Լրահոս
Օրվա լրահոսը

«Լույսը բացվեց, տեսա 3-ով էինք կռվում, տղաներն անշարժ պառկած էին»

Ապրիլ 13,2016 16:30

Ապրիլի 2-ի առավոտյան՝ ժամը 4-ին մոտ, հրաման տրվեց՝ պաշտպանվել
եւ հետ վերցնել մեր դիրքերը. տղաների մտքին մի բան էր՝ մեր հողերը հանկարծ չտանք, հետ վերցնենք, իսկ հակառակորդն արդեն վերցրել էր մեր դիրքերը:

Արցախում 21 ամսվա ժամկետային զինծառայող Համբարձում Վարդանովն է «Առավոտին» պատմում. խոսում է շատ ցածր ձայնով, ոնց որ չուզենա պատմել, համեստություն է անում, ամաչում է իր կռվի մասին խոսել, ասում է՝ դե, զինվոր ենք, մեր պարտքն էինք կատարում:

«Հակառակորդը միանգամից եկավ, միանգամից պատերազմը սկսվեց: Առաջին վայրկյանից նռնակներ էին նետում, մեր զինվորներից մեկը լուրջ վնասվածք ստացավ, ոտքը կորցրեց, մինչեւ իջեցրեցինք կացարան, առաջին բուժօգնությունը ցույց տվեցինք, ու երբ հասկացանք որ հակառակորդը մեր տարածքում է՝ խրամատում, էլ չկարողացանք գնալ մեր տեղը, որտեղից, որ պիտի կռիվ տայինք: Սկսեցինք մեր կացարանի մոտից հակառակորդի հետ կռվել: Իրենք բարձր տեղ էին, մենք՝ ցածր, առավելությունն իրենց կողմն էր: Իրենք էլ հսկում էին բոլոր ճանապարհները, ոչ մեկ չէր կարողանում զինամթերք բերել: Հետո մեր սպաները եկան, վիրավորներից մեկին հանեցին դիրքից, ու էլ ոչ մեկ չէր կարողանում դիրքին մոտ գնալ, մենք որքան կարողանում՝ կռվում էինք»,- պատմում է Համբարձումը:

Զինվորն ասում է՝ հակառակորդը զինամթերքի պակաս չուներ, անընդհատ կրակում էր, անընդհատ նռնակ նետում, ականանետում, ու երկար ժամանակ այդ ամենը չէր վերջանում, իսկ մեր զինվորների մոտ զինամթերքը սահմանափակ էր, աշխատում էին հնարավորինս քիչ կրակել, բայց դիպուկ ու արժանի հակահարված տալ: Բայց եկավ մի պահ, որ մերոնց փամփուշտները վերջացան: Համբարձումի զինվոր ընկերները զոհվել էին, վիրավորներ էլ կային. «7 հոգով էինք մնացել դիրքում, մեկ էլ լույսը բացվեց, տեսա՝ 3-ով էինք կռվում, մեր մի քանի ընկերների մասին էլ տեղեկություն չիմացանք՝ զոհվե՞լ են, չգիտեմ, նրանք անշարժ պառկած էին»:

Կռվի մասին Համբարձումը երբեք չի մոռանա, հազիվ 20-ամյա այս տղան, որը մի քանի ժամում մի քանի տարով մեծացավ, հասուն տղամարդու պես ասում է՝ էլի գնալու եմ շարունակեմ ծառայությունս: Հիմա Երեւանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժում է ստանում. ծոծրակի բազմաբեկորային վնասվածք ունի. «Լուրջ բան չի, լավանամ՝ կգնամ ծառայության»: Համբարձումը պատմում է, որ հակառակորդին 100-150 մետրի վրա է տեսել. նրանք երիտասարդ զինծառայողներ չէին. «Թուրքի դիակներ էլ տեսա, բոլորն էլ մեծ մարդիկ էին»:

Մինչ պատերազմական գործողությունները, ինչպես պատմում է Համբարձումը, հակառակորդը պարբերաբար անօդաչուներ էր ուղարկում՝ թե՛ հետախուզական, թե՛ հարվածային: Զինվորն ասում է. «Շատ պրոֆեսիոնալ սարքեր էին, որ կրակում էինք՝ չէր հասնում դրանց»: Հետո շարունակում է. «Մենք անհամաչափ սպառազինությամբ էինք կռվում»:

miqayel-Sahakyan

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլի 4-ի մարտական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայող 19-ամյա Միքայել Սահակյան:

19-ամյա Միքայել Սահակյանը Համբարձումի հետ նույն հոսպիտալում է բուժվում, տարբեր գումարտակներում են ծառայել, բայց հոսպիտալում արդեն ընկերացել են. դե, խոսակցության թեման հիմնականում 4-օրյա պատերազմն է: Միքայելն էլ համեստություն է անում, ընկերոջ պես ցածր ձայնով է խոսում, ամաչելով, հազիվ էինք լսում՝ ինչ է ասում: Նա ասում է՝ երբ իմացավ, որ զինծառայությունը Ղարաբաղում պիտի կատարի, առաջինը մտածել է. «Երանի «պոստավայում չաստում» ծառայեմ, ուզում էի անպայման դիրքեր գնամ»:
9 ամսվա զինծառայող Միքայելը հիշում է՝ ապրիլի 2-ին տագնապով զինվորներին բարձրացրեցին պաշտպանություն իրականացնելու համար. հավելյալ ուժ էր պետք, պիտի մյուս տղաներին օգնեին՝ մեր դիրքերն էլ հետ վերցնեին:

