Լրահոս
Օրվա լրահոսը

«Լիր արքայի» դերակատարներից մեկը ներկայացման օրերին թողել է բեմն ու մեկնել առաջնագիծ

Ապրիլ 20,2016 22:45

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Վիլյամ Շեքսպիրի «Լիր արքա» ներկայացման ապրիլյոթյան հասույթը՝ 500 հազար դրամ, փոխանցել է Արցախ: Այս մասին տեղեկանում ենք թատրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջից, որտեղ «Գյումրին ԱՐՑԱԽԻ» կողքին է» վերտառությամբ (հայկական երկրորդ պետության անվան բոլոր տառերը նրանք գրում են մեծատառով), տեղադրել են այս տեղեկատվությունը:

Aravot.am-ը Գյումրու թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանի հետ զրույցում պարզեց, որ թատրոնը միայն ֆինանսական օժանդակություն չի ցուցաբերել հայրենիքին, այլ դերասաններից մեկը՝ Արմեն Ավագյանը, որը երկու մանկահասակ երեխաների հայր է, լսելով պատերազմի վերսկսման մասին, անմիջապես առանց օր կորցնելու ինքնակամ մեկնել է դիրքեր:

Նա, ի դեպ, խաղում է «Լիր արքա» ներկայացման մեջ, իսկ ապրիլի 7-ին ներկայացման օր էր նշանակված, որի տոմսերը վաղուց սպառված էին: Տիգրան Վիրաբյանը հպարտորեն ասաց. «Սա շատ կարեւորում եմ, նա մեկնեց լուռ, անխոս, առանց ֆոտոների, սա մեր կողքին գտնվող մարդու, արվեստագետի տեսակի մասին է խոսում: Չնայած որ խիստ կարեւոր է նաեւ թիկունքում արվող կռիվը, այն կռիվը, որ մենք ենք անում, կռիվը տեսնում են առաջնագծում, թեպետեւ եթե լինի կարիքը, առավել քան վստահ եմ, որ մեր թատրոնի ողջ ստեղծագործական անձնակազմը՝ առանց սեռի պատկանելության կլինի առաջնագծում»:

Ըստ Տիգրան Վիրաբյանի, քանի որ թատրոնն աշխատում է դուբլյորային համակարգով, իրենք արագ ելքը գտել են, որպեսզի «Լիր արքա» ներկայացումը չտուժի: Մեր զրուցակցի ասելով, փոփոխությունը կատարել են մեծ հպարտությամբ, որովհետեւ գիտեին, թե ինչի համար են կատարում այն: «Ինչպես Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, ինչպես ցանկացած հայ, այնպես էլ Գյումրու դրամատիկական թատրոնը ու թատրոնում ցանկացած ստեղծագործող կարեւորում է իր Արցախի կողքին կանգնելու գաղափարը: Հատկապես ստեղծագործող մարդը շատ զգայուն է այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է: Չնայած այս ամենին՝ Գյումրու դրամատիկական թատրոնը պահպանեց իր խաղացանկի բոլոր ներկայացումները: Մենք հասկացանք, որ մենք պիտի խաղանք մեր ներկայացումները, գյումրեցին նորից պիտի լինի թատրոնում, թատրոնից պիտի ուժ ստանա, ինչպես արցախյան պատերազմի սկսման տարիներին Գյումրու թատրոնի դիմաց մեր հերոսների աճյուններ էր դրվում, գյումրեցին իրիկունը նորից լինում էր թատրոնում: Նայում էր հերոսական ոգով ներկայացումներ, խաղացանկում որոշակի փոփոխություն կար թեմատիկայի, այն ներկայացումներն էին, որտեղ խոսվում էր հայի, հայի կերպարի, բնութագրի մասին:

Ապրիլի այդ դժվար չորս օրերից հետո մենք տեսանք, որ ապրիլի 7-ին գյումրեցիները թատրոնում էին: Մենք ոտքի կանգնեցինք, հանգեցինք այդ հերոս տղաների հիշատակը, եւ գյումրեցիները իրենց երեկոն անցկացրեցին թատրոնում, թեեւ լուռ, թեեւ ոչ թատերական, երեկոյան տրամադրություններով… Ամեն դեպքում թատրոնն էլ իր խաղացանկում որոշակի փոփոխություններ էր արել այդ օրերին, եւ ներկայացվող ներկայացումները կոմեդիայի ժանրում չէին, հիմնականում այն ներկայացումներն էին, որոնք հարիր էին այդ շրջանին, եւ հանդիսատեսը չէր խուսափում թատրոն գալուց: Դրանից հետո ապրիլի 7-ի հասույթը Գյումրու դրամատիկական թատրոնը՝ տնօրենի գլխավորությամբ, որոշեց, որ պիտի փոխանցի ԱՐՑԱԽ, սա բոլորիս պարտքն էր, չեմ ուզում սրա վրա կենտրոնանալ, որովհետեւ դա ոչ թե ասելու է, այլ անելու է, ոչ թե խոսելու: Եվ մենք լուռ կատարեցինք այսպես ասած մեր հոգու պարտքը»-, ասաց Տիգրան Վիրաբյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930