Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրահարվելով ջութակին. երբ լսողության բացակայությունը խոչընդոտ չէ

Մարտ 31,2016 16:10

Փոքրամարմին աղջնակի ձեռքերում ջութակը հմտորեն իր դիրքն է գրավում, փոքրիկ մատներն ամուր գրկում են աղեղն ու շոյելով ազնվական գործիքի լարերը զգուշորեն հնչեցնում մեղեդի՝ վերահաստատելով, որ հաշմանդամությունը երբեմն կարող է ոչ թե սահմանափակել, ինչպես ընդունված է մտածել, այլև հնարավորություն տալ մարդուն լինել առանձնահատուկ:

10-ամյա Լիանա Հարությունյանի մոտ լսողությունն ի ծնե բացակայում է, ունի նաև խոսքի խանգարումներ: Նա սովորում է Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի 5-րդ դասարանում: Ակտիվ և մարդամոտ աղջնակն առավելագույն ակտիվություն է ցուցաբերում ուսման մեջ, հաճախում է ձեռագործության ու նկարչության դասընթացների:

Մոտ մեկ տարի առաջ Լիանան ջութակ նվագել սովորելու ցանկություն հայտնեց: Ծնողները սկզբում թերահավատորեն վերաբերեցին՝ համարելով դա հերթական նախասիրություն, սակայն որոշ ժամանակ անց հասկացան՝ երեխայի մոտ այդ ցանկությունը չափազանց մեծ է:

Liana-Harutyunyan1

«Սկզբում մտածում էինք, թե ընդամենը գործիքն է դուր եկել, շուտով կանցնի: Հետո արդեն հասկացանք, որ բավական լուրջ է տրամադրված»,- ասում է Լիանայի մայրը՝ Լիլիթ Գրիգորյանը:

Լիանայի ցանկությունն առաջին հերթին անիրական էր այն պատճառով, որ Կապանում, որտեղ նա է ապրում, չկա ջութակահար, ով աշխատում է լսողության խնդիրներ ունեցող երեխաների հետ: Այնուամենայնիվ, երեխայի ծնողները որոշեցին դիմել Կապանի թիվ 3 երաժշտական դպրոցի ջութակի դասարան:

Ուսուցչուհի Լիանա Սողոմոնյանն ասում է, որ սկզբում անհավանական էր համարում փոքրիկ Լիանայի հետ աշխատանքը, քանի որ նախկինում երբևէ առիթ չի ունեցել դասավանդել լսողական խնդիրներ ունեցող աշակերտի:

Liana-Harutyunyan

«Իհարկե, դժվար էր համաձայնելը, որովհետև ես երբևէ չէի լսել, որ ջութակ կարելի է նվագել՝ ունենալով լսողության խնդիրներ: Բացի այդ, մեծ պատասխանատվություն էր, մտավախություն ունեի ինչ-որ կերպ վնասել երեխային, որովհետև բացակայում է համապատասխան մասնագիտական պատրաստվածությունը: Բայց որոշեցինք ռիսկի գնալ»,- ասում է Սողոմոնյանը:

Թեև Լիանան սկսել է ջութակի դասերի հաճախել ընդամենը մի քանի ամիս առաջ՝ 2015 թվականի սեպտեմբերին, արդեն ինքնուրույն նվագում է պարզ էլեմենտներով:

«Նախկինում լսողական խնդիրներ ունեցող անձանց հետ ամենօրյա շփում չեմ ունեցել, իսկ Լիանայի դեպքում ամեն ինչ ինքնըստինքյան է ստացվում: Դասերը ներդաշնակ են անցնում,  հարցեր չեն մնում: Բայց եթե դասաժամից հետո ինձ հարցնեն, թե ինչպես բացատրեցի այս կամ այն տերմինը, չեմ կարողանա նկարագրել,- ասում է ուսուցչուհին՝ հավելելով.

