Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչի՞ են ախմախ շինարարին կոչում տալիս, թող որակյալին տան»

Ապրիլ 04,2016 13:30

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են
քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը եւ երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը: Բանավեճի թեման պատվավոր կոչումների «վերակենդանացումն» է:

Գոհար Հակոբյան.- Ազգային ժողովում վերջերս նորից քննարկվում էր կոչումների «վերակենդանացման» հարցը, կառավարությունը օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել խորհրդարան, որով առաջարկում է ՀՀ-ում սահմանել վաստակավոր շինարարի պատվավոր կոչում: Ըստ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի՝ այդպիսով կպարգեւատրվեն շինարարության բնագավառում բացառիկ ներդրում ունեցած մասնագետները: Պարոն Առաքելյան, ինչպե՞ս եք վերաբերվում այս քայլին, արդյոք մեզ պե՞տք է վաստակավոր շինարարի կոչումը:

Ֆերդինանդ Առաքելյան.– Իմիջիայլոց, շատ տարօրինակ վեճ էր գնում այնտեղ, նախ՝ ես կողմ եմ, որ ընդհանրապես կոչումներ չլինեն, բայց եթե վաստակավոր լրագրող կա, ապա ինչո՞ւ չլինի վաստակավոր շինարար, եթե ինձ մնա՝ մեզ պետք չեն նույնիսկ վաստակավոր դերասանները… Մեկ-մեկ ասում են՝ ժողովրդական արտիստ, բայց ոչ մեկը դրան չի ճանաչում, մինչդեռ իրականում ժողովրդական արտիստը շատ մեծ բան է…

Գ. Հ.– Պարոն Առաքելյան, հիմա մեզ պե՞տք են վաստակավորի կոչում ունեցող շինարարներ:

Ֆ. Ա.– Ամենաշատն ինձ զարմացրեց այն, որ «հարձակվեցին» Նարեկ Սարգսյանի վրա, դեմ խոսողներից մեկն էլ Նաիրա Զոհրաբյանն էր, պարզապես ընդդիմությունը տառապում է մի հիվանդությամբ՝ հենց պետության, կառավարության մարդն է մի բան ասում, իսկույն ասում են՝ չէ:

Գ. Հ– Պարոն Բայաթյան, նույն հարցը Ձեզ տամ. մեզ պե՞տք են վաստակավորի կոչում ունեցող շինարարներ եւ ընդհանրապես կոչումներ ունեցող արվեստագետներ, գիտնականներ, եւ եթե շինարարը վաստակավոր չլինի, ավելի վա՞տ է կառուցելու:
Արտավազդ Բայաթյան.- Եթե կա վաստակավոր, ուրեմն նշանակում է, որ կա նաեւ անվաստակ, ինչը մի քիչ սիրուն չէ: Ստացվում է՝ ով կոչում չունի, անբովանդակ, անվաստակ մարդ է, մինչդեռ եթե մարդ նույնիսկ մի բան ստեղծել է, արդեն գոհացուցիչ է: Ես ընդհանրապես կողմ չեմ կոչումներին, դրանք 30-ականներին են ստեղծվել եւ գաղափարախոսության հետ կապված բան են: Բազմիցս ասել եմ, էլի կասեմ՝ եթե մարդ իսկապես որեւէ ոլորտում վաստակ ունի, նրան պետք է պարգեւատրել ֆինանսապես, կարելի է շքանշան տալ եւ այլն, եւ այլն, իսկ վաստակավորը ձեւական բան է: Նույնիսկ մտածում եմ, որ եթե մարդուն պետք է շնորհեն վաստակավորի կոչում, ապա դա կարելի է անել հետմահու, այսինքն՝ մահացել է, գիտենք, որ նա բազմիցս այսպիսի գործեր է արել, էլ չի ավելանալու դրանց թիվը, ուրեմն նա վաստակավոր երգիչ է, շինարար է, արվեստագետ է… Թե չէ՝ վաստակավորից հետո մեկ էլ՝ ժողովրդական, իսկ հետո՞ ինչ… Ինձ թվում է՝ դա ավելորդ բան է, մանավանդ մարդկանց մոտ կարծիք է ստեղծված, որ կոչումներ ունեցող մարդիկ ծառայում են իշխանություններին: Բայց չէ՞ որ նրանց թվում շատ լավ մարդիկ կան, որ աշխատում են, անկեղծ սիրում են իրենց գործը, անպայման ուզում են մի լավ բան անել… Ոմանց համար էլ այդ կոչումները ոնց որ զանգուլակներ լինեն, որ հանեն ասեն՝ ծընգ, ծընգ, ծընգ…

Ֆ. Ա.- Իմիջիայլոց, մինչեւ էդ կոչման հետեւից չգնաս, չեն տա, ողորմելի բան է, պիտի կոչումը գա մեր հետեւից, բայց մենք ենք գնում: Մարդիկ կան՝ մշակույթի նախարարության դռան առաջ ժամերով կանգնում են, նկար են նվիրում, որ կոչում ստանան:

