Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմում՝ ինչպես պատերազմում

Ապրիլ 04,2016 12:20

Պատերազմի ժամանակ խաղաղ կյանքի ընդունված նորմերը չեն գործում: Պատերազմը մահ, ավերածություններ, սարսափ է բերում ոչ միայն ռազմի դաշտում, այն ավիրում է մարդկանց հոգիներում, մարդկանց ուղեղներում եղած կարգուկանոնը, ներդաշնակությունը:

Պատերազմի ժամանակ ամենակարգապահ մարդիկ հանկարծ օրինազանց են դառնում, ամենասառնասիրտները՝ տաքարյուն, ամենատաքարյունները՝ սառնասիրտ: Պատերազմը ավերածություններ է բերում….

Այն, ինչ երբեք չէիր անի խաղաղ կյանքում, պատերազմի ժամանակ այլեւս «տաբու» չես դիտում: «Առավոտի» էջերում, կայքում, ռեպորտաժներում տարիներ շարունակ տեսած չեք լինի եւ ոչ մի դաժան, արյունալի կադր, որտեղ տեսանելի են մարդկանց դեմքերը: Դա ոչ միայն մեր, այլեւ ընդհանրապես լրագրողական եւ մարդկային էթիկայի կոպտագույն խախտում է:

Նման կադրեր տեսած չէիք լինի նաեւ «Հետքի», «Ֆոտոլուրի», «Արմենպրեսի», «Մեդիամաքսի» եւ բազմաթիվ այլ լուրջ, հեղինակավոր ԶԼՄ-ների մոտ: Սակայն հիմա պատերազմ է, եւ պատերազմում գազանություններ են լինում:

Պատերազմի դեմքն արյունոտ է եւ գազանաբարո: Այդ դեմքը չի՛ կարելի փակել, չի՛ կարելի լղոզել, չի՛ կարելի մեղմացնել: Այդ դեմքը պետք է ցույց տալ հասարակությանը, որովհետեւ հասարակությունը պե՛տք է տեսնի եւ սարսափի այդ գազանից, ատի այդ գազանին՝ պատերազմը:

Սա արյան ծարավ չէ, սա մարդկանց զգացմունքների հանդեպ անհարգալից վերաբերմունք չէ: Սա իրականությունն է, այն ինչ տեղի է ունենում հենց հիմա, հենց այս պահին…

Բայց պետք է հստակ գծել սահմանը: Պետք է զգալ այն պահը, երբ այդ իրականության հարկադրված արտացոլումը, որ արտակարգ իրավիճակ է, հանկարծ դառնում է առօրյա: Պետք է զգալ եւ չհատել այդ ռուբիկոնը: Պետք է զգալ եւ կանգ առնել:

Արյունալի կադրերը չպետք է դառնան մշտական ուղեկից՝ անգամ պատերազմի ժամանակ: Լրահոսը չպետք է ողողվի սպանված մարդկանց կադրերով: Լրահոսը չպետք է մարտադաշտ հիշեցնի: Լրահոսում պետք է նաեւ կյանք լինի, որովհետեւ իրականությունը նաեւ դա՛ է:

Իրականության մեջ ոչ միայն պատերազմ կա, այլեւ՝ ճանապարհներին՝ ձյուն, քաղաքում՝ արեւ, փողոցներում՝ գրկախառնված երիտասարդներ, գյուղերում՝ վարուցանք…

Վաղը կրկին կգա խաղաղությունը եւ կրկին ամենքս կվերադառնանք մեր հունի մեջ: Եվ որպեսզի այդ վերադարձը ճիշտ լինի, եւ էական շեղումներ չլինեն, ուղղակի անհրաժեշտ է, ուղղակի պարտավոր ենք թույլ չտալ պատերազմի հրեշին՝ կուլ տալ մեզ: Մեր քայլերը, մեր գործողությունները չպետք է ուղղորդվեն միայն պատերազմի թելադրանքով:

Էթիկայի նորմերը որպես մասնագիտական դրոշ պահող լրատվամիջոցները կրկին իրենց ձեռքը կվերցնեն այդ դրոշը: Էթիկայի եւ մարդկայինի վրա թքած ունեցող կայքերը կշարունակեն թքել այդ ամենի վրա: Բայց դա՝ վաղը: Իսկ այսօր պատերազմ է:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Խնդրում եմ,ամեն դեպքում թող Ձեր խմբագրությունը զերծ մնա ռազմի դաշտից նատուրալիստական բնույթի նկարներ ցուցադրելուց: ՈՉ ՄԻ դեպքում դա արդարացում չունի:

  2. Արմինե says:

    ՞՞ավերել՞՞, այլ ոչ թե ՞՞ավիրել՞՞:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930