Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Սամվել Մարտիրոսյան. «Ալիեւը վերջին երեք տարիների ընթացքում մամուլը վերահսկելի դարձրեց»

Ապրիլ 06,2016 23:13

«Loft» ինքնազարգացման եւ ժամանցի կենտրոնում «Կոնսենսուս» երիտասարդական հասարակական կազմակերպությունը դասընթացների շարք է սկսել: Առաջին դասախոսությունը՝ ապրիլի 6-ին էր, «Տեղեկատվական պատերազմ» խորագրով դասախոսությունը վարում էր տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը դասախոսություն ունեցավ:

Հանդիպման ընթացքում Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ կիբերհանցագործությունները լռեցնում են խնդիրը, այսինքն՝ լռեցնում են հակառակորդի աղբյուրները, ինչը կատարում է հիմա Ադրբեջանը. «Այսօրվա դրությամբ ադրբեջանական կողմը անվերապահորեն օգտագործում է իրենց մամուլը: Այստեղ լուրջ տարբերություն կա մեր մամուլի հետ, որովհետեւ մեզ մոտ մամուլը շատ խայտաբղետ է: Այնտեղ Իլհամ Ալիեւը վերջին երեք տարիների ընթացքում մամուլը վերահսկելի դարձրեց, այսինքն՝ լրագրողներին կա՛մ մի մասին սպանեցին, մի մասը փախան, մի քանիսին նստեցրեցին ու հետաքրքիրն այն է, որ մի քանի օր առաջ բաց թողեցին»:

Նա նկատեց, որ ապրիլի 2-ի առավոտյան ադրբեջանական մամուլում հրապարակումներ չկային, քանի որ «վերեւից» հրահանգ չկար, իսկ լրագրողները չէին համարձակվում հայկական կամ գոնե համաշխարհային մամուլին հղում կատարել:

Aravot.am-ի հետ զրույցում Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ Ադրբեջանը փաստացի տանուլ տվեց ապրիլի 2-ին իր գործողությունների տեղեկատվական ապահովումը. «Պարզապես իրենք պլանավորել էին մի ձեւ վարել, իրականությունը ուրիշ ձեւ եղավ, փաստացի իրենք ընդհանրապես լռեցին: Որպես հետեւանք՝ ադրբեջանական մամուլը հետ ընկավ, հայկականը ընկավ առաջ: Մեզ մոտ խնդիր կա հասկանալու՝ երբ Արցախը պետք է խոսի, երբ Հայաստանը, շատ դեպքերում դա բացասական է ազդում, այսինքն՝ մենք փորձում ենք Արցախը առաջ տալ, որ Հայաստանը չլինի կոնֆլիկտի մաս, այլ Արցախը, որ Հայաստանը աջակից կողմ լինի, բայց ոչ անմիջապես կոնֆլիկտ: Նաեւ դա անմիջապես Արցախի ճանաչմանը կտանի: Բայց սա հակառակ մեզ է աշխատում, որովհետեւ միջազգային մամուլը փորձում է Երեւանից ստանալ կարծիք, Երեւանից բան չեն լսում, եւ շատ դեպքերում ադրբեջանական կարծիքն ընկնում է առաջ»:

Նա ընդգծեց, որ այս պահին  Ադրբեջանում հաղթանակ են տոնում. «Իրենք դեռ չեն կողմնորոշվել, թե որն է իրենց հաղթանակը, բայց ունեն խնդիր հիմա ինչ-որ մի բան տոնելու, որովհետեւ հակառակ դեպքում պարզ չի, թե ինչի համար են ունեցել այդքան զոհեր: Այնպես որ մոտակա ժամանակներում մենք կտեսնենք, որ ադրբեջանական քարոզչությունը ամբողջությամբ ուղղվելու է դեպի ներս, այսինքն՝ նրանք ջանքեր են գործադրելու ներսում ուրախություն, խինդ, հաղթանակի զգացողություն առաջացնելու համար: Արդեն դա սկսել է՝ հատկապես նաեւ հաշվի առնելով, որ զուգահեռ շատ ուժեղ ճնշում է ընկել այս միջազգային օֆշորային բացահայտումներից ալիեւյան ընտանիքի հետ կապված, եւ դա արդեն ամենուր է, օրինակ՝ ամերիկյան CNN-ի հարցազրույցը կարելի է տեսնել, ինչի մասին էլ խոսում են ադրբեջանցիները մեկ է՝ վերջում գալիս են օֆշորին: Այնպես որ նրանք հիմա խնդիր ունեն փակվելու, մտնեն ներս ու ներսում ինչ-որ իլյուզոր բան ստեղծեն»:

Իսկ լուսաբանումը միջազգային մամուլում, ըստ Սամվել Մարտիրոսյանի քիչ թե շատ օբյեկտիվ է. «Խնդիր ունենք, որ  հեշտ չէ մեր ասածը գնում դուրս, որովհետեւ մենք երկու գլուխ ունենք, իհարկե՛, Ադրբեջանը ինչ-որ տեղեր փող է օգտագործում իր նյութերը առաջ տանելու համար, բայց իրականում, դա չի անցնում: Ուրիշ հարց, որ այդ Ադրբեջանի գործողությունների հետ հստակություն չմտավ: Ադրբեջանը՝ որպես ակնհայտ ագրեսոր միշտ չէ ներկայացվում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930