«Սերժ Սարգսյանը տեղյակ է Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներից, ինքը գիտի՛». Անահիտ Բախշյան

«Սերժ Սարգսյանը տեղյակ է Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներից, ինքը գիտի՛». Անահիտ Բախշյան

«Սերժ Սարգսյանի կողքին կան մարդիկ, որոնք տեղյակ են եղել, թե Նաիրի Հունանյանն ինչ էր անելու ԱԺ-ում: Ես այդ համոզմանն եմ եկել: Դրա համար Արամ Սարգսյանի ասածն ինձ շատ հասկանալի է: Ես էլ եմ համոզված, որ ինքը տեղյակ էր»:

Օրերս «Հանրապետություն» կուսակցության  նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասին խոսելիս, մանրամասն պատմել էր, թե ինչպես է նախագահ Սերժ Սարգսյանի հետ «Օջախ» ռեստորանում հանդիպել ու հարցրել՝ «Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ Հոկտեմբերի 27-ի թիկունքում էս 5-ն են ու կազմակերպիչներ չկան, դուք է՞լ եք էդպես մտածում»: Արամ Սարգսյանի պատմելով՝ «Մարդու կյանքում լինում են պահեր, որոնք դաջվում են ու չեն մոռացվում: Սերժ Սարգսյանն ուղիղ ասաց՝ ոչ, ես էդպես չեմ մտածում: Ինքը նայեց ու ասաց՝ կգա պահը՝ կասեմ: Առ այսօր չի ասել»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Հոկտեմբերի 27-ի զոհերից մեկի՝ Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը, իր դիտարկումները ներկայացրեց, թե ինչու է Սերժ Սարգսյանը նման արտահայտություն արել, եւ ե՞րբ է գալու պահը, որ Սերժ Սարգսյանը խոսի այդ մասին. «Դատավարության ընթացքը ցույց տվեց, որ Ազգային անվտանգությունը տեղյակ է եղել այդ բոլորին: Իսկ ո՞վ էր Ազգային անվտանգության ղեկավարն այդ ժամանակ՝ Սերժ Սարգսյանը: Եթե Ազգային անվտանգությունը գիտեր, որ Նաիրի Հունանյանը սրա-նրա հետ է հանդիպում, նույնիսկ բարձրաձայնվեց այդ մասին դատարանում, թե ում հետ է խոսել՝ Ալեքսան Հարությունյանի եւ այլն: Ինքը բարձրաձայնել է դա տարբեր տեղերում, բայց դատարանը մերժեց բոլոր միջնորդությունները եւ  այդ մարդկանցից որեւէ մեկին չկանչեց հարցաքննելու՝ այն դեպքում, երբ սկզբում նրանք կալանավորվեցին, հետո բաց թողնվեցին: Դատարանը նրանց չլսեց: Ու հնարավոր չէր, որ ԱԱԾ-ն այդ բոլորի մասին չիմանար:

Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը տեղյակ է կազմակերպիչներից, ինքը գիտի, բայց չի բարձրաձայնել ու չի՛ բարձրաձայնելու, քանի որ իր կողքին կան մարդիկ, որոնք տեղյակ են եղել, թե Նաիրի Հունանյանն ինչ էր անելու ԱԺ-ում: Ես այդ համոզմանն եմ եկել: Դրա համար Արամ Սարգսյանի ասածն ինձ շատ հասկանալի է: Ես էլ եմ համոզված, որ ինքը տեղյակ էր»:

Մեր հարցին՝ այդ դեպքում Սերժ Սարգսյանը, իմանալով, որ ինքը չի կարողանալու մատնել յուրայիններին, եւ ինքն էլ է այդ շղթայի մասը կազմում, ինչո՞ւ էր խոստովանում դա Արամ Սարգսյանին ու ասում, որ պահը կգա՝ կասեմ կազմակերպիչներն ովքեր են՝ Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Ես չգիտեմ այդ ո՞ր պահն է գալու, որ ինքը ասի: Հավանաբար դա այն պահն է լինելու, երբ ինչ-որ կամուրջներ այրված լինեն կամ ինչ-որ մարդիկ մեջտեղ չլինեն, որ հարցնենք, թե այս ի՞նչ է ասում: Կարող է այդ պահին է սպասում, տրամաբանությունը դա է ասում: Ես էլ եմ համոզված, որ ինքը շատ բան գիտի այդ օրվա ահաբեկչության կազմակերպիչների մասին: Նա չի կարող խոսել, որովհետեւ գիտի՝ դա իր շուրջը շատ հարցեր կբարձրացնի, որոնց պատասխանը ինքը չի կարող տալ»:

Անահիտ Բախշյանի խոսքերով՝ «Ամեն անգամ սիրտս վեր է բարձրանում, երբ այդ ամենը հիշում եմ: Եթե ես, որ իմ սրտակից մարդուն եմ կորցրել ու իմ քաղաքացուն, այդ ցավն եմ տեսել ու չեմ ուզում Հոկտեմբերի 27-ի մասին խոսել ու հիշել, այն մարդը, որն իրեն մեղավոր է զգում, պատկերացնում եմ ինքը ինչքան չի ուզենա դրա մասին խոսել»:

Մենք ճշտեցինք՝ նկատի ունեք Սերժ Սարգսյանի՞ն՝ տիկին Բախշյանը պատասխանեց՝ նաեւ նրան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք