Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. Տեր Պետրոսյանը «կոչ արեց» Սերժ Սարգսյանին միասին պայքարել Քոչարյանի դեմ

Ապրիլ 20,2016 23:00

«Շռայլություն է, որ երեք նախագահները միասին հանդես չեն գալիս, երբ հասարակությունը, բանակը համաձայնեցված, համախմբված գործում են: Դա ավելի կամբողջացներ համախմբվածությունը: Այս պահին նման իրավունք իրենք չունեն, մանավանդ, որ նրանք նաեւ մարդիկ են, ովքեր տիրապետում են ինֆորմացիայի: Թշնամին նույնն է, բանակցող կողմերը` նույնիսկ անձերով հիմնականում նույնն են»,- այս տեսակետը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հայտնել էր նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումից առաջ:

Նախագահների հանդիպումից հետո ինքը ողջունել է այդ հանդիպումը, քանզի դա պահի հրամայականն էր: Բայց, երբ այդ հանդիպումից օրեր անց կարդացել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը, մի քիչ վերապահում ունի. «Ինչ-ինչ, բայց նաեւ լավ հոգեբան է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչեցրած այդ լուրջ մեղադրանքներից հետո, ինքը շատ լավ գիտեր` ինչ հետեւանքներ են լինելու»:

Ռուբեն Հակոբյանի գնահատմամբ, տողատակում Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում էր`Սերժ Սարգսյան, արի միասին պայքարենք Ռոբերտ Քոչարյանի դեմ: «Ես կցանկանայի, որ ինքը դուրս գար այդ նեղ շրջանակից եւ ակնկալիքներից: Սրանում նաեւ կոնյունկտուրա կա: Ժամանակին փորձում էր Ռոբերտ Քոչարյանի հետ պայքարել Սերժ Սարգսյանի դեմ, ըստ իրավիճակի, հիմա էլ Սերժ Սարգսյանի հետ է փորձում պայքարել Ռոբերտ Քոչարյանի դեմ…Առաջնորդվելով «Բաժանիր, որ տիրես» հայտնի սկզբունքով»,- տարակուսում է մեր զրուցակիցը:

Ռուբեն Հակոբյանն, օրինակ, պատկերացնում էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին հրավիրեր`ասելով, որ միասին ենք եղել, եկեք միասին էլ մնանք, քանի որ երկուսին էլ ինքն էր հրավիրել Հայաստան:

Այս ամենով հանդերձ, մեր զրուցակիցը չի արդարացնում Ռոբերտ Քոչարյանի կեցվածքը. «Պետք է այս պահին ինքը ներկայանա: Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը չգիտեն Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեռագիրը: Չգիտեմ, կոնյունկտուրայի առումով ի՞նչ կշահի Տեր-Պետրոսյանը եւ իր ղեկավարած կուսակցությունը, բայց որ պետությունը դրանից ոչինչ չի շահի`վստահ եմ: Դրա համար ես կոչ կանեի, որ այս պահին նման բաներն առաջին պլան չբերեն»:

Ռուբեն Հակոբյանն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ Թուրքիայի նախագահին հաջողվում է լիդերություն ստանձնել իսլամական պետությունների կոնֆերանսում, իսկ այդ կոնֆերանսի հայտարարության մեջ տեղ գտավ այնպիսի նախադասություն, որ Արցախի հարցը միայն Ադրբեջանի հարցը չէ, այլ իսլամական պետությունների եւ «իսլամական հողը» պետք է ազատագրել:

Մեր զրուցակիցը ուշագրավ է համարում նաեւ այն, որ Ղրիմը, Պաղեստինը եւ Արցախը նույն հարթության վրա դրվեց: Ռուբեն Հակոբյանը կարծում է, որ մեր պահվածքը պետք է համարժեք լինի այս մարտահրավերներին ու համոզված է, որ մեր մարդկային, ինտելեկտուալ համախմբումը շատ հարցեր կարող է լուծել:

«Կուզենամ, որ նաեւ իշխանությունը վերջապես տեսնի`այս ժողովրդի հետ մի քիչ այլ լեզվով պետք է խոսել»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ չորսօրյա պատերազմից մի քանի օր անց կայացած ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ նման ցանկություններ չկան, մեր զրուցակիցը հակադարձեց. «Ճիշտ եք, բայց առայժմ չեմ ուզում վերջնական գնահատականներ տալ, որովհետեւ կարճ ժամանակ է անցել: Բայց ես սպասում եմ, որ արմատապես նոր մոտեցումներ պետք է լինեն`թե արտաքին, թե ներքին հարցերում: Տեսակի վերացման մասին է խոսք գնում, ու որպեսզի մեր տեսակը չվերանա, մենք պարտադրված ենք շատ բաներ վերանայել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930