Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանյան հասարակությունը այնքան էլ Կրեմլից եկած քարոզչության ազդեցության տակ չէ»

Մարտ 31,2016 14:30

«Առավոտի» հարցազրույցը ռուս հրապարակախոս Քսենյա Կիրիլովայի հետ

Սկիզբը

– Եթե հաշվի առնենք այն փաստը, որ շատ հետսովետական պետություններ, Հայաստանն՝ այդ թվում, ունեն շատ մոտ կապեր Ռուսաստանի հետ, ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ ազդեցություն կունենան ռուսական հասարակական զարգացումները նրանց վրա:

– Ուրախությամբ պետք է ասեմ, որ ինչքան ես կարող եմ նկատել՝ հայաստանյան հասարակությունը այնքան էլ Կրեմլից եկած քարոզչության ազդեցության տակ չէ, որքան որ ռուսականը, եւ Արեւմուտքը չի ընկալում որպես սպառնալիք եւ թշնամի: Հայերը շատ լավ հնարավորություն ունեն առաջին ձեռքից ստանալու տեղեկատվություն հենց նույն ԱՄՆ-ի մասին. ամենաքիչը հայկական սփյուռքը ԱՄՆ-ում շատ մեծ է եւ մոտ կապերի մեջ է իր պատմական հայրենիքի հետ: Բացի այդ՝ հայերը չունեն կայսերապաշտական բարդույթ, որը, չնայած լատենտ, պահպանվել է ռուսների մոտ: Միաժամանակ ակնհայտ է նաեւ այն, որ Մոսկվան փորձելու է իր ազդեցությունն ունենալ Հայաստանի վրա ոչ միայն քարոզչության, այլ նաեւ տնտեսական եւ անգամ ռազմական սպառնալիքի միջոցով, մասնավորապես՝ փորձելու է օգտագործել այնպիսի ակնհայտ լծակ, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն է:

Սա չի համարվում քարոզչության ուղղահայաց արդյունավետ գործողություն, որը մենք տեսնում ենք ռուսական հասարակության օրինակով, եւ սա ավելի շատ ազդեցություն ունի Հայաստանի իշխանությունների վրա, քան հենց հայերի: Սակայն քաղաքացիների հոգեկերտվածքի վրա նման սպառնալիքը կարող է այնպիսի ազդեցություն ունենալ, որ հայ հասարակությունը համակերպվի խաղաղության եւ ազատության, մարդու իրավունքների եւ տնտեսական բարեկեցության միջեւ ընտրություն կատարելու մտքին: Իրականում քաղաքակիրթ երկրների փորձը ցույց է տալիս, որ այդ արժեքներն իրար հակադրելը ճիշտ չէ: Նույն Ամերիկայում աշխարհի արժեքները եւ ազատությունները իրար հետ համատեղվում են:

– Սկսած ուկրաինական Եվրամայդանից՝ Ռուսաստանը փաստացի հայտնվել է միջազգային հանրույթի հետ կոնֆլիկտում: Հիմա չնայած Ռուսաստանը պատժամիջոցների տակ է, բայց շարունակում է իր ակտիվ քաղաքականությունը միջազգային խնդիրները լուծելու գործընթացում՝ Իրան, Սիրիա: Ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի հետագա դերը միջազգային քաղաքականությունում՝ Արեւմուտքի հետ առճակատման պարագայում, եւ այս համատեքստում ի՞նչ սպասեն հետսովետական պետությունները:

– Այս հարցին բոլորից լավ, իմ կարծիքով, պատասխանել են ռազմավարական եւ արտաքին քաղաքական հետազոտությունների Մինսկի կենտրոնի փորձագետները: Իրենց զեկույցում՝ նվիրված Ռուսաստանի աշխարհաքաղաքական ռազմավարությանը, նրանք միանգամից ճանաչել են Կրեմլի՝ հետսովետական երկրներում անկայունություն հրահրելը՝ որպես գործիք, ինչով կնվազեցվի այլ համաշխարհային կամ տարածաշրջանային դերակատարների ազդեցությունն այդ տարածքում:

Մասնավորապես, փորձագետները նշում են, որ Ռուսաստանը կձգտի մեծացնել լարվածությունը Մերձավոր Արեւելքում եւ Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի հատվածում՝ ազդելով այնտեղ կոնֆլիկտի մեծացմանը, որը կարող է վերածվել միջազգային շուկայում էներգակիրների գնի բարձրացման: Մեկ այլ գեոռազմավարության ուղղություն կլինի Եվրո-Ատլանտիկա միության պառակտումը, ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության դեինտեգրացիան, ինչպես նաեւ լարվածության ուժեղացումը մյուս համաշխարհային դերակատարների հարաբերությունների եւ տարածաշրջանային հանրապետությունների միջեւ (առաջին հերթին՝ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ, ԱՄՆ-ի եւ Իրանի):

