ՊՆ-ի հետ գաղտնի պայմանագիր կնքած «Ավանգարդ» ՍՊԸ-ի արմատները Ղարաբաղում են

ՊՆ-ի հետ գաղտնի պայմանագիր կնքած «Ավանգարդ» ՍՊԸ-ի արմատները Ղարաբաղում են

Կասկածելի գործարքներ են նկատում պաշտպանության նախարարության կողմից պետական գնումներում

ՀՀ պաշտպանության նախարարությանը պետական գնումներով հացաթխման, լվացքի ծառայության, միաժամանակ նաեւ ավտոմեքենաների եւ սպառազինության օժանդակ ապրանքանյութական միջոցների մատակարարող «Ավանգարդ» ՍՊԸ-ն ղարաբաղյան ընկերություն է: Առաջին հայացքից թվում է, թե որեւէ արտառոց բան չկա այս գնումներում, սակայն ըստ փորձագետների, բացի այն, որ այս տեսակ գնումներում կոռուպցիոն ռիսկեր են լինում, նաեւ՝ անարդյունավետ ծախսեր:

Հիշեցնենք, որ Aravot.am-ը երեկ անդրադարձել էր «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից ՀՀ պաշտպանության նախարարության կատարած պետական գնումների ուսումնասիրությանը եւ ներկայացրել այդ  գործընթացում կոռուպցիոն ռիսկերի  ուսումնասիրության արդյունքները:

Ի թիվ մի շարք կասկածելի պետական գնումների, հակակոռուպցիոն կենտրոնի պետական գնումների քաղաքականության գծով փորձագետ Արտակ Մանուկյանը նշել էր նաեւ «Ավանգարդ» ՍՊԸ-ի անունը, որը  փակ շրջանակային համաձայանգրով 11 տեսակի ծառայություն է մատուցել ՊՆ-ին՝ է՛լ լվացքն է արել, է՛լ հացաթխում, է՛լ սննդամթերքի ու շինանյութերի մատակարարում, տնտեսական, սանհիգենիկ եւ լվացքի միջոցների, Էլեկտրատեխնիկայի, ռադիոտեխնիկայի եւ կենցաղային սարքավորումների մատակարարում, ավտոմեքենաների ձեռքբերում, սպառազինության օժանդակ ապրանքանյութական միջոցների, հանդերձանքի ձեռքբերում, ավտոպահեստամասերի մատակարարում:

Մանուկյանի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Ավանգարդ» ՍՊԸ-ն Լեռնային Ղարաբաղի հանրապետության Մարտունի քաղաքում է գրանցված: Փորձագետի կարծիքով, եթե հացամթերքի մատակարարումն ու լվացքի ծառայությունը միեւնույն ընկերությունն է կատարում, ապա անհասականալի է, թե ավտոմեքենաների, ռադիոսարքավորումների մատակարարումը ինչո՞ւ է կրկին այս ընկերությունն անում.«Նշված ընկերությունը, հաստատ, ավտոմեքենաներ արտադրող կամ ներմուծող չէ:  Եվ եթե պետությունը կարեւորում է փողը, պետական բյուջեն, ապա  ինչո՞ւ են միջնորդավորված ընկերությունից գնում: Արդյունավետ ծախսի տեսանկյունից լավ կլիներ հայաստանյան ընկերությունից ձեռք բերվեին ասենք՝ ավտոմեքենաները, էլեկտրատեխնիկայի, ռադիոտեխնիկայի եւ կենցաղային սարքավորումների մատակարարումը, սպառազինության օժանդակ ապրանքանյութական միջոցները,  ավտոպահեստամասերի մատակարարումը: Այսինքն՝ ՊՆ-ն առնվազն 2-րդ ձեռքից է ձեռք բերել այդ ապրանքները, սա նշանակում է՝ տվյալ ընկերությունը պետական գումարներ է ստացել ու մեկ այլ ընկերությունից գնել իրեն պատվիրած ապրանքներն ու վաճառել ՊՆ-ին»:

Նշենք, որ փակ շրջանակային համաձայնագրերով մրցույթ չի լինում,պատվիրատուն, այս դեպքում՝ ՊՆ-ն, ընտրում է իր ուզած ընկերությանը եւ դրա հետ էլ պայմանագիր կնքում: Սակայն պետք է նկատել, ինչպես փորձագետն է նշում, որ «Ավանգարդի» նման «ունիվերսալ» ընկերությունները, որոնք գրանցվում են մի տեսակի ծառայություն մատուցելու անունով, բայց իրականում ինչ ծառայություն ասես, որ չեն մատուցում, մասնագիտանում են հենց միջնորդավորված գնումներում: Այս տեսակ գործարքներում փորձագետները կոռուպցիոն ռիսկեր են տեսնում:

«Ես կողմ եմ եւ զգույշ եմ լինում զգայուն թեմաների վերաբերյալ, այսինքն, այն գործարքները, որոնք երկրի անվտանգությանն են վերաբերում, փակ լինեն, բայց այն բաները, որ կարող են լինել թափանցիկ, գումարներն էլ արդյունավետ ծախսվեն, չպետք է որպես գաղտնի գնում անել»,-ասաց փորձագետը:

Նշենք, որ հակակոռուպցիոն կենտրոնի բարձրացրած հարցերի վերաբերյալ պաշտպանության նախարարը հանձնարարական է  տվել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք