Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ գույքի օտարման գործընթացում մի շարք մութ գործարքներ կան. (Տեսանյութ)

Մարտ 30,2016 21:00

Այսօր «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետներն «Անի» հյուրանոցում ներկայացրեցին պաշտպանության նախարարության կողմից կատարված պետական գնումների, պաշտպանության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատման թեմատիկ ուսումնասիրությունների արդյունքները:

Պաշտպանության ոլորտի ակտիվների օտարման գործընթացում մի շարք մութ գործարքներ կան:  Հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վիրաբ Խաչատրյանի ներկայացմամբ՝  ՊՆ-ի գույքի օտարման կասկածելի գործարքներից մեկն օրինակ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի օտարումն է:  Փորձագետի կարծիքով ՊՆ մի շարք գույքերի օտարումների վերջանական ճակատագիրն անհայտ է, այսինքն, չկա որեւէ տեղեկատվություն, թե ՊՆ-ն ում, կամ ինչպես է օտարում գույքը:

Այդպիսի գործարքներից են՝ Սյունիքի մարզում գտնվող «Տաթեւ 1» առողջարանային համալիրի օտարումը. «Երեւանի քաղաքապետարանը ՊՆ-ին է հանձնել Լուկաշին փողոցի վրա գտնվող գույքը, որը ՊՆ-ն օտարել է: Բացի դրանից, միանշանակ, կան գույքեր՝ ավտոմեքենաներ, համակարգիչներ եւ այլն , որ ՊՆ -ն օգտագործում է եւ ինչ-որ մի ժամանակ դրանց կարիքն այլեւս չի ունենում: Մենք չունենք տեղեկատվություն՝ թե ի՞նչ է անում ՊՆ-ն այդ գույքի հետ, ոչնչացնո՞ւմ է, թե՝ ուղղակի օտարում: Մինչդեռ  դրանք ձեռք են բերվում հարկատուների հաշվին եւ հարկատուներն իրավունք ունեն իմանալ՝ ի՞նչ է լինում իրենց հաշվին ձեռք բերված գույքի ճակատագիրը՝ մինչեւ վերջին փուլը՝ մինչեւ ակտիվի օտարման փուլը»:

Փորձագետը վստահեցրեց, որ հարցումով դիմել է պաշտպանության նախարարություն եւ խնդրել տրամադրել այն գույքի ցանկը, որոնց նախարարությունը տիրապետում է, սակայն մերժում է ստացել, պատճառաբանությամբ՝ գաղտնիք է:

Aravot.am-ի այն հարցին՝ եթե այդ օտարումները թափանցիկ չեն, արդյոք սա կոռուպցիոն ռիսկով գործարք է, ասենք՝ համակարգիչը կամ մեքենան ՊՆ-ն օտարի նախարարության պաշտոնյաններին կամ նրանց հետ փոխկապակցված անձանց, Խաչատրյանն ասաց. «Միանշանակ, ոչ թափանցիկ աշխատանքը իր հետ բերում է կոռուպցիոն ռիսկեր: Ես չեմ ասում 100 % կոռուպցիա կա, գուցե ամեն ինչ պատշաճ է, բայց, համենայնդեպս, երբ մենք տեղեկատվություն չենք ունենում, շատ  խիստ կասկածներ ենք ունենում, որ գույքն օտարվել է ոչ արդյունավետ, առավել եւս կոռուպցիոն ռիսկերով, գուցե այդ համակարգիչը օտարվել է մի ծանոթի, մի մարդու, եւ հայտնի էլ չէ՝ դրա դիմաց վճարում եղե՞լ է, թե՝ ոչ»:

Վիրաբ Խաչատրյանը վստահեցրեց, որ նմանատիպ օտարումները սկսում են 8 միլիոն դրամից, վերջանում 300 միլիոն դրամով. Այսպիսի օտարման գործարք է եղել նաեւ 1 ինքնաթիռի դեպքում, որի օտարումը հայտնաբերել է փորձագետը, սակայն պարզ չէ, թե այն ում ձեռքն է ընկել:

Մանրամասները՝ տեսանյութում

Ըստ պարոն Խաչատրյանի ներկայացրած ուսումնասիրության արդյունքների, օտարվող գույքը, որպես կանոն, վաճառվում է դրա ձեռք բերման գնից էականորեն ցածր գնով: Դրան զուգահեռ հնարավոր են չարաշահումներ գնահատումների ժամանակ, ինչպես նաեւ աճուրդը չկայանալու արդյունքում գնի արհեսատական իջեցում:  Մրցույթում հաղթողին որոշելու չափանիշները փաստացիորեն միայն երկուսն են՝ օտարվող գույքի համար առաջարկվող գինը եւ ներդրումների չափը՝ տարեկան կտրվածքով, որոնք բացառապես քանակական բնույթ կրելով՝ հնարավորություն չեն տալիս իրականում պարզել, թե որ մասնակիցն է առավել լավ պայմաններ առաջարկում գույքը ձեռք բերելու համար:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031