Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Ադրբեջանին չաջակցեն, նա ի վիճակի չէ շարունակել պատերազմը. լրացուցիչ ռեսուրսներ չունի»

Ապրիլ 04,2016 22:20

«Երբ դիտարկում ենք վերջին միտումները՝ նավթի գների անկումը, ադրբեջանցիներին տրված խոստումների ի կատար ածման նպատակով նշանակալի զինտեխնիկայի ձեռքբերումները, հասկանալի է, որ դրանք պետք է ինչ-որ մի պահի կիրառություն գտնեին»,-Aravot.am-ի հետ զրույց ասաց տնտեսագետ Արտակ Մանուկյանը, պատասխանելով մեր այն հարցին՝ ինչո՞ւ Ադրբեջանը հիմա սկսեց պատերազմը՝ հաշվի առնելով այդ երկրի տնտեսության, մեղմ ասած, ոչ այնքան բարվոք վիճակը ու նավթի միջազգային գների անկումը:

Մանուկյանը նկատեց, որ Ադրբեջանի կառավարության տված խոստումները տնտեսության առումով չիրականացան, մասնավորապես, չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը բավականին արտարժութային ռեզերվներ ծախսեց մանաթի կայունության ապահովման համար, այդ նպատակը չիրականացվեց` նվազեցնելով բնակչության գնողունակությունը եւ մեծացնելով աղքատությունը, ինչը հավակնում էր վերաճել բնակչության արդարացի զայրույթի: Նման զայրույթը կմեղմվեր, եթե ադրբեջանցիները տեսնեին, որ իրենց «տառապանքները» արդյունք են տվել եւ Ադրբեջանը տնտեսական ոլորտում ձախողումները փոխհատուցել է պատերազմական նվաճումներով, հակառակ դեպքում հարց կառաջանար՝ ինչո՞ւ ենք գնում նման քանակությամբ ռազմական տեխնիկա, փոխանակ ուղղելու դրանք բարեկեցության բարձրացմանը: Սրան գումարվում է նավթի գների մշուշոտ հեռանկարները, որոնք, ինչպես տնտեսագետը նշեց, 2016 թվականին չեն հավակնում անցնել 50 դոլարի սահմանագիծը. «Այնպես, որ ամեն հաջորդ տարի Ադրբեջանը իր մրցակցային առավելությունները՝ նավթադոլարներից ստացված եկամուտների միջոցով պատերազմի համար անհրաժեշտ ռազմական գերազանցությունը կկորցնի: Այս ներքին շարժառիթներին ավելացավ մի շարք արտաքին ուժերի հովանավորչությունը, որոնք տվյալ դեպքում ազդեցին ռազմական արկածախնդրություն սկսելու որոշման վրա»:

Հիշեցնենք, որ Aravot.am-ը դեռ անցյալ տարվա հոկտեմբերին անդրադարձել էր Ադրբեջանի ագրեսիվ վարքագծին, երբ հրետակոծել էր Հայաստանի սահմանամերձ բնակավայրերն ու մարտական դիրքերից կիլոմետրեր հեռու տեղաբաշխված ԼՂՀ զինվորական ստորաբաժանումներ, որի հետեւանքով զոհվել են խաղաղ բնակիչներ եւ զինծառայողներ:  Տնտեսագետը դեռ անցյալ տարի նկատել էր, որ  Ադրբեջանում 2 տարի հետո սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակ է լինելու, այնտեղ հնարավոր է՝ սոցիալական խլրտումներ սկսվեն, նույնիսկ՝ բունտ, եւ այդ ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին չի հաջողվի իր ժողովրդին տրամադրել հայ ժողովրդի դեմ եւ սոցիալական դժգոհությունից նրանց ուշադրությունը շեղել պատերազմի գործոնով: Ուստի Ադրբեջանին հիմա ձեռնտու է
պատերազմական վիճակը:

Արդյոք Ադրբեջանն ի վիճակի՞ է տնտեսական նման վատ պայմաններում  երկար շարունակել պատերազմը, մեր այս հարցին էլ տնտեսագետն այսպես պատասխանեց. «Սրանք նախկինում կուտակած ռազմական ռեզերվներն են, իսկ 2-րդն էլ՝ նման թափի հարձակում չի կարող թույլ տալ, եթե, իհարկե, իր մեծ եղբայրը չաջակցի: Ռուսաստանն էլ աջակցել է, երբ Ադրբեջանին, ընդհանուր առմամբ մոտ 4 միլիարդ դոլարի զենք է մատակարարել: Ընդ որում, ռուսական լրատվամիջոցները գրել էին, որ ՌԴ-ն Ադրբեջանին որոշակի ծավալի ռազմական տեխնիկա է տրամադրել նաեւ առանց կանխավճարի, վստահ լինելով, որ նա կվճարի ավելի ուշ, ինչը տեղի չի ունեցել նավթի գների անկման պատճառով: Ըստ ռուսական ԶԼՄ-ների, ռուս պաշտոնյա էր մեկնել Բաքու հենց այդ մատակարարումների դիմաց գումարները հետ ստանալու նպատակով: Պետք է նշել, որ Հայաստանին մոտ 200 մլն դոլարի մատակարարումը իրականացվել է վարկային գծով, այլ ոչ թե նման արտոնյալ պայմաններով»:

Ի վերջո, ըստ Մանուկյանի, եթե Ադրբեջանին չաջակցեն, նա ի վիճակի չէ շարունակել պատերազմը, քանի որ այլ լրացուցիչ ռեսուրսներ չկան՝ նավթադոլարներ, ներդրումների ներհոսք, իսկ ամեն հաջորդ օրը մեծացնում է Ադրբեջանում «բունտի» հավանականությունը, քանի որ ռազմական ներդրումների պատճառով կրած զրկանքները դառնում են անարդյունք:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930