Լրահոս
Օրվա լրահոսը

Անուշ Սեդրակյան. «Ռուսաստանը վստահ է, որ հայկական կոռումպացված էլիտայում ինքն ունի դաշնակիցներ»

Ապրիլ 10,2016 21:02

Անդրադառնալով Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի  ռուսական «Ռոսսիա 1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արած այն    հայտարարությունը, որ եթե  Ռուսաստանը հրաժարվի Ադրբեջանին զենք վաճառելուց, ապա նրանք այլ երկրներից զենք կգնեն, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն ասում է՝ զենքի վաճառքը առաջին հերթին  տնտեսական գործոն է:

Aravot.am-ի հետ զրույցում տիկին Սեդրակյանը նկատեց, որ զինտեխնիկան հիմա Ռուսաստանի համար այն միակ արտահանվող ապրանքն է, որից հսկայական օգուտներ է ստանում, քանի որ նավթի եւ գազի գնողունակությունն ընկել է. «Ռուսաստանն այս տարածաշրջանում անպայման պետք է իր զենքը սպառի, երբ գնորդ գտնի»:

Սեդրակյանի ներկայացմամբ, հիմա Ռուսաստանի տնտեսությունը, կարելի է ասել, փլուզման փուլում է, դրան է անդրադարձել նաեւ միջազգային հեղինակավոր տնտեսական ամսագիրը, որ ՌԴ-ի տնտեսությունը մարդիկ 90 -ականների հետ են համեմատում, ուստի Ռուսաստանը պիտի զենքի գնորդ գտներ. «Որ Ռուսաստանի տնտեսությունը փլուզվում է, դա ակնհայտ է: 3 օր առաջ մի ամսագիր վերլուծել էր, որ Ռուսաստանում բնակչության եկամուտները նվազել են, համախառն ներքին արդյունքը՝ նույնպես: Զարմանալի չէ, որ Պուտինը հատուկ ազգային գվարդիա է ստեղծում՝ սեփական անձը պաշտպանելու համար, որովհետեւ ակնկալում է, որ վիճակի վատթարացումն ինչ դժգոհությունների է բերելու: Դրա համար Ռուսաստանը չի  կարող տնտեսական գործոնը հաշվի չառնել զենքի վաճառքում: Այլ բան է, որ քաղաքականապես Ռուսաստանը վստահ է, որ հայկական կոռումպացված էլիտայում ինքն ունի դաշնակիցներ, որոնք պատրաստ են ուղղակի պետությունը սպասարկման դնել ռուսական շահերին: Նրանք դա տեսնում են քայլ առ քայլ՝ այդ գույք պարտքի դիմաց, գազի պայմանագիր եւ այլն, որ ՀՀ  իշխանությունն անմռունչ հետեւում է ռուսական քաղաքականությանը»: Բայց երբ իրավիճակը հասավ պատերազմական դրությանը, ինչպես ասաց Սեդրակյանը, երբ խաղաքարտին դրվեց Ղարաբաղի եւ մեր զինվորների հարցը, Ռուսաստանի համար անսպասելի էր, որ Հայաստանը կունենա այսպիսի միակարծիք ու միաժամանակի արձագանք. «Հետեւաբար պետք է շարունակել լղոզել այդ զենքի վաճառքը, թեպետ, դա անարդյունք է, որովհետեւ մենք տեսնում ենք, որ Հայաստանում պրոռուսական արձագանքը լռել է, նրանք համոզված են, որ զենքը  քաղաքական դաշնագրային պայմանավորվածությամբ  սովորական ապրանք չէ, զենքը քաղաքական թույլտվություն է, որի վաճառքով հովանավորում ես այն երկրին, որը կիրառում է այդ զենքը: Ծիծաղելի կլինի մտածել, որ դու մի ձեռքով զենքը կարող ես վաճառել, մյուսով սաստել այն նույն երկրին, որին վաճառել ես այդ զենքը կամ սահմանափակել նրա գործողությունները»:

