Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Զինվորները մինչեւ վերջին պարկուճը պայքարել են, խնդիրներն առաջացել են, երբ սպառազինությունն է վերջացել»

Ապրիլ 13,2016 21:30

«Ի՞նչ է նշանակում՝ ինն ամիս հետո նոր  պետք է պայմանագրի դրույթների իրականացման որոշում լինի, ինն ամիս հետո նոր սկսեն արագացնել: Կամ ՌԴ վարչապետը պետք է գար, հասներ այստեղ, նոր արագացնեի՞ն: Չէ՞ որ պայմանագիրը անցած տարվա հուլիսին է  եղել, արտահերթով բերեցին, քննարկեցին: Այս  կերպ չեն կառավարում, սա օպերատիվ աշխատանք է պահանջում»,- կարծում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Ապրիլի 15-ին նախատեսված Կառավարության նիստի օրակարգում «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի դրույթներն իրականացնելու մասին որոշման նախագիծն է:

Փաստորեն, կառավարությունն արագացնում է ռուսական 200 մլն դոլարի վարկով զենքի ներկրման գործընթացը:

Արմեն Մարտիրոսյանը համաձայնագրի դրույթներն իրականացնելու մասին որոշման նախագիծն ուշացած է համարում. «Պետք է կտրուկ քայլեր արդեն իրականացված լինեին: Հենց սպառազինության առաջին խմբաքանակը Ադրբեջան գնաց, Հայաստանն արդեն քայլեր պետք է ձեռնարկեր: Սա որեւէ ձեւով չի արդարացնում հիմիկվա  լայնամասշտաբ PR –ը, թե տեսեք, աշխատում ենք, ազգային շահ ենք պաշտպանում:

Անկախ նրանից, որ ոչ լեգիտիմ են, կեղծված ընտրություններով, ոստիկանական մահակով, մարտի մեկով են իրենց իշխանությունը պահում, միեւնույնն է, պետք է մեր անվտանգությունը ապահովեն, բայց սեփական շահի հետեւից են»:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի, քառօրյա պատերազմում հայ զինվորների ոչ միայն սպառազինումն է անհամաչափ եղել, այլեւ. «Կան խոսակցություններ, որ զինվորները մինչեւ վերջին պարկուճը պայքարել են, խնդիրներն առաջացել են, երբ սպառազինությունն է վերջացել:

Զինվորի սպառազինությունը երբեք չպետք  է կտրվի, պակասի: Թող իրենց վիլաները, ջիպերը , համակարգային կոռուպցիան, օֆշորային հաշիվները պակասեն: Սպառազինությունն այնպիսի իրավիճակում է վերջացել, երբ այնտեղ, երբեմն, ավտոմատով կարելի էր կռիվ անել: Այս ամենը իշխանությունների հանցավոր քաղաքականության արդյունք է, մեր զինվորներն իրենց արյամբ հատուցեցին: Մենք նորմալ դաշնակիցներ ունենալու, նոր սպառազինություն ձեռք բերելու, նորագույն տեխնոլոգիաներ կիրառելու բոլոր միջոցներն ունենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930