Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսանենգության գործով 6 կալանավորներ անժամկետ հացադուլ հայտարարեցին Շիրակի դատարանում

Ապրիլ 13,2016 21:45

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր Վրաստանից դեռեւս  2013 թվականին բեռնատարներով Հայաստան խոշոր չափի ապրանքներ՝ խոզի միս, սառեցրած հավ, սառեցրած ձուկ, մեքենայի յուղ, կահույք, անվադողեր տեղափոխելու փաստով մաքսանենգությանը օժանդակելու մեջ մեղադրվող վեց ամբաստանյալներ հացադուլ են հայտարարել: Նրանք են Ժորա Ասլանյանը, Վարուժան Վարդանյանը, Ալբերտ Ներսիսյանը, Ջհանգիր Ապրեսյանը, Բադրի Գումբերիձեն ու  Միխեիլ Դանելիան:

Այսինքն` նրանք, որոնք գտնվում են Արթիկ քրեակատարողական հիմնարկում: Բանն այն է, որ նրանց դեմ հարուցված քրեական գործը տեղում դոփում է. ամիսներ շարունակ դատական նիստեր տեղի չեն ունենում կալանավորներից մեկի՝ Տիգրան Գինոսյանի առողջական վատ վիճակի պատճառով: Շուրջ երկու տարի կալանքի տակ գտնվելու հետեւանքով վերջինիս առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, հիմա ստացիոնար բուժում է ստանում «Սուրբ  Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում:

Քանի որ հայտնի չէ, թե երբ նա կառողջանա ու  ի վիճակի կլինի  ներկայանալ դատական նիստերին, 6 ամբաստանյալները պահանջում են նրա գործն անջատել ընդհանուր գործից, քննել առանձին, սակայն դատարանը՝ դատավոր Հարություն Մովսիսյանի նախագահությամբ, երեք շաբաթ է քննարկում ու վերջնական որոշում չի կայացնում, դատական նիստերը հետաձգում է: Այսօր եւս դատական նիստը հետաձգել են՝ առանց այս հարցի քննարկման, որի պատճառով էլ ամբաստանյալները անժամկետ հացադուլ են հայտարարել: Այս մասին թե՛ բանավոր, թե՛ գրավոր տեղեկացրել են դատարանին՝ պահանջելով առողջական ծայրահեղ վատ վիճակում գտնվող Տիգրան Գինոսյանի մասը առանձնացնել ընդհանուր գործից:

Հիշեցնենք, որ  այս անձանց մեղադրանք է առաջադրվել ոչ թե մաքսանենգություն կատարելու, այլ պաշտոնատար անձի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, մաքսանենգությանը օժանդակելու համար: Սա պատժվում է 6-10 տարվա ազատազրկմամբ, մինչդեռ մաքսանենգությունը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Փաստաբանները առաջադրված մեղադրանքը  որակում են աբսուրդ, զավեշտալի:  Վարուժան Վարդանյանի փաստաբան Հրանտ Անանյանը վերջերս Aravot.am-ի հետ զրույցում ասել էր. «Նրանց առաջադրված մեղադրանքը չի համապատասխանում եւ չի էլ կարող համապատասխանել այն փաստերին, որոնք որ մեղսագրվում են այս մարդկանց: Եւ սա է պատճառը, որ այս անձիք գտնվում են կալանքի տակ ու այսքան երկար ժամանակ: Այլ կերպ ասած, եթե նրանց մեղադրանքը օբյեկտիվորեն վատագույնը պետք է լիներ միջին ծանրության, ներկայումս մեղադրվում են անձիք ծանր հանցագործության մեջ, դրա համար իրենց կալանքի տակ են պահում:

Զավեշտը հետեւյալն է, մեղադրում են, ասում են՝ լավ, դիցուք դուք մաքսանենգություն եք արել, բայց դուք մաքսանենգություն չեք արել, դուք օժանդակել եք մաքսային ծառայողի կողմից իր պաշտոնական դիրքի օգտագործմամբ, իր պաշտոնական դիրքը չարաշահելու եղանակով մաքսանենգություն իրականացնելուն: Այսինքն՝ եթե մաքսանենգը պիտի պատասխան տա մաքսանենգության կատարելու համար, որը նախատեսված է Քրեական օրենսգրքի 215 հոդվածի 1-ին մասով, հիմա ասում են՝ չէ, դու մաքսանենգություն չես կատարել, դու պաշտոնատար անձ մաքսային ծառայողի մաքսանենգությանը օժանդակել ես: Սա իրավական տեսանկյունից զավեշտ է»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930