Սեդրակյանի խոսքերով՝ ի սկզբանե, երբ զենքի վաճառքի ժամանակ շատ էր արծարծվում այս խնդիրը, ակնկալվում էր նման զարգացումներ, քանի որ զենքը քաղաքական առեւտրի մի մաս է, զենքի թույլտվությունը քաղաքական առեւտրի ներքին համաձայնություն է. «Դա այսպես կոչված դաշնակցի ոչնչացման լուռ համաձայնություն է: Ռուսները չեն էլ թաքցնում, որ տիրապետում էին տեղեկատվությանը, որ ադրբեջանական զինտեխնիկայի տեղաշարժ կա: Ու այս պարագայում, նույնիսկ չեն կատարել դաշնակցային պարտավորությունները: Այստեղ մենք կարող ենք լիիրավ խոսել Հայաստանի հանդեպ դաշնակցային բոլոր պարտավորությունների անտեսման եւ չկատարման, խափանման մասին»:

Հայաստանում, ըստ Սեդրակյանի, տեղի ունեցավ Ղրիմի նույն դեպքը, որով մեզ սպառնում էին. «Մենք հիշում էինք, որ Եվրոասոցացման պայմանագրի, գազի թանկացման դեպքում, մեզ ասում էին՝ այս ամենն անում ենք, այլապես մեր անվտանգությունը պաշտպանված չէր լինի: Իսկ իրականությունը փաստեց, որ անվտանգությունն առավելեւս պաշտպանված չէ»:

Մեդվեդեւն, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությանը, թե Ռուսաստանը հակամարտության կողմ է, ասել է. «Փոխանակ հանդարտվելու կոչ անեն, գնահատականներ են տալիս։ Ինչի՞ համար։ Կրակի վրա յուղ լցնելո՞ւ»։

Ինչի՞  մասին է խոսում Մեդվեդեւի այսպիսի՝ որեւէ հակափաստարկ չներկայացնող պատասխանը, մեր այս հարցին էլ Սեդրակյանն ասաց. «Բայց Հայաստանն արդեն ցույց է տվել, որ ինքը ոչ լիարժեք գործընկեր է, այսինքն` այն գործընկերն է, որ կարելի անտեսել, արհամարհել, այլապես գոնե կմտածեին որեւէ համոզիչ փաստարկներ բերել, թեպետ դրանք չկան էլ»:

«Ազատ դեմոկրատների» փոխնախագահն ասաց, որ ինքը փնտրել է Իսրայելի ռազմական պետական պայմանագրերում Իսրայել-Ադրբեջան պետական որեւէ փաստաթուղթ, բայց չի գտել. «Որովհետեւ վաճառել են մասնավոր ընկերությունները, սա իմ ենթադրությունն է: Բայց ի՞նչն է խանգարում Հայաստանին գումարն ու ռեսուրսներն  ազատ տնօրինելու պարագայում ավելի կատարելագործված, ավելի դիպուկ զենք գնել այն երկրից, որը սպասարկում է: Չէ որ ռուսական զենքը հարվածում է Հայաստանի տնտեսությանը, որովհետեւ դրանց որակն էլ կասկածելի է, եւ դրա մասին Սերժ Սարգսյանն էլ է  նշում, որ 80 -ականների զենքով ենք: Եթե մենք մտնեինք ազատ շուկա, գուցե ավելի մեծ հնարավորություններ ունենայինք: Հիմա մենք դիմում ենք միջազգային հանրությանը. արդյոք երաշխիքներ ունենք դիմելու, երբ մենք չենք կատարել մեր դաշնակցային պարտավորությունները՝ ԵՄ ասոցացման պայմանագիրը միակողմանի  խզեցինք: Հիմա չենք կարող պահանջել նույնատիպ արձագանք, որովհետեւ մենք եվրոպական ընտանիքի մասը չենք ընկալվում: Սա մեր քաղաքականության պատճառով է: Մենք կորցրել ենք ներդրումների հնարավորությունները, որն ունի ասենք՝ Վրաստանը, մենք կորցրել ենք այն հումանիտար օգնության ծավալները, որն ունի Ուկրաինան: Մենք գտնվում ենք նույն այն պատերազմական իրավիճակում, որում Ուկրաինան է, բայց որեւէ տեղից օգնություն չենք կարող ակնկալել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930