Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուզաննա Մուրադյան. «Խաղաղ բանակցային ճանապարհը ուժեղ կողմերի միջոց է, իսկ դավադրությունների ճանապարհը՝ ծուղակ»

Ապրիլ 05,2016 23:35

ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի ապրիլի 5-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Վերջին օրերին կատարվող իրադարձությունները բոլորիս ուշադրության կենտրոնում են: Հերթական անգամ Ադրբեջանն անցավ իր նենգ մարտավարությանը՝ թիրախ դարձնելով իր բակում աշխատող գյուղացուն, իրենց տանը հանգիստ նստած ծերերին, դպրոց հաճախող երեխաներին: Անգամ պատերազմի ժամանակ պետք է արժանապատիվ կռվել:
Թշնամին քաջ գիտակցում է, որ դեմ առ դեմ կանգնելով հայ զինվորի առջև՝ դատապարտված է բախվելու նրա երկաթյա կամքին և անկոտրում ոգուն, և հետ է շպրտվելու:Նրանք բազմիցս են ականատես եղել, որ ուժը մեր հայի գենի մեջ է:Այսպիսին ենք մենք:

Ինչպես ասել է սպարապետ Վազգեն Սարգսյանը.

Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի ետևում` մշուշ: Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով: Այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է: Այս օրերին մենք դրա ականատեսն ենք: Այսօր մենք ուժեղ ենք քան երբևէ, իսկ ամեն հաջորդ օրը շատ ավելի՛ ուժեղ ենք լինելու:
Ադրբեջանի կողմից տարվող նման վայրագ գործելաոճը լուրջ սպառնալիք է ամբողջ աշխարհի համար, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն քարոզող եվրոպական կառույցների համար: Վաղուց արդեն ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը հստակ գործնական քայլեր և հասցեական միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի նման քաղաքականությունը կանխելու համար:

Բազմաթիվ մարդիկ զրկվում են կյանքի իրավունքից, խախտվում են միջազգային ամրագրված պարտավորություններ և ստորագրված համաձայնագրեր: Ժամանակն է, որ միջազգային կառույցները ոչ թե միայն քարոզեն համամարդկային արժեքներ և համընդհանուր իրավունքներ, այլ արժանի գնահատական տան և կոնկրետ գործուն քայլեր ձեռնարկեն հենց այդ իրավունքները բազմիցս ոտնահարող Ադրբեջանի նկատմամբ:
Բոլոր մայրերի անունից կոչ եմ անում, որ վերջ դրվեն աշխարհում նման ոճրագործություններին, որ չշատանան որդեկորույս մայրերը:

Բոլոր մայրերի անունից դիմում և պահանջում ենք, որ դատապարտվի Ադրբեջանի նման անհանդուրժելի և բոլոր միջազգային նորմերը խախտող որդեգրած քաղաքականությունը:
Ուզում եմ հիշեցնել, որ խնդիրների լուծման խաղաղ բանակցային ճանապարհը ուժեղ կողմերի միջոց է, իսկ դավադրությունների ճանապարհը՝ ծուղակ բոլոր կողմերի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930