Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիական ճգնաժամը ոչ միայն հարևան պետությունների և Եվրոպայի, այլև՝ ողջ միջազգային հանրության պատասխանատվության խնդիրն է

Ապրիլ 20,2016 23:45

Այս մասին ասված է ԵԽԽՎ քարտուղարությանը հանձնված Նաիրա Զոհրաբյանի ելույթում

Հարգելի գործընկերներ,

Սիրիական ճգնաժամի, չավարտվող ավերիչ այս պատերազմի հետեւանքը նաեւ միլիոնավոր փախստականներն են, ովքեր տանիք են փնտրում ողջ տարածաշրջանում, եւ դրա սահմաններից դուրս։ Հատկապես վերջին տարիներին մեր Վեհաժողովի օրակարգի թիվ մեկ հիմնախնդիրներից է փախստականների հարցը։ Հարց, որը վաղուց արդեն վերածվել է լրջագույն մարտահրավերի, եւ այս առումով մեր գործընկեր Անեթ Գրոթի զեկույցը անչափ գնահատելի է։ Հայաստանն առաջիններից էր, որ դատապարտեց Իսլամական պետության և ահաբեկչական այլ խմբավորումների կողմից Սիրիայի էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի հանդեպ աննախադեպ ոճրագործությունները։ Հիշեցնեմ՝ Սիրիայում ոչնչացվեցին նաեւ հայկական բնակավայրեր, ավիրվեցին հայկական մշակութային կոթողներ, հազարավոր մարդիկ բռնեցին գաղթի ճամփան։

Հարգելի գործընկերներ,

20 հազարից ավելի սիրիացի փախստական ապաստան է գտել Հայաստանում։ Սա զգալի թիվ է՝ ընդամենը երեք միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի համար։ Մենք մեր հայրենակիցների համար արել ենք եւ անելու ենք առավելագույնը։ Առավելագույնը՝ մեր հնարավորությունների եւ ռեսուրսների սահմաններում։ Մեր երկրի օրենսդրության մեջ կատարվել են մի շարք փոփոխություններ՝ սիրիացի մեր հայրենակիցների կարիքները շատ ավելի ճկուն եւ օպերատիվ հոգալու համար. լուծվել են սոցիալական, կրթական, առողջապահական բազմաթիվ խնդիրներ։ Սակայն, հավերժ թվացող այս պատերազմից մի կերպ փրկված մեր հայրենակիցները դեռեւս բազմաթիվ չլուծված խնդիրներ ունեն, եւ բոլորս էլ հասկանում ենք, որ նման խնդիրների համալիր լուծումը մեկ առանձին վերցրած պետության ուժերից վեր է։ Ես համաձայն եմ զեկուցողի հետ, որ նրանք, ովքեր փախչում են սիրիական հակամարտությունից՝ միջազգային պաշտպանության լիիրավ իրավունք ունեն։ Ինչպես նաեւ՝ համաձայն եմ, որ սիրիական ճգնաժամը ոչ միայն հարևան պետությունների և Եվրոպայի, այլև՝ ողջ միջազգային հանրության պատասխանատվության հարցն է:

Հումանիտար նման ահռելի ճգնաժամերը, ինչպիսին սիրիական ճգնաժամն է, հնարավոր է հաղթահարել միմիայն համատեղելով ջանքերը, ինչի պայմանավորվածություն, կարծես թե ձեռք էր բերվել լոնդոնյան խորհրդաժողովի ժամանակ։

Հարգելի գործընկերներ,

Փախստականներին ապաստան տված երկրներին աջակցություն ցուցաբերելը չպետք է տարբերակված լինի եւ փախստականները, անկախ նրանից, թե ո՞ր երկրում են ապաստան գտել, պետք է ունենան միեւնույն պաշտպանվածությունը։ Հայաստանը նույնպես ունի միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցության կարիքը՝ սիրիացի փախստականների հումանիտար առաջնահերթ խնդիրները հոգալու համար։

Որեւէ մեկը չի կարող ասել, թե ե՞րբ վերջ կդրվի սիրիական հակամարտությանն ու հումանիտար այս ճգնաժամին։ Մինչդեռ, Սիրիայից ամեն օր ու ամեն ժամ հազարավոր փախստականներ տարբեր երկրներում ապաստան են խնդրում, ու նրանք բոլորը մեր օգնության կարիքը ունեն։ Օգնություն, որը պետք է լինի հավասար բոլորի համար եւ արդարացի՝ բոլորի հանդեպ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930