«֊Իհարկե, կան դժվարություններ շփման մեջ, բայց ինձ շատ օգնում է նրա նպատակասլացությունը: Առանց նրա մեծ ցանկության, մեզ մոտ ոչինչ չէր ստացվի»:

Լիանա Սողոմոնյանն ասում է, որ կցանկանար մասնագիտական վերապատրաստում ստանալ, որպեսզի երեխայի հետ հետագա աշխատանքն առավել արդյունավետ լիներ:

«Եթե հաշվի առնենք, որ Լիանայի հետ դեռ մի քանի ամիս ենք աշխատում, նա բավական լավ է նվագում: Բայց ծրագիրն աստիճանաբար կբարդանա ու նրա համար ավելի դժվար կլինի: Ես անընդհատ տարբեր աղբյուրներից կարդում եմ համապատասխան գրականություն՝ փորձելով լրացնել բացը, բայց դա բավական չէ: Ցանկալի է, որպեսզի արվեստի ոլորտի ուսուցիչները նույնպես անցնեին համապատասխան մասնագիտական վերապատրաստում՝ ինչպես ներառական կրթության դեպքում է»,- նշում է նա:

Լիանայի մայրը՝ Լիլիթ Գրիգորյանն, ասում է, որ երեխան նվագում է ընտանեկան բոլոր միջոցառումներին, բոլորին պատմում իր առաջընթացների մասին:

«Անհամբերությամբ է սպասում ջութակի դասերին, հաճույքով է հաճախում, բայց չեմ կարող ասել, թե հետո ինչ կլինի: Ես ընդհանրապես չէի պատկերացնում, թե նա ինչպես պետք է տիրապետեր որևէ երաժշտական գործիքի: Երևի նա պարզապես սիրահարվել էր ջութակին»,- ասում է նա:

Լիլիթ Գրիգորյանը պատմում է, որ թեև երեխայի հետ մասնագետներն աշխատել են վաղ հասակից, որևէ դրական փոփոխություն չի նկատվել: Լիանան հրաժարվել է կրել նաև լսողական սարքը:

«Իրեն այսպես ավելի լավ է զգում: Շփման հետ կապված խնդիրներ չունի, հասկանում է իրեն ասված ամեն ինչ շրթունքների շարժման միջոցով»,- նշում է աղջկա մայրը:

Ծնողները մտածել են Լիանային ներառական կրթության համակարգում ընդգրկելու ուղղությամբ, բայց մտավախություն ունեն, որ ներառական կրթությամբ Լիանայի համար դժվար կլինի հաղորդակցվել հասակակիցների հետ, այդ պատճառով էլ որևէ հստակ քայլ չեն ձեռնարկում:

«Երբ երեխան գնաց առաջին դասարան ներառական կրթության համակարգը դեռևս նոր էր ներդրվել և ընտրեցինք հատուկ կրթությունը: Չեմ կարծում, որ լսողության խնդիրներով երեխաների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծեն հանրակրթական դպրոցները: Բացի այդ էլ՝ մասնագետների կարիք կզգացվի: Իսկ դպրոցում, որտեղ Լիանան է սովորում, բոլոր պայմաններն ապահովված են, որպեսզի նա իրեն լավ զգա»,- ասում է Լիլիթը:

Ծնողները դեռևս որևէ պատկերացում չունեն, թե ինչով կզբաղվի Լիանան ապագայում.

«Կարևորն այն է, որ նա խնդիր չի տեսնում լսողության բացակայության մեջ: Առանց որևէ բարդույթի շփվում է շրջապատի մարդկանց հետ ու ամեն օր նոր հետաքրքրություն փնտրում»,- ասում է աղջկա մայրը:

10-ամյա Լիանան գիտի՝ եթե նպատակն իրենն է, շրջապատող մարդկանց թերահավատությունը որևէ նշանակություն չունի: Նա իր օրինակով ապացուցում է, որ հաճախ հենց մարդիկ են իրենց կյանքում սահմանափակումներ մտցնում:

 

Անի ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

«Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժնի հոդվածները պատրաստվում են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, դրամաշնորհ N19308: Սույն բաժնում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա Խորհրդի կողմից: Aravot.am կայքը անհատույց տրամադրել է հարթակ՝ N19308 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածները տպագրելու համար: Դրամաշնորհի և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը:

Հոդվածների վերաբերյալ հարցերի դեպքում դիմել` +374 99 266 886 հեռախոսահամարով, email:

 

[email protected], Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200, Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm 



Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031