Եթե մենք վերլուծենք Ռուսաստանի այսօրվա գործողությունները, կտեսնենք, որ կես տարի առաջ արված այդ կանխատեսումները ամբողջովին իրականանում են. Ռուսաստանը փորձել է ստանալ մաքսիմալ օգուտ փարիզյան ահաբեկչությունից, որպեսզի պառակտում առաջացնի Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջեւ: Սիրիայում Մոսկվան աշխատում էր հակասություններ առաջացնել տարածաշրջանի խաղացողների, օրինակ՝ Սիրիայի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ:

– Ռուսաստանում Մարդու իրավունքների պաշտպանությունը վերջին տարիներին միջազգային կազմակերպությունների կողմից արժանանում է ամենաբացասական գնահատականների, ավելին՝ դեռ նշվում է, որ միտում կա վատանալու: Սրան զուգահեռ, ակտիվանում է կայսերապաշտական հռետորաբանությունը, եւ «Լավանդա» կենտրոնի հարցումների համաձայն՝ ռուսների 20 տոկոսը ուզում է, որ Խորհրդային Միությունը վերականգնվի: Ինչպիսի՞ սպառնալիքներ այն կբերի Ռուսաստանի եւ, իհարկե, հետսովետական երկրների համար: Եվ ի՞նչ կարող եք ասել՝ Ձեր փորձից ելնելով:

– Ռուսաստանում իսկապես մեծ է այն մարդկանց թիվը, որոնք փափագում են Խորհրդային Միության վերստեղծման մասին: Այդպես տրամադրվածներն ունեն մի քանի պատճառ: Քանի որ, ինչպես ասացի, ռուսական իշխանությունը հաջողացրել է մարդկանց գիտակցությունում ստեղծել պատրանք, թե Ռուսաստանը պաշարված ամրոց է՝ թշնամիներով շրջապատված, շատերը պաշտպանում են «Ռուսաստանի ազդեցության բարձրացումը» նախկին Խորհրդային Միության երկրների տարածքում՝ անկեղծորեն հավատալով, որ թշնամանքով շրջապատված Ռուսաստանին իսկապես անհրաժեշտ է «բուֆերային գոտի», պաշտպանիչ գոտի, ինչ-որ բաժանող հատված իր եւ թշնամիների միջեւ:

Բացի այդ, ժամանակակից իշխանությունը՝ իր ամբողջ տոտալիտարիզմով եւ ագրեսիվ միջոցներով փորձելով կարգավորել հասարակական կյանքի բոլոր կողմերը՝ այդպես էլ չի առաջարկում ցանկալի ապագայի կամ ինչ-որ հարացույցի համարժեք զարգացում իր հասարակությանը: Ժամանակակից ռուսական գաղափարախոսության շատ լավ կողմը կոնկրետ բովանդակության բացակայությունն է: Գաղափարապես հագեցած այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ «ռուսական աշխարհ»-ը, «ռուսական քաղաքակրթություն»-ը, «զարգացման յուրահատուկ ճանապարհ»-ը կոնկրետ ոչինչ չեն արտահայտում: Հնարավոր է՝ համաշխարհային պատմության մեջ մենք նման երեւույթների առաջին անգամ ենք հանդիպում:

Արդյունքում սովետական «պայծառ ապագայի» մասին միֆի փոխարեն ռուսների մոտ մնում է միայն իդեալիզացված անցյալը: Այդ իդեալիզացիայի օբյեկտ է դարձել Խորհրդային Միությունը: ԽՍՀՄ-ի իդեալիզացված կերպարը մարդկանց տալիս է պաշտպանվածության հույս ոչ միայն ներքին, այլ նաեւ արտաքին քաղաքականության մեջ՝ երաշխավորելով աշխատատեղ, սոցապահովագրություն՝ թեկուզ ցածր որակի, աշխատավարձ, այսպես ասած՝ օրապահիկ, որը կախված չէ որակից, հնարավորություններից եւ ձեռքբերումներից: Իրականում Ռուսաստանում չկա էլ այդ օրապահիկը, եւ դրանից ավելի շատ է նոստալգիա առաջանում այդ ժամանակների նկատմամբ:

