Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Սուքիասյան. «Մենք պետք է առաջնորդվենք մեր տրամադրության տակ եղած ֆուտբոլիստներով». «Ֆուտբոլ+»

Մարտ 30,2016 22:25

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հարցազրույց է տվել «Ֆուտբոլ+» շաբաթաթերթին, որը կրճատումներով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Խաղաոճի ու մարտավարության մասին

Ես նախապես ասել եմ, որ մենք շեշտը դնելու ենք ագրեսիվ, հարձակողական և ստեղծագործ ֆուտբոլի վրա: Բելառուսի հավաքականի մարզիչն էլ նկատեց, որ վտանգավոր գրոհներ էինք կազմակերպում: Ես ուզում եմ հենակետայինները խաղան այնպիսի ակտիվ ոճով, ինչպես «Բարսելոնայում» Բուսկետսը: Մենք պետք է կարողանանք մեր երկրպագուներին գեղեցիկ ֆուտբոլ մատուցել: Կախված մրցակիցներից պետք է տարբեր մարտավարություններ կիրառենք: Դանիայի ու Լեհաստանի պես հավաքականների հետ հանդիպումներում, որոնց կազմերում բարձրահասակ ֆուտբոլիստներ են խաղում, ստանդարտների ժամանակ շատ դժվար է: Հենց դրա համար ես հատուկ ուզում եմ նախապատրաստել Վարազդատ Հարոյանին, որ մենք օդում չպարտվենք: Մենք պետք է առաջնորդվենք մեր տրամադրության տակ եղած ֆուտբոլիստներով, քանի որ այլընտրանք չունենք: Մենք պետք է համարձակորեն տեղ տանք երիտասարդներին, քանի որ հավաքականը, իմ կարծիքով, լճացել էր: Կարող եմ ասել, որ հավաքականում հիմա այնպիսի մթնոլորտ է տիրում, որ կարծեք մեկ ընտանիքի պես լինենք: Ով էլ որ հրավիրվի, այդպես պետք է լինի: Իմ ղեկավարությամբ այլ կերպ չի կարող լինել:

Հավաքական չհրավիրված ֆուտբոլիստների մասին

Եʹվ ֆեդերացիայի նախագահը, ևʹ գլխավոր մարզիչն իրոք իրենց թշնամին չեն, որ այդպիսի որակներ ունեցող ֆուտբոլիստներին հավաքական չհրավիրեն: Բայց եթե որևէ ֆուտբոլիստ խախտի խաղային, կենցաղային կարգապահությունը, ամբողջովին չնվիրվի խաղերին, անձամբ ես այդպիսի ֆուտբոլիստին չեմ ընդգրկի հավաքական, թեկուզ լինի Ռոնալդուն: Ես անուններ չեմ տալիս, բայց այն ֆուտբոլիստների առումով, ովքեր կարող են օգնել հավաքականին և կբավարարեն վերը նշված իմ պահանջներին ու լավ մարզավիճակում կլինեն, ֆեդերացիայի նախագահի հետ մենք այնպիսի հարաբերությունների մեջ ենք, որ կքննարկենք ու ընդհանուր հայտարարի կգանք: Շատ է շահարկվում ֆեդերացիայի նախագահի անունը: Ես միայն մի բան կարող եմ ասել. ընդհանրապես նա ֆուտբոլիստների ու կազմի ընտրության հարցում բացարձակ չի միջամտում ու չի էլ միջամտելու: Նա ոչ մի պրոբլեմ չի թողնում մեզ կապված ուսումնամարզական հավաքների, ֆինանսական խնդիրների, կենցաղային հարցերի հետ: Ինչ ասում ենք կամ խնդրում ենք, անմիջապես կատարվում է: Օր ու գիշեր նա բանակցությունների մեջ է:

Անուններ չեմ տալիս, բայց մի քանի ֆուտբոլիստների հարցով հետաքրքրված է, օգտագործում է իր կապերն ու հնարավորությունները և որևէ առիթ բաց չի թողել: Բացի այդ, ես կցանկանայի, որ որոշ հարցերում միջամտեր, քանի որ կան ֆուտբոլիստներ, որոնց ինքը լավ է ճանաչում ու կարող է ինձ ճիշտ խորհուրդներ տալ: Ես սա անկեղծ եմ ասում: Այս ասեկոսեներին պետք է վերջ տրվի: Կուզեի նաև կոչ անել մեր ակումբային թիմերի մարզիչներին, որ մի քիչ հարգենք իրար ու չխոսենք պատերի տակ: Ես բազմաթիվ երիտասարդ մարզիչների եմ աճեցրել, շատ երիտասարդների եմ ճանապարհ տվել, ես շատ գոհ եմ իմ գործունեությունից և անչափ շնորհակալ եմ, որ նրանք գնահատում են ինձ: Ես միշտ ներկա եմ լինում մեր առաջնության բոլոր խաղերին և պատրաստ եմ համագործակցել բոլոր մարզիչների հետ: Թող որևէ մեկը չմտածի, որ կա լավ ֆուտբոլիստ, բայց ես նրան չեմ վերցնում հավաքական:

Կարծում եմ, այն ֆուտբոլիստները, որոնց հրավիրել եմ հավաքական, լավագույններն են: Եկեք համատեղ փորձենք մեր ֆուտբոլն առաջ տանել: Եթե ֆուտբոլիստը բավարարի իմ կողմից նշած երեք պահանջներին, անմնացորդ նվիրվի մեր հավաքականին, մեր դրոշին, պահպանի խաղային բարձր կարգապահությունը և ունենա խաղային լավ պրակտիկա, ես կխնդրեմ նախագահին, կքննարկենք հարցը, և կվերանայվի ամեն ինչ: Մեր հավաքականում անկախ ամեն ինչից պետք է պահպանվի առողջ մթնոլորտ: Կրկնեմ, որ ոչ մի ֆեդերացիայի նախագահ ու գլխավոր մարզիչ չեն ցանկանա, որ իրենց լավագույն ֆուտբոլիստները դուրս մնան հավաքականից: Ասեմ, որ գոլային պահերի իրացման առումով Յուրա Մովսիսյանի պես քիչ ֆուտբոլիստներ կան, բայց անկեղծ լինենք, վերջին երկու տարում նա լավ չի խաղում:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «ՖԱՖ»-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031