Գ. Հ.– Չե՞ք կարծում, որ վաստակավոր կամ ժողովրդական լինելը պետք է հասարակական գնահատական լինի, ոչ թե պետական հանձնաժողովի:

Ֆ. Ա.- Որ տեղը եկել է՝ մի բան ասեմ. եթե բոլորը կան, ինչու վաստակավոր շինարար չպետք է լինի, շինարարությունը սուրբ գործ է: Ախր, բանը հասել է նրան, որ այսօր թամադան էլ կարող է վաստակավորի կամ ժողովրդականի կոչում ստանալ, դա վիրավորական է, քեֆերին մասնակցողին կոչում են տալիս, ինչը խեղկատակություն է: Կամ էլ հանեք բոլոր կոչումները՝ վաստակավոր բժիշկ, վաստակավոր մանկավարժ, լրագրող: Թե չէ՝ ստացվում է՝ բոլորին կարելի է, շինարարին՝ ոչ, երբ այդքան գործ է արվում:

Գ. Հ.- Վերջերս Սարալանջի փողոցում փլվեց 2008-ին կառուցված հենապատը, դա չի՞ խորհրդանշում այսօրվա Հայաստանի շինարարության որակը…

Ֆ. Ա.– Ես գիտեի, որ այդ հարցը պետք է տաք, էն օրն էլ մեկն ասում էր՝ երկրաշարժի ժամանակ շենքերը քանդվեցվին անորակ շինարարության պատճառով, որ էդպես նայենք՝ փոթորիկն էլ ամբողջ Հնդկաչինը քանդեց, շինարա՞րն է մեղավոր, բնության բաներ կան… Հետո՝ ով է ասում , որ ախմախ շինարարին կոչում տան, թող լավին տան, օպերա կառուցողին չտա՞ն, նախարարությունների նոր շենքը, որ սարքել են, էդ շինարարին չտա՞ն… Ես կոնկրետ կասեմ՝ վերացրեք բոլոր կոչումները, դա շերտավորում է բերում, ովքեր ճարպիկ ու սրիկա են՝ ամեն ինչ ունեն, ովքեր համեստ են՝ ոչինչ էլ չունեն, տուն էլ չունեն: Ո՞վ ծանոթ չէ այդ հարցին, որ գնում են դրա հետեւից… Իմ ընկերներից մեկը կոչում էր ստացել, մեկն էլ որ նոր էր եկել արտասահմանից, ասում էր՝ էդ կոչումը ո՞նց ես ստացել, ես էլ եմ ուզում ստանալ:

Գ. Հ.- Պարոն Բայաթյան, առաջին նախագահի իշխանության տարիներին կոչումները վերացան, հետո նորից վերականգնվեցին, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ սկսեցին նորից շնորհվել:

Ա. Բ.– Այն ժամանակ դա պատրանք էր, որ նոր շունչ է, դեմոկրատիա եւ այլն, հետո շրջադարձ եղավ, եւ ամեն ինչ վերադարձավ իր տեղը, ինչ որ ունեինք, շատ մեծ փոփոխություն չէր, պարզապես դերակատարներն էին փոխվել: Նմանատիպ կառույցը այլ կերպ չի կարող ապրել ու շնչել… Հիշում եմ, որ Սովետական միության արտիստներ կային, խանդով էին վերաբերվում, որ բեմ էին դուրս գալիս, ու չէր հայտարարվում, թե իրենք ԽՍՀՄ արտիստներ են, ոնց որ նրան հայհոյես ամենավատ խոսքերով: Բանից պարզվում էր, որ գործը չէր կարեւոր, այլ այն, թե ինչպես էր գնահատվել նրա քաղաքական դիրքորոշումը: Հիմա դառնալով շինարարի կոչմանը՝ եթե բոլորն ունեն, ինչո՞ւ շինարարը չունենա:

Գ. Հ.– Նույն սկզբունքով կարող է վաստակավորի կոչում ընկալել խառատը, հյուսնը:

Ա. Բ.– Դե, կարող է վաստակավոր առեւտրական էլ լինել, ի՞նչ վատ մարդ է առեւտրականը, չնայած եթե կոչումները վերանան, դաշտը կառողջանա: Իսկ ով իսկապես վաստակ ունի, թող հնարավորություն տան, իր գործը շարունակի, արվեստանոց բացի, որտեղ ինքը կարող է անձամբ հավաքել մարդկանց, որոնք տաղանդ ունեն, օգնի կայանալ: Որքան գիտեմ, վաստակավորի դեպքում անգամ փող էլ չեն տալիս, միայն ժողովրդականի դեպքում պարգեւավճար կա:

Քննարկումն ամբողջությամբ՝


Պատրաստեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
02.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930