Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Գրիգորյանի հիշատակին կնվիրվի ոչ միայն «Նորմա»-ն, այլև տարվա բոլոր պրեմիերաները

Ապրիլ 01,2016 22:01

Երևանում «Նորմա» օպերան երկու բեմադրություն է ունեցել՝ 1975 թ. և 2001 թ.։

«Oպերային թատրոնն իրականություն կդարձնի երջանկահիշատակ գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի բոլոր ծրագրերը»,- Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Օպերային թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը:

«Մենք կորցրինք մեր ավագ եղբորը, մեր թատրոնի գեղարվեստական ղեկավարին՝ Գեղամ Գրիգորյանին,- շարունակեց նա.- շատ ծրագրեր ունեինք: Բայց կյանքն այլ կերպ որոշեց… Ապրիլի 4-­ին կլինի «Նորմա» օպերայի վերականգնված տարբերակի պրեմիերան, որը երևի թե առաջին ծրագրերից էր, որ նախատեսել էինք իրականացնել Գեղամ Գրիգորյանի հետ»:

Անդրանիկ Արզումանյանի խոսքով՝ Գեղամ Գրիգորյանի հիշատակին կնվիրվի ոչ միայն այս օպերան, այլև տարվա բոլոր պրեմիերաները: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ով կլինի Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը, Ա. Արզումանյանը պատասխանեց, որ մարդկայնորեն ճիշտ չէ նման հարց քննարկել, երբ դեռ անփոխարինելի կորստից ընդամենը մեկ շաբաթ է անցել:

Հիշեցնենք, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը մահացել է այս տարվա մարտի 23-ին:

Օպերային թատրոնի հրավիրյալ գլխավոր դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն էլ իր հերթին նշեց, որ դեռ չի գիտակցում, որ այն, ինչ տեղի է ունեցել Գեղամ Գրիգորյանի հետ, իրական է. «Ես պատիվ եմ ունեցել աշխատելու նրա հետ: Չնայած կարճ ժամանակին՝ շատ բան եմ սովորել նրանից: Գ. Գրիգորյանը միայն լավ երգիչ չէր, նա շատ լավ երաժիշտ էր, մեծ գիտելիքներ ուներ: Նրա ցանկությունն էր «Նորմա»­-ն ներկայացնել: Մենք կանենք այդ պրեմիերան՝ հարգելու նրա հիշատակը»,­- ասաց Ջ. Մարչիանոն:

«Նորմա» օպերայի բեմադրիչն է Բորիս Հայրապետյանը (Ռուսաստան). դիրիժորական վահանակի մոտ կլինի Ջանլուկա Մարչիանոն (Իտալիա): Գլխավոր դերերում ներկայացումների տարբեր օրերին հանդես կգան Մարինե Դեինյանը և Դիանա Հարությունյանը (Նորմա), Հայկ Տիգրանյանը, Պողոս Բեազբեկյանը և Հովհաննես Ներսեսյանը (Օրովեզո), Սարգիս Աղամալյանը, Հովհաննես Նազարյանը և Լիպարիտ Ավետիսյանը (Պոլիոն) և այլ արտիստներ:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930