Լրահոս
Օրվա լրահոսը

Անհետ կորածների շարքից գտնված Գրիգորին էլ հրաժեշտ տվեցին. «Չենք հավատում». (Տեսանյութ)

Ապրիլ 12,2016 22:15

19-ամյա Գրիգոր Հարությունյանը զոհվել է Ջաբրայիլում, ադրբեջանական կողմի հարձակման հենց առաջին օրը: Այսօր նրա հոգեհանգստին մորեղբայրը՝ Գագիկ Ստեփանյանը, մեզ հետ զրույցում պատմեց, որ մահվան հանգամանքներից շատ տեղեկություններ չունեն. «Ըստ երեւույթին, փորձել են պաշտպանվել, իրենց պահվածքն այդ է ցույց տալիս: Պատմությունից հիշում ենք, որ անընդհատ հարձակվում են, մենք պաշտպանվում, վատն այն է, որ պաշտպանվում ենք, չենք հարձակվում: Պետք է մի անգամ էլ դաս տանք»:

Վերջին անգամ Գրիգորը ծնողների հետ խոսել է մարտի 31-ին, ըստ մորեղբոր. «Ուրախ տրամադրությամբ, ասում էր՝ ամեն ինչ լավ է: Գոհ էր իր ծառայությունից, դիրքից, տեղից, երբեք չի դժգոհել»:

Գրիգոր Հարությունյանը միակողմանի ծնողազուրկ է, ունի երկու եղբայր, մեկ քույր: Նա  մեկն է այն 18 անհետ կորած զինվորներից, որոնց մարմինները նախօրեին են հանձնվել հայկական կողմին: Ըստ պաշտոնական տեղեկատվության, մարմինները եղել են անարգված ու անդամահատված:

«Մեր երեխան նորմալ վիճակում է եղել»,- վստահեցրեց Գրիգորի մորեղբայրը:

Այսօր Գրիգորին հրաժեշտ ասելու էին եկել նաեւ նրա մանկության ընկերները: «Միասին ենք մեծացել, շատ լավ անձնավորություն էր: Չենք հավատում, շատ լավ անձնավորություն էր, հումորով, ամեն ինչին հասնող, օգնող, լավ մարդ էր, լավ ընկեր: Էնքան բան կա նրա մասին ասելու, որ այս պահին չենք կարողանում»,- ասացին նրա մանկության ընկերներ Վաղարշակ Դանիելյանն ու Ռոբերտ Դոխոյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930