Լրահոս
Օրվա լրահոսը

Մերուժանը, զինվորականի շորերով հագնելով, վերջին զանգին անակնկալի էր բերել դասարանցիներին

Ապրիլ 05,2016 21:25

Այսօր Գյումրու «Սուրբ  Յոթ վերք» եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ Արցախի պաշտպանության ժամանակ հերոսաբար զոհված 23-ամյա ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի: Նրա հարազատները, ընկերները, դասարանցիները, հարեւանները ե՛ւ ողբում էին նրա մահը, ե՛ւ չափազանց հպարտ էին, որ բախտ են ունեցել հերոսի հետ շփվելու: Նրա մանկության ընկերներից մեկն ասաց, որ իր համար զարմանալի չէ, որ Մերուժանը կյանք է տվել հայրենիքի համար ու մի հետաքրքիր դրվագ պատմեց նրա դպրոցական տարիներից:

«Մերուժանը եղբորս դասարանից էր, թեեւ իմ հետ էլ շատ մոտ էր. հարազատ եղբոր պես, վերջին զանգն էր, բոլորը պատրաստվել էին, դերեր ունեին, նախապես որոշել էին՝ դերերին համապատասխան ով ինչ պիտի հագնի: Մեկ էլ ներս է մտնում Մերուժանը՝ զինվորականի հագուստով, երբ բոլորը զարմացած իրեն են  նայում, նա շատ հանգիստ  տոնով հայտարարում է՝ այդ ե՛ս եմ, Ձեր պաշտպանը, եկել եմ: Եղբորս դասարանում մինչ այդ որոշել էին, թե ով ինչ պիտի դառնար, երգով ասեր այդ մասին, ամեն մեկը վերջին զանգի ընդհանուր երգի մեջ ուներ իր տողերը: Մերուժանի երգի տողերը, բնականաբար, զինվորականի, հայրենիքի պաշտպանի մասին էին»:

Դասընկերները նրան բնութագրում էին որպես ջերմ անձնավորության, յուրահատուկ ժպիտով ու հումորով: Մերուժանի հայրը նույնպես զինվորական է եղել, ու տղան փոքրուց երազել է հորը գործը շարունակել: Նրա մայրը աշխատել է Գյումրու Մուշ թաղամասում գտնվող թիվ 42 դպրոցում՝ որպես մանկավարժ, որտեղ որ սովորել է որդին, սակայն, երբ Մերուժանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ է ընդունվել, ավարտել ու անցել է աշխատանքի, ընտանիքը տեղափոխվել է Երեւան: Հարեւաններն ասում էին, որ Մերուժանը յուրահատուկ կիրթ ծնողների զավակ է, նա վերջերս էր նշանվել, նույնիսկ չէր հասցրել ամուսնանալ, իսկ նշանածը Շուշիից է, որին սիրահարվել էր Արցախում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930