Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնում ես, գլուխդ դնում Անգելա Մերկելի դոշին, լալիս ես, որ ի՞նչ անես». Հարց՝ Սերժ Սարգսյանին

Ապրիլ 08,2016 23:00

Սերժ Սարգսյանի՝ նախօրեին արած հայտարարությունը, թե դեմ չենք ԼՂՀ տարածքում խաղաղապահ ուժերի տեղակայմանը, Լեւոն Բարսեղյանը չի համարում հայկական կողմի արձագանք:

Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի համոզմամբ. «Հայկական կողմի արձագանքը եղել է պատերազմի դաշտում…ես կարծում  եմ՝ Սերժ Սարգսյանը վաղուց պետք է կռահած լիներ, որ ուղղակի իր հրաժարականի ժամանակն է, զզվեցրեց թողեց իր անտեղյակությամբ, ոչ ադեկվատ վերաբերմունքով Հայաստանի խնդիրներին, ինքը կապ չունի Հայաստանի խնդիրների հետ:

ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ՌԴ- փոխվարչապետը հայտարարեց, որ շարունակելու են Ադրբեջանին զենքի վաճառքը, մեր հարցին՝ ինչ խնդիր է լուծում ՌԴ-ն, պարոն Բարսեղյանն ասաց. «Ուզում է՝ անպայման Ադրբեջանին լինի մերձավոր դաշնակիցների մեջ, ըստ երեւույթին պայման ունի՝ Ղարաբաղն ունենալ:

Ուզում է՝ Ադրբեջանը լինի ԵՏՄ կազմում, դեմ չի լինի, որ այնտեղ զորքեր ունենա տեղակայված: Հայաստանին  ինչ ուզել, արել է, հիմա, ուզում է կայսրության վերականգնումը շարունակի, նաեւ Ադրբեջանն է պետք այս իմաստով:

Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցը չի եղել, որեւէ գործողություն չի հուշում, որ նա Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է: Կարող եք համեմատել այս օրերին ՌԴ վարքը Թուրքիայի վարքի հետ: Թուրքիան Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցն է, Ադրբեջանին ցավակցում է, քաջալերում է՝ լավ եք արել, քիչ եք արել: ՌԴ-ն  Պուտինի բերանով անհանգստություն է  հայտնում, զարմանալի է՝ մարդը չգիտեր, որ Ադրբեջանին վաճառված հինգ միլիարդ դոլարի զենքը պետք է կրակեր, երեւի թվում էր, որ Կասպից ծովի վրա վարժություններ են անելու:  Ռուսաստանն անհանգստություն հայտնեց, կոչ արեց դադարեցնել, բոլորին հավասար է վերաբերում: Ռուսաստանի որեւէ պաշտոնյայի խոսքի կամ ելույթի մեջ չի երեւում , որ կողմերից մեկի ռազմավարական դաշնակիցն է, գործողություններով առավել եւս չի հասկացվում:

Տպավորություն կա, որ Ռուսաստանը Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցն է, որովհետեւ ահռելի ծավալով զենքը վաճառում է Ադրբեջանին: Խաբում է  այն ռուսոմաններին, որոնք ռուսներին համարում են Հայաստանի փրկությունը:

Պատմությունը դասեր է տվել,  Հայաստանի իշխանությունները կամ այդ դասերը  լավ չեն սովորել կամ իսկապես Ռուսաստանի կամակատար խամաճիկներն են Հայաստանում: Քաղաքականությունը շահի մշակույթ է, հիմա այդ մարդկանց շահը մեր շահի հետ չի համընկնում: Ինչքան ուզում ես գնա, մտիր ծոցը, ինչքան ուզում ես սիրիր, գիրկը նստիր, այդ մարդը ուրիշ գրկի կարոտ է:

Իսկ Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ ոչ ադեկվատ, գնում ես գլուխդ դնում ես Անգելա Մերկելի դոշին, լալիս ես, որ ի՞նչ անես: Բանակն ապացուցել է իր անելիքը, հիմա 80-ականների զենքով է արել, ինչով է արել, ապացուցել է, որ իր տեղում է: Որերորդ անգամ ձեր անողնաշար քաղաքականությամբ ու տգետ դիվանագիտությամբ կործանում եք այս երկրի ապագան: Նստել Տիգրան Սարգսյանի հետ բողոքել են ԵՏՄ անդամ որոշ երկրներից, էլ բան ու գործ չունե՞ք, բամբասելու ե՞ք , անելիք չունե՞ք: Կասեցրեք ՀՀ անդամակցությունը ԵՏՄ-ին, մի քանի տասնյակ Ռուսաստանի, Բելառուսի պաշտոնյաների հանդեպ persona non- grata  հայտարարեք, պահանջեք զենք չվաճառել Ադրբեջանին»:

Մեր հարցին՝ ձեզ համար պարզ էր Սերժ Սարգսյանի հայտարարության իմաստը, թե մենք 80-ականների զենքով ենք կռվում. «Երեւի իր փոքրիկ խելքով ուզեց նշել, որ շատ քաջ ենք կամ աղքատ: Աղքատ չենք, այ ընկեր, դրեք այդ հանքերի  հարստությունների գները նոմինալ դուրս բերեք պետական կարիքների համար, կատարվող ծախսերը դուրս գրեք, ծառայողական մեքենա, թիկնազոր, պահակ, զուգարանի թուղթ, ժամացույցներ գումարեք, տեսեք, որ բոլորվին աղքատ չենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930