝ դպրոցը երիտասարդների՞ համար է լինելու, պատգամավորն ասաց. «Ինչո՞ւ միայն երիտասարդներ, նաեւ՝ տարիքովները: Բոլորի համար դա ընդունելի է: Մեր կուսակցության մեջ ամեն տարիքի մարդիկ կան, սկսած 18 տարեկանից, մինչեւ՝ 80 տարեկան: Կարծում եմ, ավելի շատ երիտասարդների համար է, որովհետեւ երիտասարդները մեր բոլորի ապագան են, այդ թվում նաեւ՝ մեր կուսակցության եւ երկրի ապագան են, եւ որքան քաղաքականապես հասուն ու գրագետ լինեն, այնքան բոլորին օգուտ է»:

Aravot.am-ի ճշտող հարցին՝ եթե դպրոցը նաեւ տարիքով կուսակցականների համար է, արդյոք այնտեղ քաղաքական դասընթացների կմասնակցեն, ասենք՝ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, կամ Առաքել Մովսիսյանը, պատգամավորն ասաց՝ «Ինչո՞ւ եք 130 հազար կուսակցականների միջից անընդհատ իրենց ընտրում»: Մեր դիտարկմանը՝ որովհետեւ նրանք, թեեւ, ԱԺ-ում են, բայց քաղաքական ելույթներ ու քաղաքական պատասխաններ չեն հնչեցնում, Սուքիաս Ավետիսյանն ասաց. «Համամիտ եմ, բայց նաեւ եկեք չմոռանանք, միգուցե քաղաքական չեն, բայց մարդիկ են, որոնք որոշակի կյանք են ապրել, հայրենիքի ազատագրման համար պայքարել են: Միգուցե, չեն ուզում քաղաքական պատասխաններ տալ»:

Նշենք, որ Հայաստանում գործող միջազգային հիմնադրամների կազմակերպող քաղաքական դասընթացներին մշտապես մասնակցում են նաեւ ընդդիմադիր քաղաքական գործիչները: Նման դասընթացների է մասնակցել նաեւ «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը: Նա մեզ հետ զրույցում ասաց. «Այո, ես մի քանի դպրոցների եմ մասնակցել: Առաջին հերթին՝ ընդդիմադիրները մասնակցում են քաղաքական դպրոցներին, որոնք ինչպես դուք նշեցիք, միջազգային կառույցների կողմից են կազմակերպված, եւ հատուկ ընդդիմադիր կուսակցությունների համար չեն: Այդ ծրագրերին, կարելի ասել, առավելապես մասնակցում են իշխանության մասնակիցները»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի դպրոցին, պարոն Սանասարյանն ասաց, որ չի ուզում դրան լուրջ անդրադառնա.«Որովհետեւ, ակնհայտ է, ինչ էլ անեն՝ իշխանության որակը չի փոխվելու: Ինձ համար պարզ է, ինչ չափանիշներով են առաջնորդվելու: Իրենց քայլերը միտված չեն լինելու երկրում քաղաքական մշակույթի զարգացմանը: Այդ ամենը մենք գործնականում տեսնում ենք թե՛ ընտրությունների ժամանակ, թե՛ տարբեր առիթներով»:

Սանասարյանը նկատեց, որ միջազգային հիմնադրամների կողմից կազմակերպվող քաղաքական դասընթացներում ժողովրդավարության ու քաղաքական մշակույթի մասին հետաքրքիր դասախոսություններ են լինում. «Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ եթե ՀՀԿ-ն իր բնույթով հակաժողովրդավարական է, ի՞նչ պետք է լինի իրենց ստեղծած դպրոցը: Իրենց գործն է, ինչ ուզում են՝ թող անեն: Մեր խնդիրն է, ընդդիմադիրներից եւ Հայաստանի հանրապետության քաղաքացիների հետ է, ովքեր այս իշխանությունների ոչ մի քայլի հետ համաձայն չեն, կամ դեմ են իշխանություններին, պետք է լինի իրենց իշխանությունից հանելը: Թող լինեն ընդդիմություն, դպրոց ունենան, կազմակերպեն՝ ինչպես հեղափոխություն անել, այդ ժամանակ կարելի ավելի լուրջ վերաբերվել, այդ ժամանակ, միգուցե, ես ինքս գնամ իմ փորձը փոխանակեմ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031