Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Եթե ԵՏՄ ու ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանին չեն աջակցում, բա ու՞մ պետք է աջակցեն»

Ապրիլ 07,2016 22:35

«Անընդունելի եմ համարում վարչապետերի գագաթնաժողովը Երեւանից այլ պետություն տեղափոխելու որոշումը: Ընդ որում, այն մեկնաբանությամբ, որ եթե դա տեղի ունենա  Երեւանում, ապա Ադրբեջանի կողմից դա կարող է ընկալվել աջակցություն Հայաստանին: Ինձ մոտ հարց է առաջանում, բա եթե ԵՏՄ անդամ  պետություններն իրենց անդամին չաջակցեն, ՀԱՊԿ անդամ պետություններն իրենց անդամ պետությանը չաջակցեն, բա ու՞մ պետք է աջակցեն: Սա խոսում է  այն  մասին, որ այդ նույն պետությունների ղեկավարները դեռեւս այս կառույցներին պատասխանատվությամբ չեն վերաբերվում,- Aravot.am-ին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Մեր դիտարկմանը, թե ԵՏՄ-ն, կարծես թե, չարդարացրեց Հայաստանի հույսերը, անվտանգության երաշխիքի առումով լրիվ հակառակ պատկերն է, ԵՏՄ անդամ Բելառուսը ադրբեջանամետ հայտարարություն արեց, Ղազախստանը միջամտեց՝ վարչապետերի գագաթնաժողովը տեղափոխել Երեւանից, որ Ադրբեջանին չնեղացնեն, իսկ ՌԴ-ն էլ չափազանց զգույշ ու չեզոք է, պարոն Հարությունյանը շարունակեց.

«Այն, որ այսօր ունենք ռազմական գործողությունների ժամանակավոր դադար, դա ինքնաբերաբար չեղավ: Դա ՌԴ անմիջական ջանքերի շնորհիվ էր: Այլ հարց է, թե ինչու այդ նախաձեռնությունը տեղի ունեցավ ռազմական լայնամասշտաբ գործողություններից երեք, չորս օր հետո, չեմ ուզում հիմա դրա մասին խոսել: Թեկուզ ժամանակավորապես, բայց ՌԴ-ն մասնակցություն ունեցավ ռազմական գործողությունների դադարին: Այն փաստը, որ ԵՏՄ անդամ պետությունները ավելի շատ  կարեւորում են ոչ թե ԵՏՄ շրջանակներում իրենց գործընկերների հետ տնտեսական հարաբերությունները, այլ երրորդ՝ ոչ անդամ պետության հետ տնտեսական հարաբերությունները, խոսում է այն մասին, որ ԵՏՄ-ն, որպես ինտեգրացիոն կառույց, կայացած չէ:  Խոսում է այն մասին, որ ԵՏՄ անդամ պետություններն իրենք նույնիսկ չեն իմաստավորել ու չեն գիտակցում այդ տնտեսական  նախագծի անհրաժեշտությունը»:

Մեր մյուս դիտարկմանը, թե նույն անտարբերությունն է նաեւ ՀԱՊԿ-ի կողմից, երբ Ադրբեջանը կրակոցներ է արձակում հայկական տարածքների ուղղությամբ, պատգամավորը պատասխանեց. «Հայ-ադրբեջանական սահմանին հրետակոծությունը նորություն չէ, ես հասկանում եմ, որ ԼՂ եւ Ադրբեջանի սահմանին ռազմական լայնամասշտաբ գործողությունների ֆոնին նման ոտնձգությունները այլ մեկնաբանություն  եւ այլ հեռանկարներ կարող են ձեւավորել: Բայց առաջին դեպքը չէ: ՀԱՊԿ-ի կանոնադրության համաձայն, այդ կառույցը կարող  է միջամտել կամ համապատասխան որոշումներ կայացնել, եթե երկիրը ենթարկվում է ռազմական սպառնալիքի եւ պաշտոնապես դիմում է: Մեր քաղաքական ղեկավարությունը գիտակցում է իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը եւ առայժմ  ՀԱՊԿ  ուժերի ներգրավման նպատակահարմարություն չի գտնում: Չմոռանանք, որ ՀՀ-ն է նախագահում այսօր ՀԱՊԿ-ը եւ բոլոր հնարավորություններն ունի  նախաձեռնելու ամենակտրուկ քայլերն այդ ուղղությամբ: Բայց եթե  դա չի արվում, ապա դրա անհրաժեշտությունը չկա: Այդ ռեսուրսը պետք է շատ խնամքով օգտագործել, այսինքն, օգտագործել այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը կա:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930