Չի կարելի հաշվի չառնել ռուսական պատմական կայսերապաշտական բարդույթները: Ռուսաստանի պատմությունն իսկապես կայսրության պատմություն է՝ գերակշռված ռուսական մշակույթով, եւ հատկապես ԽՍՀՄ-ի ժամանակներում, երբ ճնշվում էր միության մեջ մտած հանրապետությունների ազգային լինելիությունը: Նրա համար միշտ կիրառական էր կոլեկտիվիզմը, «առանձնահատուկ ճանապարհ» փնտրելը եւ մնացած աշխարհից առանձնանալը, թույլ զարգացած անհատական գիտակցությունը եւ այլն:
Հետեւաբար կայսրության անկումը եւ նրանից՝ ռուսական գերակշիռ ազդեցության պատճառով նրան միացած ժողովուրդների հրաժարվելը ռուսներն իսկապես շատ ծանր տարան:

Այս գործընթացների արդյունք դարձավ ոչ միայն ռուսների գերակշիռ մեծամասնության՝ իշխանությունների ագրեսիվ քաղաքականության անվերապահ հաստատումը, այլ նաեւ սովետական անցյալի այլ ապակառուցողական եւ ագրեսիվ երեւույթների իդեալիզացիան, ինչպիսիք են՝ ճնշումները, մատնագրությունը, այլախոհների հետապնդումը, պարտադիր գաղափարախոսության փաթաթումը եւ այլն: Հենց դա, ցավոք սրտի, մենք կարող ենք տեսնել հիմա, երբ Ռուսաստանում ապրող լավ մարդիկ ստիպված լքում են երկիրը ոչ միայն իրենց՝ Կրեմլի հետ անհամաձայնության, այլ նաեւ մեծացող ճնշումների պատճառով:

Իմ հարազատ Եկատերինբուրգում մարդկանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվում սոցիալական ցանցերում «լայքեր» եւ հակապատերազմական գրառումներ անելու եւ Ուկրաինային աջակցելու համար: Անհամաձայնության ամենափոքր դրսեւորումը Կրեմլի ագրեսիվ քաղաքականությանը կարող է դառնալ քրեական գործ հարուցելու պատճառ՝ «ծայրահեղականության», «Ղրիմի» անեքսիան չընդունելն էլ հայտարարվում է «սեպարատիզմ» եւ «կոչ՝ Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու», որը նույնպես պատժվում է ազատազրկմամբ, միայնակ նստացույց անելը եւս դառնում է քրեական պատասխանատվության պատճառ, իսկ ուկրաինացի կամ արեւմտյան փորձագետների հետ համագործակցությունը կարող է հիմք դառնալ «պետական դավաճանության» մեղադրանքի՝ անգամ ամենասովորական մարդկանց դեպքում, որոնք երբեք պետական գաղտնիքին հասանելիություն չեն ունեցել:

Անգամ Խորհրդային Միությունը, ամեն դեպքում, իր գոյության վերջին տասնամյակում փորձում էր պահել իր գիտնականներին եւ արվեստի գործիչներին: Նրանց չէր թույլատրվում լքել երկիրը, մերժում էին ելքի վիզաները, ճնշում էր ԿԳԲ-ն: Իհարկե, սրանք անթույլատրելի մեթոդներ են, սակայն դա ցույց էր տալիս, որ իշխանությունները ամենաքիչը գնահատում են նրանց ինտելեկտը՝ անգամ այդպիսի այլասերված ձեւով: Այժմյան Ռուսաստանում «անհրաժեշտ» չափանիշը մեկն է. անվիճելի հավատարմությունը իշխանությունների ամենաաբսուրդ եւ հանցավոր որոշումների նկատմամբ: Դա արդեն դառնում է մեծամասշտաբ «ուղեղային հոսքերի» պատճառ, որի արդյունքում Ռուսաստանին սպառնում է իր լավագույն քաղաքացիների անվերադարձ կորուստ, նրանց, որոնք իսկապես կարող են առաջարկել այս ճգնաժամային իրավիճակից դուրս գալու անարյուն միջոցներ:

Պետությունը կատաստրոֆիկ տեմպերով կորցնում է իր իմունիտետը, եւ այնտեղ գուցե շուտով չմնան որակավորված մասնագետներ: Իսկ դա, ցավոք սրտի, նպաստում է հետագայում աբսուրդ քաղաքական որոշումների կայացմանը: Իհարկե, այդպիսի որոշումներ կարող են կայացվել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական պայմաններում: Ես չեմ կարծում, որ այսօրվա ներքին ֆինանսական ճգնաժամի պայմաններում Ռուսաստանը կհամարձակվի մեկ ուրիշ պետությունում բաց ներդրում անել՝ «ուկրաինական սցենարի պես», սակայն նրանից մինչ այժմ էլ կարելի է սպասել որոշ պրովոկացիաներ. լրտեսների թվի մեծացումը ազդեցություն է հետսովետական երկրներում եւ փորձեր՝ ապակայունացնելու իրավիճակը իր ամբողջ պարագծի երկայնքով:

 
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031