«Պիտի հակահարված տայինք, հակառակորդը ականանետում էր, հա խփում էին, մենք մտածում էինք՝ դիրքերը հետ բերենք: Ամսի 4-ի երեկոյան որ գնացինք մեր մշտական տեղը, սկսեցինք կռիվ տալը, հակառակորդը մեծ տրամաչափի զենքերով էր խփում: Վիրավորվեցի, ձեռքիս հատվածում եւ կրծքավանդակում բեկորային վնասվածքներ են: Վիրավորվելուց հետո բերեցին հոսպիտալ: Հա, ես էլ, մյուսների պես, լավանամ, պիտի գնամ շարունակեմ ծառայությունս»: Այսքանից ավելի բան չուզեց զինվորը պատմել, ասում է՝ ի՞նչ պատմեմ, կռիվ է, պիտի կռվենք, մեր հողերն են՝ պարտք է՝ պիտի պաշտպանենք:

vachagan-Vardazaryan

Հատուկ նշանակության խմբից՝ Վաչագան Վարդազարյան: 

Պայմանագրային զինծառայող Վաչագան Վարդազարյանի հետ էլ Երեւանի զինվորական հոսպիտալում զրուցեցինք. հատուկ նշանակության խմբի նպատակն էր կասեցնել հակառակորդի տանկային հարձակումը, հետ վերցնել մեր դիրքերը: «Նկարագրելն անհնար է, թե ոնց էին խփում նրանք, անընդհատ, անդադար խփում էին: Հակառակորդի արկը պայթեց մեզ վրա, մենք վիրավորներին հանեցինք: Հետո այստեղ՝ հոսպիտալում իմացա, որ խմբից մեր 3 լավ ընկերները զոհվել են, սարի պես տղաներ էին, սարի պես: Խմբից 3-ն էլ Ղարաբաղի հոսպիտալում են, լավ են արդեն, խոսել եմ հետները»:

Վաչագան Վարդազարյանի 2 որդիներն էլ Ղարաբաղում են ծառայում, մեկը՝ ժամկետային, մյուսը՝ պայմանագրային: Ասում է՝ ընտանիքում 3 տղամարդ կա, 3-ն էլ զինվոր: Ի՞նչ կորոշի կրտսեր որդին զինծառայության ժամկետն ավարտելուց հետո, կրկին բանակո՞ւմ ծառայության կանցնի՝ Վարդազարյանը չգիտի, բայց անգամ այս օրերի պատերազմի վտանգն ու հետեւանքները հասկանալով՝ ասում է. «Եթե որոշի շարունակել ծառայել, ես չեմ խոչընդոտի: Համոզված եմ, իմ տղաները Արցախը չեն թողնի»:
Վարազդատ Վարդազարյանն ասում է՝ ի՞նչ «պալիտիկա», ի՞նչ բան, մենք ազգովի պետք է արժանի պատասխան տանք. «Պաշտպանվելը մեր գործը չէ, ամբողջ կյանքներս պաշտպանվել ենք, պետք է այլեւս ներող չլինենք, հակառակորդը մի զարկ է տալիս, մենք 11-ը պիտի տանք, մենք հո ուրիշինը չենք ուզում, մեր հողն ենք ուզում ու պաշտպանում: Ուրիշին պիտի չհավատանք, պատմությունը մեզ օրինակ, մեր ճակատագրի տերը մենք ենք ու մեր բանակի վրա պիտի հույս դնենք»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` 
Ղարաբաղյան 4-օրյա պատերազմում
վիրավորված Համբարձում Վարդանովը՝ ձախից:
«Առավոտ» օրաթերթ
13.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Փաստորեն երկրի նախագահը էս 18-19 տարեկան տղաների ոչ քաջությունը ունի, ոչ հայրենասիրությունը, ոչ կամքը, ոչ արժանապատվությունը…Խոսում է ինչ որ զիջումների մասին, խաղաղապահ զորքերի տեղակայման մասին, խաղաղ բանակցային պրոցեսի մասին… Այսինքն մի քսաներկու տարով էլի լոլոներ կարդաք, որ մի օր էլի էս օրը կրկնվի, հարձակվեն, մենք ուզենք հակագրոհ տանք էդ ժամանակ զանգի ցար Պուտինը, թե հերիք ա, կանգնեք ??? Առաջին արցախյան կռվի ժամանակ էդ նույն բանը չեղավ? Երկու անգամ նույն սխալը կրկնող մարդը ոնց է կոչվում????

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930